«Շատ ցավալի դեպք է տեղի ունեցել՝ երիտասարդ աղջիկ, նորաստեղծ ընտանիք…»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի ութին Մուսալեռում գազի արտահոսքի հետեւանքով Աննա Միսակյանի, նրա ամուսնու եւ երեխայի մահվան դեպքին, ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ Աննա Միսակյանը էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով առանցքային վկան էր: Մարինե Ֆարմանյանը, որը մինչեւ գործով մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանի՝ պաշտպան ունենալուց հրաժարվելն իրականացրել է վերջինիս շահերի պաշտպանությունը, անդրադառնալով դատաքննությանը՝ մեզ հետ զրույցում ասաց. «Մուշեղը շատ չարացած էր նրա դեմ՝ անընդհատ ասում էր. որ ստում է, սուտ ցուցմունքներ է տալիս, եւ որ իր դեմ ուղղված մերկացնող ցուցմունքները կազմակերպված են: Իսկապես, Աննա Միսակյանն առանցքային վկա էր: Փաստորեն, նա այլեւս չի կարող լրացուցիչ ցուցմունքով տեղեկություններ հայտնել, որոնք պաշտպանական կողմին եւ տուժողի իրավահաջորդին անհրաժեշտ կլինեին դատաքննության ընթացքում»:
Մարինե Ֆարմանյանը հավելեց. «Մուշեղն անընդհատ պնդում էր այն հանգամանքը, որ Աննան գիտի, թե ովքեր են իրական հանցագործները եւ որ կան այլ անձինք, ովքեր որ մեղավորություն ունեն, այսինքն՝ ովքեր որ կատարել են այդ արարքը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ