2016 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ի պատասխան հնչած հարցի, հայտարարեց, որ ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրել է ՀՀ քաղաքացի, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելափակելու մասին ՀՀ ԱԳՆ-ի նոտան եւ պատասխանել է դրան: Իսկ ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում հստակեցվում է, որ ռուսական կողմը չի վերանայել իր որոշումը`մինչեւ 2030 թվականը հայաստանցի քաղաքագետի մուտքը ՌԴ արգելելու մասին`կրկնելով նախնական պատճառաբանությունը`հայաստանցի քաղաքագետի գործունեությունը սպառնալիք է ՌԴ անվտանգությանը:
Aravot.am-ի հետ զրույցում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահն ասաց, որ ինքը շնորհակալ է ռուսաստանյան կողմից` նման անկեղծ պատասխանի համար. «Ես մտավախություն ունեի, որ իրենք կկապեն ինչ-որ տեխնիկական հարցերի, կրիմինալի եւ նման բաների հետ: Բայց պատասխանը շատ հստակ է`իրենք ասացին, որ իմ գործունեությունը վտանգ է ներկայացնում ՌԴ-ի համար: Ու քանի որ ես ՌԴ-ում չեմ ապրել, ՌԴ-ում չեմ գործել`հստակ է, որ իրենք նկատի ունեն իմ քաղաքական եւ հասարակական գործունեությունը: Այս պատասխանով ռուսական կողմը հաստատեց`այդ որոշումը քաղաքական էր»:
Մեր զրուցակիցը նաեւ վստահ է`այս դեպքը ապացուցում է ՌԴ-ում հայկական «սեւ ցուցակների» գոյության մասին: ՌԴ-ն ի դեպ, արեւմտյան երկրների նկատմամբ այդ քաղաքականությունը վարել է դեռ ԽՍՀՄ տարիներից: Քաղաքագետը հիշեցնում է, այդ ցուցակներում են ամերիկացի տարբեր բարձրաստիճան այրեր, այդ թվում նաեւ ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպանը, այդ ցուցակում է նաեւ մարդ, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է նշանակել ԱՄՆ հետախուզության ղեկավար: «Ես շոյված եմ, որ այդ շարքում եմ»,- կեսկատակ նկատում է Ստեփան Գրիգորյանը:
Հայաստանցի քաղաքագետի մուտքը ՌԴ, հիշեցնենք, արգելվել էր 2016 թվականի օգոստոսի 30-ին : Օդանավակայանում նրան ներկայացրել էին մի փաստաթուղթ, ինչի հիման վրա կարող է մարդկանց մուտքը ՌԴ արգելվել: Այդ փաստաթղթում նշված մեկ կետ է Ստեփան Գրիգորյանը գտել`26 հոդվածի, 9 կետը, որի համաձայն իր մուտքն այդ երկիր արգելվում է: Այդ կետն ամրագրվել է անցած տարվա մայիսի 23-ին եւ իր կարծիքով ակնհայտ քաղաքական բնույթ է կրում, քանզի արգելափակվում է այն մարդկանց մուտքը ՌԴ, որոնք աշխատում են ՌԴ-ում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ:
Կարդացեք նաև
Իր կազմակերպության հետ համագործակցող ո՞ր կազմակերպությունն է ՌԴ-ի համար անցանկալի, քաղաքագետը դժվարանում է ասել: Բայց նկատում է, որ վերջին շրջանում ինքն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել տարբեր եվրոպական եւ ամերիկյան կազմակերպությունների հետ`պայքարելով Հայաստանում ժողովրդավարության համար. «Բարձրացնում եմ տարբեր հարցեր, նաեւ տարածաշրջանային համագործակցության հետ կապված, քննադատում եմ ՌԴ-ի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում: Այսինքն, իմ պայքարը`Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար, իմ համագործակցությունը եվրոպական եւ արեւմտյան կազմակերպությունների հետ, պարզ է, որ իրենց դուր չի գալիս»:
Ստեփան Գրիգորյանն այս ամբողջ պատմության ընթացքում դրական է բնութագրում ՀՀ ԱԳՆ-ի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության արձագանքը, ՌԴ ԱԳՆ-ին հղած նոտան`դրանով ընդգծելով խնդրի առկայությունը, զարմանքն առ կատարվածն, այն էլ նախկին պատգամավոր, բարձր դիվանագիտական աստիճան ունեցող ՀՀ քաղաքացու հետ: Թե ռուսական կողմի նման անկեղծ խոստովանությունից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել կամ դեռ կձեռնարկի ՀՀ արտաքին գերատեսչությունը` քաղաքագետը տեղյակ չէ: Միաժամանակ, նկատում է, որ նման դեպքերում, գործնականում ընդունված է, որ պետք է փոխադարձության սկզբունքն աշխատի:
Տվյալ պարագայում, Ստեփան Գրիգորյանը բարձրաստիճան անձ չէ եւ ֆորմալ տեսակետից ԱԳՆ-ն կարող է չպատասխանել, բայց ինքը կարծում է, որ վատ չէր լինի այնուհանդերձ պատասխանել. «Օրինակ, ՌԴ-ում կան բազմաթիվ հասարակական եւ քաղաքական գործիչներ, որոնց դիրքորոշումն ընդգծված հակահայկական է եւ ոչ միան ԼՂՀ հարցում: Վատ չէր լինի, որ որոշների մուտքը Հայաստան արգելվեր»:
Ի դեպ, այսպես կոչված «սեւ ցուցակների» սկզբունքը Հայաստանի նկատմամբ կիրառում է նաեւ հարեւան Վրաստանը: Մեկ տասնյակից ավելի հայաստանցի քաղաքական, մշակութային եւ հասարակական գործիչների մուտքն այդ երկիր արգելված է`այս անգամ առանց նույնիսկ հստակ բացատրությունների: «Կարծում եմ, ժամանակը հասունացել է, որ Հայաստանի իշխանությունները ևս պատասխան տարբերակներ մշակեն: Չեմ ասում`փչացնենք հարաբերություններն այդ երկրների հետ, բայց այս կամ այն քաղաքական եւ հասարակական գործիչներին, ովքեր ունեն ընդգծված հակահայկական դիրքորոշումներ, կարող են արգելել մուտք գործել Հայաստան`ցույց տալու համար, որ ՀՀ իշխանությունը պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիների շահերը»,- ասում է Ստեփան Գրիգորյանը` հավելելով, որ եթե այս դաշտում ՀՀ-ն չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիներին, այդ պատճառով էլ չի կարողանում ՀԱՊԿ-ում ընտրել իր գլխավոր քարտուղարին: Իշխանությունը պետք է հասկանա`դա մի ողջ շղթա է: Խոսքը, իհարկե, քաղաքական դեպքերի մասին է, ոչ այն դեպքերի, երբ ՀՀ քաղաքացիները տվյալ երկրներում խախտել են տվյալ երկրի օրենքները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ