Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարությունն ընդդեմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի. նոր մանրամասներ

Հունվար 09,2017 18:40

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի դրամական միջոցների վրա այս պահին արգելանք է դրված միայն շուրջ 3 միլիոն դրամի չափով:

Aravot.am-ի հետ զրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի դեմ դատական հայց ներկայացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերի 13-ին նախարարությունը հայց էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ից գանձել շրջակա միջավայրին պատճառված վնասի գումարը, որը կազմում է շուրջ 3 միլիոն դրամ: Բնապահպանության նախարարությունը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ «Հայանտառ»-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործով դատավոր Արայիկ Մելքոնյանը բավարարել է:

Մեզ հետ զրույցում պարոն Մաթևոսյանն այս առիթով մանրամասնեց. «Գործընթացն ընթացքի մեջ է: Այդ ապօրինի ծառահատումների համար նախ Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենն է աշխատանքից ազատվել, ինչպես նաև համապատասխան անտառապետեր: Որոշակի գումար արդեն վճարվել է մեղավորների կողմից: Եթե չվճարվի մեր կողմից սահմանված ժամկետում, ապա կդիմենք դատարան և իրավապահների միջոցով գումարները կբռնագանձենք»:

Հետաքրքրվեցինք` ո՞վ և ե՞րբ պետք է վճարի 3 միլիոն դրամի տուգանքը, պարոն Մաթևոսյանը հստակեցրեց. «Այդ գումարները «Հայանտառը» չի վճարում: Մենք գործընթաց ենք սկսել, որի արդյունքում բացահայտվելու են մեղավորները: Պետք է բացահայտվի նաև, օրինակ` անտառտնտեսության աշխատակիցը մասնակի՞ց է, թե՞ ոչ ապօրինի ծառահատումներին, դա անփութությա՞ն արդյունք է, թե՞ ոչ»:

Պարոն Մաթևոսյանը նշեց, օրինակ, Տաշիրի անտառտնտեսության դեպքում գիշերը բռնեցին խմբին, որը հիսունից ավելի ծառ էր հատել: Այնուհետև Մարտուն Մաթևոսյանը մտահոգություն հայտնեց, թե, գիշերները անտառապահները չեն աշխատում և նման գողությունները տեղի են ունենում ուշ երեկոյան և շաբաթ կիրակի օրերին, ինչի պատճառով դրանք հնարավոր չեն լինում կանխել:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց, որ «Հայանտառն» իր հերթին գործընթաց է սկսում, որպեսզի պարզվեն մեղավորները: Նա հայտնեց, որ արդեն գործ կա հարուցված Ստեփանավանի անտառտնտեսության վերաբերյալ, այն գտնվում է քննչականում:

«Հայանտառ»-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդության բավարարման մասին պարոն Մաթևոսյանն ասաց. «Արգելանք է դրված ոչ թե «Հայանտառի» հաշիվների վրա, այլ արգելանք դրված է  3.1 միլիոնի չափով»:

ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում նշված դատական գործի ընթացքի վերաբերյալ ներկայացրեց հետևյալ պարզաբանումը. «Ստուգումները նախարարությունն իրականացրել է 2015-ին: Բնապահպանական տեսչությունը գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունում ապօրինի հատված 98 ծառ է հայտնաբերել և հայտնաբերել 3 միլիոն հարյուր վեց հազարի դրամի` շրջակա միջավայրի վնասը: Հետևաբար, դիմել է  դատարան գումարը բռնագանձելու հայցով: Սպասում ենք դատական գործընթացին»:

Մարինե Կարապետյանը հավելեց, որ դեռ իրենք էլ տեղյակ չեն դատական հերթական նիստի օրվա և ժամի մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031