Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ Հոգլանդը կազդվի հայերի բոյկոտից». Կիրո Մանոյանը վստահեցնում է, որ Հոգլանդի դեմ ոչինչ չենք կարող անել

Հունվար 09,2017 17:25

2017-ի հունվարից ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին ժամանակավորապես փոխարինում է Ռիչարդ Հոգլանդը: Այդ մասին տոներից առաջ տեղեկացրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ նշելով, որ դեսպան Հոգլանդի մեծ ու երկարամյա դիվանագիտական փորձը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեւական ու խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ Միացյալ Նահանգների աշխատանքներում»:

Սակայն Հոգլանդի հետ կապված քաղաքագետները լուրջ մտահոգություններ են հայտնել՝ հիշելով, որ  նրան դեռ 2006-ին ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն առաջադրել էր որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու, սակայն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արգելափակել էր այդ թեկնածությունը, այն հիմքով, որ Հոգլանդը մերժում է Հայոց ցեղասպանության փաստը եւ Հայաստանում ԱՄՆ շահերը չպետք է ներկայացնի: Իսկ հիմա, փաստորեն, նույն Հոգլանդին Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ են նշանակել:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ: Մեր հարցին՝ հիմա հնարավորություն չկա՞ արգելափակելու նրա թեկնածության հաստատումը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հաշվի առնելով իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ Կիրո Մանոյանը պատասխանեց. «Չէ, այլեւս հաստատելու հարց չկա, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահող դեսպանը որպես դեսպան հաստատվելու խնդիր չունի: Դրա համար էլ այդ գործընթացը չկա, այսինքն, նշանակվել է, ինքն արդեն այդ պաշտոնը կստանձնի՝ առանց որեւէ հաստատման»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, որեւէ միջամտություն այլեւս հնարավոր չէ՞ անել՝ Կիրո Մանոյանը պատասխանեց. «Չէ: Հայ Դատի հանձնախումբն արդեն հրամանագիր է հաղորդակցել, ասում է, որ չնայած այն ժամանակ դեմ էինք, այդուհանդերձ, որպես համանախագահող, ճիշտ է, որ ինքը դրական ազդեցություն ունենա Արցախի հարցի կարգավորման մեջ: Մնացածը տեսնենք ինչ կանի»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Ռիչարդ Հոգլանդի հետ կապված մտավախություններ չկա՞ն՝ Կիրո Մանոյանը պատասխանեց. «Առայժմ մասնավոր տակավին բան չկա, տեսնենք ինչ կանի»:

Մենք հիշեցրինք, որ տարիներ առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վետո էր կիրառել, օրինակ, ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող դիվանագետ Մեթյու Բրայզայի թեկնածության նկատմամբ, երբ նրան առաջադրել էին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մեր դիտարկմանը, որ քաղաքագետները հույս ունեին, որ այս անգամ էլ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը եւ հայամետ լոբբին կբոյկոտեն Ռիչարդ Հոգլանդին, ԱՄՆ Սենատը թույլ չի տա, որ հաստատվի նրա թեկնածությունը՝ Կիրո Մանոյանն արձագանքեց. «Դեսպան նշանակելու հարցն ուրիշ է, սա ուրիշ է: Այն դեպքում կարելի է միջամտել, այսինքն, միջամտելը որն է՝ Սենատի անդամը կարող է ինչ-որ բան ձեռնարկել, բայց այս դեպքում չկա այդ հնարավորությունը: Իսկ Հոգլանդին բոյկոտել ասելով ինչ են հասկանում, չգիտեմ, որովհետեւ չեմ կարծում, որ Հոգլանդը կազդվի այդ բոյկոտից: Նման բան նախատեսված չէ, մանավանդ, որ Հոգլանդը նաեւ ժամանակավոր է նշանակվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031