«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցներն այսօր կրկին իրենց նույն պահանջով բողոքի ցույցի էին դուրս եկել:
Չվճարված աշխատավարձերը ստանալու պահանջը գործարանի բակում էր հավաքել գործարանի նախկին ու ներկա աշխատակիցներին:
Նախկին աշխատակից Հրաչիկ Մարտիրոսյանը Aravot.am-ին պատմեց, որ փորձել են տեսնել ու զրուցել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ, բայց տեղեկանալով, որ նա քաղաքում չէ կրկին դիմել են մարզպետ Արթուր Նալբանդյանին:
«Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց , որ խնդրով զբաղվում են, մինչև այս ամսվա վերջ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է մարզ գա, ասաց՝ սպասենք, մինչեւ գա»,- մարզպետի հետ հանդիպման մասին պատմեց ցույցի մասնակից գործարանի նախկին աշխատակիցը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ցուցարարներից շատերը վերջին աշխատավարձը ստացել են անցած տարվա հոկտեմբերին, տարեվերջի երկու չվճարված աշխատավարձերից բացի, գործարանի տնօրինությունը նրանց պարտք է մնացել նաեւ մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձերը:
Մեր զրուցակից Հրաչիկ Մարտիրոսյանն աշխատանքից արդեն մեկ ու կես տարի է՝ դուրս է եկել, բայց դեռ չի ստացել 2011 թվականի աշխատավարձը. «2010-ին «Վանաձորի Քիմպրոմի» մաս հանդիսացող Վանաձորի ՋԷԿ-ը օտարվեց «Ռեգիոն- էներջի» կազմակերպությանը, որի տնօրեն նշանակվեց Կարեն Մանուկովը, նա, ըստ մեր տեղեկությունների, Արդշինինվեստբանկի ղեկավար կազմում էր:
Սրանից ենթադրություն ենք անում, որ այդ կազմակերպությունը Արդշինինվեստ բանկի դուստր ձեռնարկությունն էր: «Ռեգիոն-Էներջին» մեկ տարի աշխատելուց հետո սնանկ ճանաչվեց, լուծարվեց, մեզ էլ նոյեմբերի մեկին տեղափոխեցին «Վանաձոր Քիմպրոմ»՝ չվճարված վերջնահաշվարկով ու մի քանի ամիսների աշխատավարձերով:
Աշխատակիցներով դատարան ենք դիմել, շահած դատ էլ ունենք, 140 միլիոն մեզ՝ 100 աշխատակիցներիս պետք է վճարեն 2011 թվականի հուլիս, օգոստոս սեպտեմբեր ամիսների աշխատավարձերը, բայց դե այդ գումարները գրվեցին սառույցին: Մարզպետն էլ է ասում՝ չեմ կարող օգնել, դատարանով պետք է հասնեք խնդրի լուծմանը, ասաց՝ կաշխատեմ վարչապետի հետ հանդիպում կազմակերպել, ձեր խնդիրը բարձրաձայնեք, իսկ ինչ մնում է, որ այդ հարցի լուծման տարբերակներ գտնեմ՝ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ