Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ակտիվ քաղաքականություն մտնելուն ու առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելուն:
«Չեմ ուզում գնահատել, դա իմ խնդիրը չէ, ինձ բացարձակապես չի էլ հուզում կամ մտահոգում նախորդ, նախորդի նախորդ, գործող, թե ապագա… Ամեն մեկն իր գործունեությամբ իր հետքը թողել, ժողովրդի հիշողության մեջ կա, դա չարախնդություն չէ: Մի օրինակ բերեմ՝ եթե ժամանակին Բավրայի 80 հեկտար հողը չափեին ոչ մի թիզ, այսպես ասած թիզական քաղաքական դավանանք ունեցող կեղծ հայրենասերները, էդ ույ-վույ հոխորտացող զինվորականներն ու քաղաքական գործիչները, եթե ժամանակին հաշվեին, թե Բավրայի 80 հեկտարը քանի թիզ հող է, կամ գոնե հիմա հաշվեին, թե Սերժ Սարգսյանի հայտարարած 800 հեկտարը քանի թիզ հող է, կամ Աստված չանի, թեև մենք թույլ չենք տա այս իշխանության վերարտադրություն, հաջորդ առիթը գուցե կլինի 8 հազար կամ 80 հազար հեկտար…
Եթե այսպես մաս-մաս, թիզ-թիզ տարածքներ են զիջում մեր երեխաների արյան ու կյանքի գնով, մեր զինվորների կյանքի գնով, ու դա համարում են հաղթողական քաղաքականություն, չգիտեմ Բաքուն գրավելու, ծովը լցնելու կամ չգիտեմ…Դրանց որակավորումները դեկտեմբերի 17-ին Տեր-Պետրոսյանը տվել է, եթե էդպես են համարում, այս վտանգավոր ընթացքը մենք պարտավոր ենք կասեցնել: Եվ այս օրերին, առաջիկա ամիսներին առավել առարկայական մեր ժողովուրդը կզգա խաղաղության գինը, հաշտության անհրաժեշտությունը: Ես ժողովրդին կհորդորեի ավելի ուշադիր կարդային Տեր-Պետրոսյանի խոսքը խաղաղության, հաշտության մասին: Իշխանությունները գոնե խոհեմություն ունենան առավելագույն օգուտ, շահ ստանալու ներկայացվող հաշտության պայմանագրից, դրույթներից… Սա մի թեմա է, որ առաջիկայում ավելի է թանձրանալու: Եվ մեր քաղաքական ուժերը, քաղաքացիական չակերտավոր ասած ակտիվը, որոնք երկիր պահելու, քաղաքականություն վարելու պրոցեսը շփոթել են ստատուս գրելու հետ, փափուկ բազկաթոռների, սուրճի բաժակների մոտ նստած խրամատի տեղն ու դիրքը, զինվորի ապրումներն ու նրա հոգեբանությունը հասկանալու կամ զորավիգ լինելու փոխարեն գերադասում են մեկը մյուսից թունոտ գրառումներով թունավորել մեր ժողովրդին…Այլ բառ չեմ գտնում՝ թունավորել, մենք այս ընթացքն ենք կասեցնելու այս ընտրություններով, որովհետև և՛ մեր ժողովուրդը, և՛ երկիրը ռեսուրս չունեն, ժամանակ չունեն, տեղ ու ձև չունեն համբերելու, հարմարվելու կամ դիմանալու»:
Ըստ մեր զրուցակցի, մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարող խուսափել պատերազմ կամ խաղաղություն երկընտրանքից: «Այն, ինչ Տեր-Պետրոսյանն առաջարկում էր 1997 թվականին վայնասուն- աղմուկով խլացրեցին, չթողեցին ժողովրդին հասկանալու, մտորելու, գնահատելու: Այս անգամ մենք ավելի պատրաստված, ավելի ճիշտ մարտավարություն ընտրած մեր ժողովրդին հասկացնելու ենք, մեր ընտրողներին բացատրելու ենք կենդանի հանդիպումներով, ոչ թե ստատուս գրելով, գրառումներով, որ մենք այդ երկընտրանքի առաջ կանգնելու ենք: Եվ փոխզիջում բառը, որ դարձրել են սոցցանցերի ամենաշատ գործածվող, գրվող, նզովվող կամ ներկայացվող տերմինը, պետք է կարողանանք բացատրել, հասկացնել, թե աշխարհում ինչ պրոցեսներ են կատարվում, և Հայաստանը չի կարող անմասն մնալ: Կարող եմ մի քանի օրինակներ բերել. այս երկու ամսվա ընթացքում Ռուսաստանի և Ճապոնիայի բարձր մակարդակի հանդիպումը Կուրիլյան կղզիներից մեկի հետ կապված, փոխզիջման դրսևորում էր և՛ Ռուսաստանի, և՛ Ճապոնիայի կողմից: Կամ վերջերս Մոլդավիայի և Մերձդնեստրի Հանրապետության նախագահների հանդիպումը: Սա ևս փոխզիջման ցցուն փաստ է, կամ բավական ժամանակ Սիրիայի խնդիրը՝ արյունահեղություններ, ավերածություններ…
Կարդացեք նաև
Արդյունքում Սիրիայի իշխանության և ընդդիմության սպասվելիք հանդիպումը Աստանայում նորից փոխզիջման երկուստեք դրսևորում է: Մեր վայ հայրենասերները մեր շուրջ կատարվող խոշոր քաղաքական իրադարձությունները չեն տեսնում կամ տեսնում են, չեն ուզում հասկանալ իրենց ինչ-ինչ շահերից ելնելով, իրենց եկամտի աղբյուր դարձրած ստատուս-քվոյի միջոցով՝ փաթեթավորելով, գունազարդելով շրջանների, տարածքների: Իրատեսորեն մենք մեր ժողովրդին բացատրելու ենք, որ այս իրավիճակում աշխարհն ընդունել է խաղի կանոններ: Հայաստանով մտահոգ, ժողովրդի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերը պարտավոր են հասարակության հետ շիտակ խոսելու, ներկայացնելու, որ, այն, ինչ բաց թողեցինք 1997 թվականին, հիմա պարտավոր ենք լինելու ավելի իրատես՝ 20 թվականի պատմության մեջ սև էջ համարվող Բաթում, Ալեքպոլ, նման կարգի պարտադրված պայմանագրերից զերծ մնալու, խուսափելու համար:
Պետք է համախմբվել պետության շուրջ պիկ, ճակատագրական պահերին, այն, ինչ արել ենք նախորդ տարիներին Ղարաբաղի հարցով բանակցության ժամանակ, մենք այդ պատրաստակամությունն էլ ենք հայտնել, միայն թե կարողանանք արժանապատիվ հաշտության, խաղաղության հասնել»:
Մեր դիտարկմանը, թե անկանխատեսելի, իր իսկ խոսքը չհարգող գազանի հետ ինչպե՞ս հասնել խաղաղության, Մուրադ Գրիգորյանն ասաց. «Այդ մտահոգությունը և՛ ձերը չէ, և՛ այդ հարցը ինձ չի ուղղված: Հասցեատերը ես չեմ, աշխարհում կատարվել են պրոցեսներ, ընդունվել են խաղի կանոններ. թե՛ գազան Ալիևի, թե՛ Հայաստանի իշխանությունների խնդիրն է ողջամիտ լինեն, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, որը ձեռնտու չէ ո՛չ մեզ, բնականաբար, ո՛չ էլ առավել ևս ձեր ասած էդ գազանին ու գազանի հետնորդներին: Խաղաղությունն այլընտրանք չունի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ