Հանրապետական կուսակցության Սյունիքի տարածքային կազմակերպությունն այսուհետև կղեկավարի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանի խոսքով` Սուրիկ Խաչատրյանն ինքնաբացարկ է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Aravot. am-ի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել իր հեռանալու, ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ հարցերին: Նա շնորհավորեց անցած տոներն ու անջատեց հեռախոսը:
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը չի կարծում, որ Սուրիկ Խաչատրյանը հենց այնպես է հրաժարվել. «Նշանակում է՝ ինչ-որ հիասթափություն ունի, կարծես թե, ուզում է ցույց տալ, թե հիմա գնացեք, առանց ինձ ձայներ հավաքեք, այսինքն` ասելիքն այդպես է թվում, գնացեք, այ, որ հիմա ես հետ քաշվեմ, իմ գինը կիմանաք:
Ինչի հետ է դա կապված՝ գուցե իր կարգավիճակի իջեցումների, միգուցե իր տղայի համար մեծ սպասումներ ուներ, որ նշանակումներ կանեին, չեմ կարծում, որ Սուրիկ Խաչատրյանն իշխանությունից հեռացող տեսակ է, նա կյանքում ամեն ինչ արել է ամեն գնով իշխանությունը պահելու համար, հեշտ ու հանգիստ չէր հրաժարվի, եթե առողջական խնդիրների պատճառով էլ հրաժարվեր, ապա հաստատապես իր տղային իր փոխարեն կարգելու համար: Սա է Սուրիկ Խաչատրյանի սպասելի վարքագիծը, իսկ եթե պատճառ է բերել առողջությունը, դրա տակ տեսնում եմ Սուրիկ Խաչատրյանի ներքին դժգոհությունը՝ գնացեք ու առանց ինձ գլուխ հանեք ընտրություններին»:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչքան ձայներ կհավաքի ՀՀԿ-ի օգտին Վահե Հակոբյանը, պարոն Սաֆարյանի խոսքով. «Սուրիկ Խաչատրյանը 90 տոկոս եւ ավելի ձայներ էր հավաքում, եթե նրա փոխարինողը մի քիչ ավելի «խղճով» լինի, 90 տոկոս ձայներ չի խփի: Սյունիքը մի փոքր բարդ տարածք է, Զանգեզուրում դիսցիպլինան ու իշխանամետությունն ավելի տեսանելի են, քան՝ այլ մարզերում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ