Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ մեր որ պապերի ադաթն է խոզի բդով սեղան նստել». գյումրեցիներից շատերը Ամանորը նշել են Թբիլիսիում

Հունվար 10,2017 14:30

Ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարները փաստում են, որ քիչ թե շատ կայուն աշխատանք ունեցող գյումրեցիներից շատերն Ամանորը նշել են Թբիլիսիում: Ի դեպ, նրանց թվում կան նաև պետական պաշտոնյաներ, որոնց Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք հորդորում էին հանգիստն անցկացնել Հայաստանում կամ Արցախում, որպեսզի գումարը ծախսվեր հայկական հանգստավայրերում:

Թբիլիսիում ընտանիքով Ամանորը նշած թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, արեւելագետ Արտակ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը հարևան երկրի մայրաքաղաքում տոները նշելու, գրավիչ միջավայր ու պայմաննե՞ր են ստեղծված այնտեղ ավելի ուրախ օրեր անցկացնելու:

«Չէի ասի ավելի գրավիչ պայմաններ են ստեղծված կամ Թբիլիսին ավելի շքեղ է զարդարված…Ո՛չ, այս քաղաքը Խորհրդային շրջանից առաջ չի եկել, ծառայություններն էլ բարձր մակարդակի վրա չեն: Պարզապես մեր դեպքում տնից փախնելու միջոց է, ավելի խաղաղ է այնտեղ: Ավելի շատ գումար չունեի Ամանորն այլ տեղ նշելու, դրա համար նախընտրեցի Թբիլիսին: Նախորդ տարի տոներն անցկացրել եմ Արցախում, այս տարի, որպեսզի փոփոխություն լինի, գնացինք Թբիլիսի: Ամանորին տնից տուն ընկնելը հոգնեցնում է մարդկանց, ու չգիտեմ, թե մեր որ պապերի ադաթն է խոզի բդով սեղան նստելը…Հայկական ավանդույթները սեղան գցելիս, բնականաբար, չեն պահպանվում, անվերապահ կորցրել ենք մեր ավանդույթները:

Թբիլիսի գնալն էլ թանկ չի նստում, եթե զբոսաշրջային փաթեթներից չես օգտվում, մեկ անձի համար ծախսը մոտավորապես 150 դոլար է նստում: Ասելս այն է, որ սովորական, նվազագույն աշխատավարձ ունեցող ծառայողին էլ հասանելի է Թբիլիսին: Իհարկե, կան նաեւ տուրիստական խմբեր, որոնք ամեն ինչ անում են 5-օրյա հանգիստը գրավիչ դարձնելու, փորձում են այդ հինգ օրվա ընթացքում ման տալ բոլոր տեսարժան վայրերը: Փաթեթի արժեքը սկսվում է մի հոգու համար՝ 150 դոլարից», -ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031