Լրահոս
Օրվա լրահոսը

 «Լևոն Տեր-Պետրոսյանին լավագույն շնորհավորանքը նրա խոսքը ծանոթներին, հարևան- բարեկամներին հասցնելն է». Մուրադ Գրիգորյան

Հունվար 09,2017 16:25

Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են իրենց կուսակցության անդամները շնորհավորում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տարեդարձը: Հիշեցնենք, որ այսօր առաջին նախագահը դարձավ 72 տարեկան:

«Անձամբ շնորհավորում եմ: Ես գտնում եմ, որ այսօր մեր նախագահին, մեր առաջնորդին լավագույն շնորհավորանքը և՛ իմ, և՛ մեր գրասենյակի անդամների, մեր կոնգրեսականների կողմից նրա խոսքը, հատկապես դեկտեմբերի 17-ի համագումարի խոսքը մեր քաղաքացիներին, հարևաններին, բարեկամներին, ծանոթներին հասցնելն է: Խոսքը, միտքը հասցնելն է: Արցախի հակամարտությունում փոխզիջումը միակ իրատես, ընդունելի քաղաքական դիրքորոշումն է լինելու և՛ մեր կողմից, և՛ մեր թշնամիների, հակառակորդների կողմից: Մեր նախագահի ՀԱԿ համագումարում հնչեցրած խոսքը կարողանանք առավելագույնը հասանելի դարձնել մեր շարքային քաղաքացիներին, դրանից ավելի արժեքավոր շնորհավորանք այս պահին մեր գրասենյակի համար ես չեմ տեսնում: Կուզենայի, որ ավելի շատ մարդ կարդար Տեր-Պետրոսյանին, բնականաբար կարդացածը հասկանալու պայմանով, չկարդար միայն կարդալու համար»,- ասաց Մուրադ Գրիգորյանը:

Մեր դիտարկմանը՝ ձեր խոսքից ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին չհասկացողները շա՞տ են, մեր զրուցակիցն ասաց. «Ուզում եմ ասել, որ հասկացածը նենգափոխողները, կոպիտ բառեր չեմ ուզում օգտագործել, իբր քննարկողները, քաղաքագետների ու վերլուծաբանների այն ամբողջ ոհմակը, լեյտենանտ Շմիդտի որդիների նման հիմա մի սերունդ կա մեր երկրում, որոնք հասկանալի է՝ ինչ գրանտային շահերից ելնելով, արդեն կողմնորոշված, կողմնորոշումը չթաքցնող լրատվամիջոցները իրենց նոմենկլատուրային հռետորներով, իրենց սայթերում, էջերում, թերթերում թունավորում են մեր հասարակությանը: Այ, նրանց եմ խոսք ուղղում, որ չփորձեն մեր ժողովրդին թունավորեն, մեր ժողովուրդը տեղ չունի այլևս հուսախաբվելու, աղքատանալու, արտագաղթելու: Երկիրը դատարկվում է, եթե նույնիսկ այս ֆոնի վրա պիտի գրանտային ծրագրեր կպցնեն, փող աշխատեն, իրենք չգիտեմ ազգի դավաճանի քրեական հոդվածի արժանի մարդիկ են:

Էդ կեղծ քաղաքացիական ակտիվիստները, գրառումներով պղտորողները, ինչ են գրում. լղպոր մեկը մեկնաբանում է Տեր-Պետրոսյանի գործունեությունը, պատմության մեջ մտած անձնավորության գործունեությունը: Ես գոնե վերջին 20-25 տարին, այսպես ասած, գործիչների մի մասին գոնե ճանաչում են, ով որտեղից է եկել կամ այս օրերին ով ինչ է խոսում, ինչն է քննադատում ու դրա տակ ինչ շահ ունի: Չի կարելի օրհասական վիճակում գտնվող երկրի վիճակով մտահոգ մարդկանց, խմբերին, կարևոր չէ, միայն Հայ Ազգային կոնգրեսը չէ, մեզ նման մտածող շատ կուսակցությունների ու Տեր-Պետրոսյանի նման գործիչների խոսքը, գործունեությունը փորձեն ծաղրել, պիտակավորել, ինչ է թե մի դրամաշնորհային ծրագիր կպցնեն հերթական: Ժամանակը կգա, դրանց վարքագծին ու խոսքին հետևելով՝ ես խոստանում եմ, ձեզ անվանական ու առավել առարկայական հրավիրելու եմ բանավեճերի: Ուղիղ եթերների եմ հրավիրելու անվանական՝ անուն-ազգանուններն ասելով:

Չէի ուզենա սրանով խոսքս ավարտել. մեր նախագահին քաջառողջություն մաղթելով մեր ընկերներից կողմից՝ նորից նշեմ, որ լավագույն շնորհավորանքը նրա խոսքը՝ նախորդ տարիների և հատկապես դեկտեմբերի 17-ի, մեր ժողովրդին հասցնելն է, բացատրելը, հասկացնելն է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031