Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանում «Նատաշաներից» ու հայ տղամարդուց ծնված առաջին իսկ սերնդի վրա կարելի է ընդմիշտ խաչ քաշել»

Հունվար 10,2017 14:52

Ըստ Սարգիս Հացպանյանի՝ հայերի դեմ ռուսական
գերհզոր զենքը «Նատաշաներն են»

Օրերս Սարգիս Հացպանյանի մեկնաբանությունը ֆեյսբուքյան էջում, որը վերաբերում էր «Մարաշլեան» ստուդիայի հայ կնոջ եւ սեւամորթ տղամարդու ընտանիքի՝ հայկական տարազով լուսանկարին, բուռն քննարկման թեմա էր դարձել:

Հիշեցնենք, որ պարոն Հացպանյանը խայտառակություն է անվանել այս լուսանկարը: «Էջում տեղադրված հայուհու իբր թե սեւամորթ տղամարդու հետ կազմած ու, չգիտես ինչու, հին հայկական տարազներով համեմված «ընտանեկան» լուսանկարը խայտառակություն է, էլ չեմ ասում փոքրիկ Տիգրանիկի մասին, որ ըստ իս՝ մեր աննման արքայից արքայի անվանը պատիվ չի բերում… ուզում էի, որ իմանաք»,- այսպիսի գրառում էր արել Սարգիս Հացպանյանը։

Այս առնչությամբ «Առավոտը» մի քանի հարց ուղղեց պարոն Հացպանյանին: Թե ինչո՞ւ է խայտառակություն համարում այդ լուսանկարը՝ մեր հարցին ի պատասխան Հացպանյանն ասաց. «Ես ոչ միայն լուսանկարն եմ խայտառակություն համարել, այլեւ համացանցում դրա տարածումն ու հայրենի բնակչության այսպիսի էժան եւ պրիմիտիվ ձեւով մատուցմամբ կատարվող անընդունելի քարոզչության, իմ կարծիքով, խառնամուսնություն կոչված աղետաբեր երեւույթը իբրեւ «երջանկություն» ներկայացնելու փորձի դեմ իմ վրդովմունքն եմ արտահայտել։ Լինելով նախկին սփյուռքահայ՝ կարելի է ասել, խառնամուսնությունների հետ կապված «տառապանքս փորձ ունի», եւ իմ հայրենիքից դուրս ապրող հայ մտերիմներից շատ շատերի՝ այլազգիների հետ ամուսնանալու անհանդուրժելի հետեւանքները բավականին լավ իմանալով՝ այդ առթիվ իմ տեսակետը շատ վաղուց է ձեւավորվել»։

Պարոն Հացպանյանի ներկայացմամբ՝ ինքը, որպես սփյուռքահայ, որը 27 տարի առաջ է Փարիզից տեղափոխվել Երեւան, լուսանկարը տեսնելիս առաջին միտքը, որն ունեցել է, այն է՝ «Աստված իմ, եթե հայոց ոստանում էլ խառնամուսնություններին հասանք, ու այս երեւույթը համացանցով այսպես բացեիբաց է պրոպագանդվում, կորած ենք»:
Ըստ Հացպանյանի՝ նախ լուսանկարի հեղինակներին է գրավոր հայտնել իր վրդովմունքը, նրանցից ստացած պատասխանից հետո նոր հրապարակել լուսանկարն ու իր հայտնի մեկնաբանությունը:

Պարոն Հացպանյանը հետո հեռացրել էր իր էջից լուսանկարը, թե ինչո՞ւ, ասաց. «2017-ի հունվարի 5-ի երեկոյան ուշ ժամերին տեղեկանալով «Photo Atelier Marashlyan» անվամբ ֆեյսբուքյան օգտատերի էջում տեղադրված աղմկահարույց լուսանկարի՝ իրենց կողմից հանված լինելու փաստին՝ էթիկայի պահանջով ես եւս իմ անձնական էջում կիսված նյութը ջնջել եմ անմիջապես»:

Հացպանյանը կրկին անդրադառնալով լուսանկարին՝ ասաց, որ իր համար նախ՝ հայկական տարազով զգեստավորված ոչ հայի կերպարն էր անհասկանալի, որ այդտեղ, ըստ նրա, ամենաճչացողն էր. «Իրենց տիրանալ ցանկացող այլազգիներին չհանձնվելու համար իրենք իրենց ժայռերից անդունդ եւ Եփրատ ու Տիգրիս քցած մեր տասնյակ հազարավոր հայուհիների մասին մեր պատմությունը բազմաթիվ դաժան էջեր է գրել։ Նրանք հենց միայն իրենց հագին հայկական տարազներով էին մեր աշխարհից հեռացել։ Իմ թե՛ աբդուլհամիդյան եւ թե՛ երիտթուրքերի կառավարման ժամանակահատվածում տեղի ունեցած ցեղասպանությունից մազապուրծ երկու տատիկն էլ իրենց երկրային կյանքի վերջին պահերին մահը, սեփական ցանկությամբ, իրենց հայկական տարազները հագած վիճակում են դիմավորել ու այդպես էլ թաղվել։ Հասկանո՞ւմ եք, հայկական տարազն ինձ եւ, վստահ եմ, ինձ նման հազարավոր հայերի համար ինչ է նշանակում»։

Պարոն Հացպանյանը վստահեցրեց, որ իր համար լուսանկարի տղամարդու սեւամորթ լինելը չէր խնդրահարույցը, այլ այն, որ հայկական տարազի, պատմության եւ մշակույթի հետ կապ չունեցող մեկն է. «Նրա սեւամորթ լինելը ինձ համար բոլորովին խնդրահարույց չի եղել. եթե նշված այլազգին լիներ չինացի, ֆրանսիացի, ռուս, գերմանացի, պարսիկ կամ չուկչա եւ այլն, հակազդեցությունս նույնը կլիներ ու կլինի 20-30 տարի հետո էլ»:
Այդքան քննարկված ընտանիքի փոքրիկի՝ Տիգրանի վերաբերյալ էլ Հացպանյանն ասաց. «Փոքրիկի անվանումը կարծես թե գալիս է ամբողջացնելու այս ամենում բաց թողնվածը, եւ ում՝ ում, գոնե ինձ տանել-հասցնելով մինչեւ հայոց արքայից արքա՝ Տիգրան Մեծ։ Ուստի շատ բնական զարմանքի է վերածվում Տիգրան անձնանվան այլազգի մեկի կողմից կրելու երեւույթը։ Ինձ տարօրինակ ու անսովոր է թվում հայ մարդու, օրինակ՝ բացի շեքսպիրյան ստեղծագործությունից հայտնի, Համլետ անվան պես աշխարհում ուրիշ եւ ոչ մի տեղ չհանդիպող անունը կրելը, այդքան անհասկանալի է լուսանկարում պատկերված փոքրիկի Տիգրան կոչվելը»։

«Առավոտի» այն դիտարկմանը, որ համացանցում Հացպանյանին մեղադրում են ռասիզմի եւ սեւամորթ տղամարդու հանդեպ խտրական վերաբերմունքի համար, վերջինս այսպես պատասխանեց. «Կրկնեմ՝ ինձ մտահոգողը ոչ մի դեպքում լուսանկարում պատկերված տղամարդու մաշկի գույնը չէր, ամենեւին։ Եթե նա պատահաբար դեղնամորթ, կարմրամորթ, սպիտակամորթ կամ այլմոլորակային էլ լիներ, միեւնույն է՝ ես իմ կարծիքը կհայտնեի անպայման։ Դեր-Զորից փրկված իմ Հռիփսիմե տատը շատ էր սիրում կրկնել՝ «Հայի տղան հայ աղջկա հետ պիտի ամուսնանա անպայման, հայ աղջիկը՝ հայ տղայի»: Ուստի ես՝ տատուս նման պատգամով հասակ առածս, երբեք չեմ կարող հայ տղամարդու կամ հայ աղջկա՝ որեւէ այլազգու հետ ամուսնությունը բնական համարել կամ այդպես ընկալել։ Ինձ համար նման փոխհարաբերությունները խիստ մերժելի են»:

Մեր այն հարցին էլ՝ արդյոք դե՞մ է միջազգային ամուսնություններին, Հացպանյանը պատասխանեց. «Այո, բնականաբար, դեմ եմ։ Քանի որ լինելով բնապաշտ՝ չեմ կարող բնության հակառակ քայլ կատարել։ Իսկ ինձ համար երկրագնդի մայրը համարվող բնությունը այդ հարցը սքանչելիորեն կարգավորել է՝ կենդանական աշխարհի ոչ մի էակ իր տեսակից դուրս գտնվող տեսակի հետ չի զուգավորվում, այս մի տեսակը այդ մի տեսակից սերունդ չի ունենում ու բազմանում»։

Ձեզ նույնչափ մտահոգո՞ւմ է արդյոք հայերի ՝ տարբեր ազգերի հետ ամուսնությունները, օրինակ՝ շատ են հայերի եւ ռուսների միջեւ ամուսնությունները՝ մեր այս հարցին Հացպանյանն այսպես պատասխանեց. «Ռուսաստանն իր դեպի հարավ աշխարհաքաղաքականությունը մշտապես եւ առանց որեւէ փոփոխության վարել ու այժմ էլ վարում է հայության ամենաչնչին ու նվազագույն շահերի անտեսման հաշվին։ Նրանց իշխանությունները, իմ անկեղծ համոզմամբ, ոչ միայն մեր ազգի ֆիզիկական գոյության, այլեւ հայոց պետականության գոյատեւման առաջ կանգնած ամենալրջագույն խոչընդոտն են։ Ուստի ես ամենաշատը հենց նրանցից եմ զգուշանում, վախենում, ու մեզ սպառնացող ամենամեծ վտանգը ոչ թե արեւելք կամ արեւմուտքից է, այլ հյուսիսից եմ սպասում։ Իսկ մեզ՝ հայերիս, մշտապես օգտագործելով, երբեւէ ոչ մի բանի տեղ չդնելով, շահագործած՝ ռուսաստանյան իրականությունում ամենավախենալին ու գերհզոր զենքը իրենց, այսպես կոչված, «Նատաշաներն» են։ Հայը՝ խոսքն այս դեպքում հայ տղամարդկանց է վերաբերում, ամենաանելանելի իրավիճակներում ցանկացած դժվարություն ու խոչընդոտ հաղթահարելուն ունակ է՝ բացի երեւի ռուս կանանց քմահաճ ցանկություններին եւ իշխանությանը կամովին ենթարկվելով, հլու-հնազանդ հպատակվելու անարժանապատիվ կարգավիճակի դեմ հարկ եղած ձեւով դիմադրելուց։

Ու եթե իմ այդ ռուս կոչածն էլ իրականում ոչ թե ռուս, այլ շատ պատահաբար ուղնուծուծով սիոնիզմին նվիրված ծագումով հրեա դուրս եկավ, որոնք իբրեւ հազարամյակներ ի վեր փորձված կանոն՝ երբեք չեն բացահայտում իրենց իսկական ինքնությունը, կորած ենք ընդհանրապես։ Նույնիսկ «Թուրքիայի Հանրապետություն» կոչված վարչական տարածքում կամ չգիտեմ էլ որտեղ, 1, 2, 3, 4, 5, գուցե 6 սերունդ իր ազգային ինքնությունը այս կամ այդ ձեւն ընդունելով՝ թեկուզ իսլամադավան լինելու պարագայում նույնիսկ կարող է մի կերպ պահպանել, սակայն ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ իբր թե քրիստոնյա համարվող Ռուսաստանում «Նատաշաներից» ծնված առաջին իսկ սերնդի վրա կարելի է ընդմիշտ խաչ քաշել»։

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

10.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Մ.թ.ա. 94-91 թվականներին Տիգրան Մեծը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ:

    Մի ծավալուն և անկեղծ հարցազրույց էլ այս աղաղակող և խայտառակ փաստի առթիվ կուզենայի ընթերցել:

  2. ԺԻՐԱՅՐ says:

    ՏԻԳՐԱՆ ՄԵԾԸ ԲՌՆԻ ՈԻԺՈՎ ԵՎ ՀԱՂԹՈՂԻ ԻՐԱՎՈԻՆՔՈՎ ՀԱՏՈԻԿ ՄԻՋԱԳԵՏՔԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐԵԼ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀՐԵՀՈԻՀԻՆԵՐԻ “ԱԶԳԻ ԱՐՅՈԻՆԸ ԹԱՐՄԱՑՆԵԼՈԻ ՀԱՄԱՐ”! ՍԱ ԷԼ Է ԽԱՅՏԱՌԱԿ ՓԱՍՏ??

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031