Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր Հաշեմի Ռաֆսանջանին

Հունվար 10,2017 11:37

(Իրանի չորրորդ նախագահի մահվան առիթով)

Այսօր Թեհրանում մեծ շուքով կատարվեց Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցիկ հոգևորականներից Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավորությունը․ իշխանություններն արտոնել էին, որպեսզի նրա դին ամփոփվի Իսլամական հեղափոխության առաջնորդ և պետականության հիմնադիր Իմամ Խոմեյնիի դամբարանում։ Պրն Ռաֆսանջանին երկրի ներկայիս առաջնորդ այաթօլլահ Խամենեիի հետ եղել է Իմամ Խոմեյնիի աշակերտներից, նրա գաղափարների իրագործման համար պայքարել է շահական վարչակարգի դեմ, սկսած 1961 թվականից ութ անգամ բանտարկվել է և համարվում է իսլամական հեղափոխության հիմնադիրներից․ հեղափոխություն, որը հաղթանակեց 1979 թվականի փետրվարին և հիմնադրվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Հանգուցյալը քառասուն տարի եղել է Իրանի քաղաքական կյանքի երկնակամարում, սկսած 1980 թվականից երկու շրջան ղեկավարել է իսլամական խորհրդարանը, եղել է հեղափոխության առաջնորդի լիազոր ներկայացուցիչը Իրան-Իրաք պատերազմի կենտրոնական շտաբում․ Իմամ Խոմեյնիի մահվանից հետո (1989 թ.), երբ գործող նախագահ պրն Խամենեին ընտրվեց որպես պետության առաջնորդ, Ռաֆսանջանին դարձավ երկրի նախագահ և պաշտոնավարեց մինչև 1997 թվականը։ Նա անդամակցել է նաև Իրանի Բանիմացների (Սահմանադրական) ժողովին և մինչև իր մահը եղել է «Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող մարմնի» նախագահ։

Իրանի Հիմնական օրենքի համաձայն՝ հեղափոխության առաջնորդն է համարվում երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը և Իմամ Խոմեյնին իր հիվանդության օրերին, պրն Ռաֆսանջանիին փոխանցեց զինված ուժերի ղեկավարման գործը, որը պահպանեց մինչև նոր առաջնորդի ընտրությունը․ հանգուցյալը համարվում է նաև Իրաքի դեմ պատերազմի գլխավոր հաշտարարը, որը հաջողեց Իմամին համոզել՝ ընդունելու Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության Խորհրդի խաղաղության բանաձևը և վերջ տալ ութամյա պատերազմին։ Իմամ Խոմեյնիի մահվանից հետո Սեյեդ Ալի Խամենեին Բանիմացների ժողովի կողմից առաջնորդ ընտրվեց հենց պրն Ռաֆսանջանիի առաջարկով։

Հաշեմի Ռաֆսանջանին համարվում էր չափավորական և բարեփոխական գործիչ․ նա փորձում էր իր հեղինակությամբ ու ազդեցությամբ մեղմացնել երկրի արմատական թևի ծայրահեղությունները։ Իր նախագահության ժամկետի ավարտին երկրի նախագահ ընտրվեց պրն Խաթամին, որը ևս չափավորականի համբավ ուներ։ Հաշեմի Ռաֆսանջանին 2005 թվականին կրկին անգամ փորձեց նախագահ դառնալ, բայց այս անգամ պարտվեց պրն Ահմադինեժադին․ նա 2009 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանեց պրն Մուսավիի թեկնածությունը, որը հաջողություն չունեցավ։ 2013 թվականի նախագահական ընտրություններում ի զարմանս բոլորի, Սահմանադրության Պահապան խորհուրդը տարիքը պատճառաբանելով մերժեց գրանցել Ռաֆսանջանիի թեկնածությունը և նա աջակցեց թեկնածու պրն Ռուհանիին, որը և հաղթեց։

Հաշեմի Ռաֆսանջանիի մահը մեծ արձագանք է գտել Իրանում և ամբողջ աշխարհում․ պետության առաջնորդ Խամենեին և նախագահ Ռուհանին մասնակցել են նրա վերջին հրաժեշտի արարողության, աղոթել և ցավակցություն են հայտնել․ առաջնորդն իր ցավակցական խոսքում հայտնել է, որ նա կորցրել է իր հնագույն ընկերներից մեկին․ Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել աշխարհի շատ երկրների ղեկավարներ, գրել է միջազգային մամուլը։

Ռաֆսանջանին Հայաստան չի այցելել, բայց 1992 թվականի մայիսին Թեհրանում ընդունել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին․ Իրանն այդ օրերին ակտիվացրել էր իր միջնորդական ջանքերը Ղարաբաղի հարցի լուծման համար։

Հանգուցյալը մեծ հարգանք էր վայելում իրանաբնակ հայերի մոտ․ նա թե որպես երկրի խորհրդարանի նախագահ և թե որպես հանրապետության նախագահ լավատեղյակ էր հայ համայնքի հարցերին և անգամներ անձամբ ընդունել է հայերի հոգևոր առաջնորդներին և խորհրդարանի հայ պատգամավորներին, լսել է նրանց և արագ կերպով արձագանքել է խնդրանքներին։

Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իրանահայ եկեղեցական թեմերի առաջնորդներն ու համայնքային մարմինները։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031