Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչները դժգոհ են քարոզարշավում գովազդների բարձր գներից

Հունվար 10,2017 15:05
reklam

Երեկ հրապարակվեցին 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի գները: Ըստ այդմ, Հանրային հեռուստաընկերությունը մեկ րոպե վճարովի եթերաժամանակի համար սահմանել է 60 հազար դրամ, նույն գինն է սահմանել նաեւ Հայկական երկրորդ հեռուստաալիքը: Ամենաթանկ գները սահմանել են «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները`մեկ րոպեն 100 000 դրամ: Այս համեմատության մեջ բավական համեստ գներ են սահմանել «Երկիր մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները`մեկ րոպեի համար համապատասխանաբար 25 000 եւ 18 000 դրամ:

Տարբեր կուսակցություններում թերեւս դեռ ամբողջովին չեն հասցրել ուսումնասիրել գովազդի գները, սակայն, նաեւ նախկինի «դառը փորձից» ելնելով, կարծում են, որ դրանք չհիմնավորված բարձր են: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Aravt.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց նման բարձր գների համար, մանավանդ, որ այս տարիների ընթացքում տնտեսական աշխուժությունը նվազել է. «Հանրապետությունում փողեր չեն դրվում, բիզնես չի արվում ու անհասկանալի է, թե ինչո՞ւ են այդ գները նույնը մնացել: Այսինքն, Հայաստանում փող էլ չկա»:

Մյուս կողմից, մեր զրուցակիցը նկատում է. «Բայց, քանի որ մեծ դիապազոնի հեռուստաընկերությունները քիչ են, խնդիր է դառնում: Իրենք թելադրում են, փաստորեն»: Իրենք այս հարցն, իհարկե, կբարձրացնեն, բայց մեր զրուցակիցը չի կարծում, որ փոփոխություններ կլինեն: Եթե անգամ լինեն էլ, ապա`շատ աննշան:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս առիթով մեզ հետ զրույցում ասաց, որ չի հասցրել ուսումնասիրել, ուստի չի կարող հստակ կարծիք արտահայտել: «Համենայնդեպս, մեկնաբանություններ եւ հիմնավորումներ են պետք նման գների համար: Դրանից հետո նոր միայն մեկնաբանություններ կանենք»,- ասաց նա:

Aravot.am-ի հստակեցնող հարցին`իսկ իշխող ուժի «գրպանին հարմա՞ր» են նման գները, մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ, որ պետք է հասանելի լինեն: Որ չեմ ուսումնասիրել, չեմ տիրապետում, չեմ կարող ավելի հստակ ասել, բայց բոլորի համար հասանելի գներ պետք է լինեն»:

«Հայկական վերածնունդը» ներկայացնող Հովհաննես Մարգարյանն այնպիսի տպավորություն ունի, որ ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ չկարողանան ժողովրդի հետ շփվել, ծրագրեր ներկայացնել: «Անընդունելի է այս վիճակում այսպիսի գներ սահմանել: Ariel-ի գովազդն ու քաղաքական կուսակցությունների ծրագրերի ներկայացումը տարբեր բաներ են: Մանավանդ, քարոզարշավն այնպիսի ամիսների է ընկնում, որ հնարավոր էլ չէ ժողովրդի հետ անմիջական շփումներով քարոզարշավ կազմակերպել: Գյուղերում շրջելու համար ոչ բարենպաստ պայմաններ են»,- ասաց նա`դժգոհություն հայտնելով, մասնավորաբար, Հանրային հեռուստաընկերության քաղաքականությունից: Իր կարծիքով, նման իրավիճակից խուսափելու համար գոնե անվճար եթերի տեւողությունը կարելի է ավելացնել:

Նկատենք, որ անվճար եթերաժամանակը 2-3 րոպե է սահմանված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031