Ներքին միջավայրում տարին մեկնարկում է տնտեսության համար այնպիսի խթանների առկայությամբ, ինչպիսին է էներգակիրների էժանացումը։ Դա վերաբերում է առաջին հերթին երկնագույն վառելիքին։ Տնտեսական հատվածը հունվարի 1-ից 6 տոկոսով (կամ 15,5 դոլարով) պակաս կվճարի օգտագործված գազի դիմաց։
Էժանացումը շատ ավելի առարկայական կլինի ջերմոցային տնտեսության եւ վերամշակմամբ զբաղվող որոշ ճյուղերի համար։ Այն կկազմի ավելի քան 45 դոլար։ Մի բան, որ լավ նախադրյալ է ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ ներդրումային ակտիվության համար։
Դրական սպասումներ կան նաեւ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների աշխուժացման առումով։ Ակնկալվում է, որ Իրանի նախագահի այցից հետո այդ գործընթացները կակտիվանան։
Տարեսկզբին որոշակի դրական միջավայր է ձեւավորվել նաեւ արտաքին հատվածում։ Խոսքը անցած տարվա վերջից միջազգային շուկայում նկատվող դրսեւորումների եւ հիմնական գործընկեր երկրների, մասնավորապես Ռուսաստանի տնտեսության մեջ եւ ֆինանսական շուկայում տիրող նպաստավոր իրավիճակի մասին է։
Կարդացեք նաև
Պղնձի եւ նավթի գներն անցած տարի գտնվում էին գնանկումային փուլում։ Տարվա ընթացքում դրանք կարծես հասան հատակին։ Ավելին՝ տարեվերջին նույնիսկ բավականաչափ բարձրացան եւ այժմ էլ պահպանվում են նույն մակարդակում։
Ակնկալվում է, որ այդ միտումը կշարունակվի նաեւ այս տարվա ընթացքում։
Տարին կայուն վարքագծով է մեկնարկում նաեւ ռուսական ռուբլին, այն 2016թ. սկզբի համեմատ նաեւ բավականաչափ ամրապնդվել է։ Մի բան, որ էական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության ինչպես արտահանելի հատվածի, այնպես էլ այս շուկայից ստացվող ֆինանսական հոսքերի առումով։
Այդպիսով ակնհայտ է, որ տարվա մեկնարկին տնտեսության համար գոյություն ունեն ինչպես որոշակի ռիսկեր, այնպես էլ դրական նախադրյալներ։ Այլ հարց է, թե դրանք ինչպես կդրսեւորվեն իրական հատվածում։
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում