Լրահոս
Օրվա լրահոսը

Գուգարաց թեմի առաջնորդի անաչառ ու անկողմնակալ հորդորը Վանաձորի ավագանու բոլոր անդամներին Սուրբ Ծննդյան տոնին

Հունվար 09,2017 16:55

6 հունվար, 2017թ.

Ի գիտություն բոլոր այն մարդկանց, ովքեր տուրք տալով այս կամ այն կառույցների կամ անձանց թյուրըմբռնումներին և արհեստական աժիոտաժն, ովքեր անհիմն գրառումներ են կատարում` քննադատելով Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Ծննդյան քարոզը:

Գուգարաց թեմի առաջնորդը` իբրև Լոռու մարզի հոգևոր առաջնորդ, պարտավոր է հանրությանը հորդորել, խրատել, առաջնորդել համախմբված և միաբան սիրով գործելու: Քանզի հոգևորականը ի պաշտոնե պատասխանատու է և պարտավոր է մասնակցել համայնքային բոլոր տեսակի խնդիրների լուծմանը` թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական… Սրբազան Հոր Սուրբ Ծննդյան Պատարագի հորդորը վերաբերվում է անխտիր բոլոր նրանց, ովքեր հավակնում են Վանաձոր քաղաքի ավագանու կազմին իրենց ծառայությունը բերել քաղաքի բարգավաճմանը և ընթացիկ գործերին: Ստորև ներկայացնում ենք առաջնորդի Սուրբ Ծննդյան քարոզից հատվածներ առանց խմբագրման.

«Մենք միասնաբար պետք է առողջացնենք այս մթնոլորտը, որի մեջ մենք ապրում ենք: Մենք յուրաքանչյուրս պատասխանատվություն ենք կրում այս մթնոլորտի համար: Եթե գոհ եք բոլորդ այս վիճակից, ուրեմն վայ մեզ: Իսկ եթե գոհ չեք ու ոչինչ չեք անում, դարձյալ վայ մեզ, որ ոչինչ չենք նախաձեռնում դեպի լավը, դեպի առաջընթացը: Ոմանք մշտապես ամոթահար են կանգնում Փրկչի առջև… մարդիկ քաջ գիտակցելով իրենց գործած մեղքերը, շարունակական ուխտադրժությունը, անարդարությունները, ամաչում են Աստծո առաջ կանգնել և մեղա ասել, նրանք հոգնել են մեղա ասելուց, որովհետև շատ են մեղք գործել, սակայն Աստված չի հոգնել ներել նրանց: Անհատը գիտակցում է իր մեղքերը և խուսափում է այլևս մեղա ասել և թողություն խնդրել, սակայն Աստված այնքան լայնախոհ է, որ չի հոգնում թողություն շնորհել: Ուրեմն բոլորիդ հրավիրում է մեր Տերը. բոլոր նրանք, ովքեր գիտակցում են իրենց մեղավոր վիճակը, նրանք ևս թողության արժանի են և մեզանից ոչ մեկը չպետք է հեռանա միմյանցից, քանզի մենք մեկ ամբողջություն ենք, ինչպես մի ընտանիք:

Հիշողություն հասկացողությունը Աստված մեծագույն պարգևն է, որ տվել է մարդ արարածին: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես կորցրեցինք մեր պատմական հայրենիքը և պատճառը մեր անմիաբանությունն էր. օգտվեցին այդ պահից մեր թշնամիները, հակառակորդները և մենք այսօր իրավունք չունենք պատմությունից դասեր չքաղելու: Ուստի պետք է համախմբվենք մեր Հայ Եկեղեցու և պետականության, մարզային և քաղաքային իշխանության շուրջ, քանզի միջանկյալ լուծումներ և միջակություններ չի ընդունում պատմությունը: Բոլոր նրանք, ովքեր չեն գիտակցում մեր թուլության մասին, ուրեմն չեն էլ գիտակցում թե ինչպես կարող են կառավարել և ինչպես կարող են դուրս գալ այս վիճակից: Խոսքս նաև մեր մարզային իշխանության մասին է:

Ահավասիկ մեր հարգարժան մարզպետն ու նորընտիր քաղաքապետն է այստեղ, նախկին քաղաքապետն է այստեղ, ԱԺ պատգամավոր և մտավորականներ կան այստեղ, սիրելի ժողովուրդ, որքան ուրախ եմ, որ միասին ենք հավաքված այս եկեղեցում. որքան գեղեցիկ է այս մեծ նավը, կարծես Նոյան Տապանը, որ ալեկոծ փոթորիկներով միասին նավավարում ենք, որ հասնենք խաղաղ ափ:

Մեր լոռեցիների մասին մշտապես ասում են, պարզ են, բարի են համեստ են. այո, դա այդպես է, սակայն պարզությունը, ազնվությունը չի սիրում, երբ իրեն չարաշահում և օգտագործում են: Այս պարզությունը սիրող ժողովուրդը մեր պետական այրերից պահանջում է մշտապես միավորված, մեկ բռունցք, մեկ միտք, մեկ հոգի դարձած՝ կառավարել մեր քաղաքը: Խռովկանությունը վայել չէ ոչ մեկիս: Ես հորդորում եմ ավագանու բոլոր անդամներին, տարին նոր է սկսվել, և Սուրբ Ծնունդով է սկսվում, Ամենափրկիչ մանուկն այսօր ձեզ է նայում և մեզանից ակնկալում է սեր, սեր և սեր՝ միասնաբար գործելու, արարելու և մեր քաղաքի հոգսերը հոգալու: Այդ կոչումը որ դուք հավակնում եք ստանալ, ավագանի, քաղաքապետ կամ մարզպետ, կամ ինչու չէ նաև ես՝ սրբազան, ծառայություն է ուզում և ուրիշ ոչինչ չի պահանջում ժողովուրդը ձեզանից: Ծառայություն, քանզի ձեզ վստահել է, ուրեմն այդ վստահությունը ոչ ոք իրավունք չունի ձեզանից մսխելու, սպառելու, մաշեցնելու: Եվ այս տարի ուզում եմ, որ մեր քաղաքի քաղաքապետարանում հավաքվի ավագանին և վճռական քայլերով մեր քաղաքի կառուցման սուրբ գործին նվիրվի՝ թողնելով արտաքին ուժերին մի կողմ, ովքեր փորձում են այս քաղաքի ներքին կյանքին միջամտել: Սա իբրև առաջնորդ կարծում եմ, ես իրավունք ունեմ այս բարի մաղթանքն անելու՝ չշահարկելով ոչ մի սխալ ուղղությամբ իմ խոսքերը և մեկնաբանություններ չանելով:

Ես սիրում եմ իմ քաղաքը, իմ մարզը, իմ հայ ժողովրդին՝ Հայաստանում և սփյուռքում և ուստի հանուն այդ սիրո, ես պատրաստ եմ ծնկի իջնել իմ ժողովրդի առաջ, հրաժարվել իմ այս կամ այն գաղափարից, որը կրում եմ, դնել մեկ կողմ, եթե խանգարում է իմ սիրելուն: Եվ հանուն իմ քաղաքի, ես պատրաստ եմ իմ ծառայությունը բերելու իմ ժողովրդին ճիշտ այնպես՝ ինչպես Հիսուս մանուկ եկավ աշխարհ ծառայելու, իր ծառայությունը բերելու, իր սերն ու արդարությունը, ճշմարտությունը սփռելու: Մենք մեր Տիրոջը պետք է նմանվենք, որովհետև ինչպես մեր հայրապետներն են ասում՝ Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, բարձրանա: Եվ չէ որ մարդը կրում է Աստծո կերպարանքը, ուստի բնական է, որ նա պետք է աստվածանա, մաքրվի, սրբվի և ճշմարտության շապիկը հագած մշտապես պետք է գործի: Այս մաղթանքով է, որ ամփոփում եմ իմ խոսքը:

Կրկին ու կրկին հորդորում եմ իմ սիրելի հայրենակիցներ. սիրենք իրար, միայն սիրով կարող ենք արարել, գործել, զորացնել մեր հայրենիքը: Սակայն սիրելու կողքին, չեմ զլանում հորդորել՝ աղոթեք, աղոթեք միմյանց համար, քանի որ աղոթքը շատ զորավոր է: Աղոթքից երբեք մի հրաժարվեք…»:

Սրբազան Հոր խոսքը Վանաձոր քաղաքի

 նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը

Ստորև, հիշեցման կարգով նաև ընթերցողի ուշադրությանն ենք հրավիրում առաջնորդի նույնատիպ հորդորը քաղաքապետի երդմնակալության արարողությունից.

«Վանաձոր քաղաքում ևս մեկ նոր էջ է բացվում, մենք ականատեսն ու վկան ենք լինում այս պատմական օրվան, որով նորընտիր քաղաքապետ պարոն Ասլանյանը ստանձնում է պարտավորություններ. ով հետայսու պատասխանատու է Վանաձոր քաղաքի համար և հաշվետու է վանաձորցիների առջև. սա է որևէ քաղաքապետի առաքելության բուն նպատակը: Նա գալիս է ծառայության, սպասարկելու, խնամելու, պահպանելու, զորացնելու մեր սիրելի քաղաքը: Այս առթիվ մեծ պատասխանատվություն են կրում քաղաքապետի գլխավորությամբ ավագանու բոլոր անդամներն անխտիր, ովքեր ամիսներ շարունակ Վանաձոր քաղաքի ազգաբնակչությանը խոստացան, որ պետք է Վանաձորը լինի լուսավոր, բարգավաճ, օրինական ու պետական, ազգային նկարագրով քաղաք: Այս խոստումները մենք բոլորս լսեցինք, այժմ խոսքից գործի անցնելու ժամն է, որով վանաձորցիները ուշիուշով հետևելու են ձեր յուրաքանչյուրի գործողություններին ու խոստումների իրականացմանը: Մենք ակնկալում ենք պարոն քաղաքապետ, որ դուք անմնացորդ սիրով, առանց կողմնապահության, առանց բացառության, ավագանու յուրաքանչյուր անդամի հետ, ձեռք ձեռքի տված, եղբայրաբար հաղթահարեք բոլոր այն դժվարությունները որ կան մեր քաղաքի առջև ծառացած: Դուք իրավունք չունեք միայնումիայն ձեր զգացումներով, ձեր պատկերացումներով առաջնորդվել, այլ դուք պարտավոր եք ունկնդիր լինել յուրաքանչյուր ավագանու անդամի առաջարկին, քաղաքացիների պահանջներին և մեր քաղաքի առջև դրված խնդիրները լուծել սիրով և խաղաղությամբ: Մեր ժողովուրդը չի ուզում տեսնել մի ավագանի, որտեղ միմյանց դեմ պայքար կա. մենք ազգովին կուշտ ենք այդ պայքարներից և ներքին խժդժություններից, չենք ուզում Վանաձորում տեսնել անհամաձայնություններ ու անախորժություններ, իսկ թշնամության մասին խոսելն իսկ ավելորդ է: Ուստի այս պահից սկսած ես օրհնում եմ ձեզ` պարոն Ասլանյան, որ դուք ձեր քաջությանը, մտքին, սիրուն խարդախ ոչինչ չխառնեք, այլ անաղարտ սիրով քաջաբար հաղթահարեք դժվարությունները: Այս պաշտոնը ընդհանրապես մեր հայ իրականության մեջ նրա համար չէ, որ վայելեք, դրա համար ժամանակ իսկ չպիտի ունենաք, քանի դեռ մեր երկրի առջև լրջագույն խնդիրներ կան: Այս իրավիճակում խնդրում եմ ձեզ հայրաբար և հորդորում եմ, որ լինեք ձեր բարձունքին և անմնացորդ սիրով ծառայեք մեր ժողովրդին. Աստված օրհնի ձեզ և ավագանու բոլոր անդամներին, որ ուս ուսի տված համարձակ գործեք, ժողովուրդը ամբողջական ծառայություն է ակնկալում բոլորիցդ: Աստված օրհնի ամենքիդ. Ամէն»:

(Մեջբերումը` Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերության 17.10.2016թ-ի «Մոլորակ» լրատվականից)

 

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031