Լրահոս
Օրվա լրահոսը

 Տավուշի մարզպետը՝ սահմանը շրջանցող «կյանքի ճանապարհի» վերանորոգման մասին

Հունվար 10,2017 10:30

2001-2002 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Ճանապարհը կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Դրա շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար: Ճանապարհը կառուցվել է ճանապարհաշինական կանոնների բազմաթիվ խախտումներով, ասֆալտի ծածկի հողե հենքը լավ չի ամրացվել: Նախկինում Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Երեւան էին հասնում Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհով: 2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ է միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը: Գրեթե 4 ամիս 40 տոննանոց «ֆուռերը»  երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այդ ճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածի ասֆալտի բարակ շերտը չի դիմացել ծանրաքարշ մեքենաների ճնշմանը: 14-15 տարի առաջ կառուցված ճանապարհի շատ տեղերում ասֆալտի ծածկը քանդվել, ձեւախեղման է ենթարկվել: Վարորդները փորձելով խուսափել փոսերից՝ հայտնվում են հանդիպակած գոտում, վթարային իրավիճակ է ստեղծվում:

Տարեմուտից առաջ, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսին հարցրինք՝ ե՞րբ կնորոգվի Ոսկեպար-Կիրանց «կյանքի ճանապարհը»: Նա ասաց, որ ինքն ամեն օր երթեւեկում է 70-75 կմ երկարությամբ Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով, լավ գիտի դրա վիճակը, կիսում է այդ կապակցությամբ մեր մտահոգությունները: Ոսկեպար-Կիրանց ճանապարհի խնդրին տեղյակ են Հայաստանի նախագահն ու վարչապետը: Եվրամիության հատկացրած 150 միլիոն եվրոյով 1.5-2 տարի ժամկետում ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխան, Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհ է կառուցվելու: Հովիկ Աբովյանն ասաց, որ Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհի գործարկումից 15 տարի է անցել,այն ընթացքում անխափան ծառայել է, իսկ ճանապարհի շինարարության որակի մասին կարող են կարծիք հայտնել մասնագետները:  Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի ընթացիկ եւ ձմեռային պահպանության համար պետբյուջեից գումարներ են հատկացվում, նպատակային ձեւով օգտագործվում, փոսային նորոգումներ են կատարվում:

Մարզպետն ակնկալում է, որ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի հիմնանորոգումից հետո  Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհը կբարեկարգվի, կդառնա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031