Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի գովազդային սակագները՝ ներկայացված հեռուստա և ռադիոընկերությունների կողմից:
Ըստ այդմ՝ քաղաքական գովազդի հեռարձակման համար ամենաբարձր սակագինը սահմանել են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 1 րոպեի դիմաց՝ 100 հազար դրամ:
Ի համեմատ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների՝ այս հեռուստաընկերությունների գովազդային սակագները նվազել են: «Շանթի» դեպքում 20 հազար դրամով, իսկ «Արմենիայի» դեպքում՝ 10 հազար դրամով: Նվազել է նաև Հանրային հեռուստատեսության քաղաքական գովազդի սակագինը: Եթե 2012-ի խորհրդարանական ընտրություններին այն եղել է 80 հազար դրամ 1 րոպեի դիմաց, ապա այս տարի սակագինը կազմում է 60 հազար դրամ:
Մյուս հեռուստաընկերությունների քաղաքական գովազդի սակագներում նույնպես փոփոխություններ են եղել դեպի նվազում: Այսպես՝ եթե 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը գովազդի 1 րոպեի դիմաց գանձում էր 30 հազար դրամ, ապա այս տարի՝ 25 հազար դրամ: «Կենտրոն» հեռուստաընկերությունը նույնպես նվազեցրել է գովազդի սակագինը: Նախկին 32,400 դրամի փոխարեն այժմ այս հեռուստաընկերության եթերով քաղաքական գովազդի 1 րոպեն կարժենա 18 հազար դրամ:
Կարդացեք նաև
Քաղաքական գովազդի սակագները աճել են միայն «Արմնյուզ» և «Ա թիվի» հեռուստաընկերություններում: Եթե 2012-ին «Արմնյուզում» քաղաքական գոցազդի մեկ րոպեն արժեցել է 18 հազար դրամ, ապա այսօր այն կազմում է 20 հազար դրամ, իսկ «Ա թիվիում»՝ 40 հազար դրամ՝ նախկին 24 հազար դրամի փոխարեն:
Սակագների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ