ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ: Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները: Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով:
Միաժամանակ նշենք, որ խնդիրը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում. մարզերից և Երևան քաղաքից ամենօրյա պարբերականությամբ նախարարություն է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյան