Երեւանի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին(Կաթողիկե) եկեղեցու ապակե դռան մասին Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր Արտակ Ղուլյանից: Ավելի վաղ նա սոցցանցում ծավալված քննարկումներում գրել էր. «Ամեն ինչ պարզ է… արդեն կարող եմ ասել՝ այլանդակել են…սա արդեն ավելի լուրջ է, քան ապակին ու մեծ խաչը…Ոչ ճարտարապետն է հասկացել, ինչ է անում, ոչ էլ՝ շարողը: Քիվը (կարնիզը) պետք չէր դնել ճակատում, ինչպես և արված էր, իսկ եթե դնում ես, ուրեմն պիտի ճակատը փակես պատով»:
Ընթերցողներին նախ հիշեցնենք եկեղեցու պատմությունը, համաձայն որի՝ 1693-1695թթ. կառուցված ուշ միջնադարյան՝ սբ. Կաթողիկե եկեղեցին սկսել են քանդել խորհրդային տարիներին՝ 1936թ-ից սկսած, եւ այդ ընթացքում էլ հայտնաբերվել է ավելի հին՝ 13-րդ դարի սբ. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցին: Մեծ՝ սբ. Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ բացվել էին միջնադարյան Կաթողիկեի հարավային և հյուսիսային պատերը, որոնց կցակառուցվել էին երկու ավանդատներ: Մեզ հետ զրույցում պարոն Ղուլյանը նկատեց, որ Խորհրդային տարիներին հայտնաբերված 13-րդ դարի սբ. Կաթողիկեն չեն քանդել՝ մտածելով, որ կարեւոր է պահպանել վերջինիս պատմական արժեքը:
Կարդացեք նաև
«Եկեղեցու ճակատի երկու կամարները, որոնք հիմա երեւում են, ուշ շրջանում արված կամարներն են, ոչ թե 13-րդ դարինը: Դրանց վերեւում արդեն ուրիշ ծածկ էր. ծածկասալով փակել են, քանի որ քիվ դնելու անհրաժեշտություն չկար: Պետք էր դա նույնությամբ վերականգնել՝ առանց քիվ դնելու: Արեւմտյան խաչաթեւի պատերն ընդգրկում են կամարը, այսինքն՝ կամարը դուրս է գալիս խաչաթեւի սահմաններից, այդպես չի կարող լինել, խաչաթեւը պետք է փակվեր: Լուսանկարում երեւում է, որ կամարները խաչաթեւի սահմաններից դուրս են, ուրեմն՝ կամարները իրենը չեն: Երկու տարբերակ կար: Առաջին՝ պահել այնպես, ինչպես կար, այսինքն՝ փոփոխությունը պահպանելով, կամ վերականգնել նախնական տեսքը, որն այնքան էլ դժվար չէր: Ուղղակի պետք էր ուշ շրջանի կամարները հանել, պատով փակել, քիվը շարունակել, ծածկասալը դնել ու ճակատը փակել: Այդտեղ կմնար մեկ այլ հարց՝ ինչպիսի՞ն է եղել մուտքը: 13-րդ դարի փոքր մատուռ-եկեղեցիների համար կան մեկ-երկու ստանդարտ տիպային լուծումներ, որոնք կարելի էր կիրառել…»,-ասաց Արտակ Ղուլյանը:
Նրա գնահատմամբ՝ սոցցանցերում տարածված լուսանկարում երեւող եկեղեցու ներկայիս տեսքը ոչ մասնագիտական մոտեցման հետեւանք է, իսկ պատճառը միայն մասնագիտական չէ: «Վստահ կարող եմ ասել, որ մեղքը կարող է եւ ճարտարապետինը չլինել, որովհետեւ երբ կան բարերար եւ բարերարի ինքնագործունեություն, երբեմն ճարտարապետը ոչինչ անել չի կարող: Տվյալ եկեղեցու դեպքը չարյաց փոքրագույնն է, թեեւ հաստատված էր բոլորովին այլ նախագիծ, իսկ բարերարը պնդեց՝ «չէ, ես սա եմ ուզում», ես ներկա եմ եղել…շատ լավ գիտեք՝ բարերարն ով է: Կաթողիկեի բախտն «այն գլխից չի բերել», երբ այդ հսկան (նկատի ունի եկեղեցու հարեւանությամբ 2015թ. կառուցված սուրբ Աննա եկեղեցին) կառուցել են կողքին՝ անփորձ ճարտարապետի ձեռքով: Չեմ ասում, թե խայտառակություն է, բայց այն արժանի չէ ոչ Երեւանի կենտրոնին, ոչ Կաթողիկեին, ոչ եկեղեցաշինությանը, որովհետեւ նման բան կառուցելու համար պետք էր առավել փորձի զգացողություն ունենալ: Մայր Աթոռի խնդրանքով հանդիպել եմ ճարտարապետի հետ, խորհուրդներ տվել, բայց նա համառորեն պնդեց ու կառուցեց այն, ինչ տեսնում եք»,-նշեց Արտակ Ղուլյանը:
Նա նաեւ նկատեց, որ ապակու կիրառությունը ճարտարապետների շրջանում տարածված գայթակղություն է. «Կարծում են՝ ժամանակակից է, բայց այդպես չէ: Դեպքեր կան, որ ապակու կիրառությունն անհեթեթ է, օրինակ՝ մետաղյա ամրանները պետք է աննկատ լինեն կամ առհասարակ չլինեն»:
Ճարտարապետը համոզված է, որ Կաթողիկեի դեպքում պետք էր հնարավորինս պահպանել հին՝ պատմական քարերը, հորինվածքը. «Մինչդեռ լուսանկարից երեւում է, որ կամարները տաշտշել են, փոխել. ապակու շուրջն առկա քարային մասերն աղավաղված են»:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ Հայաստանում կան դասական ռեստավրացիայի դպրոց անցած վարպետներ, սակայն շատ դեպքերում հուշարձանների վերականգնումը վստահում են պատահական մարդկանց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Արտակ Ղուլյանի լուսանկարը՝ զրուցակցի «ֆեյսբուքյան» էջից
Եկեղեցու արխիվային լուսանկարները՝ Armenian-history.com-ի