Գուգարքի թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կոչին` ավագանու նիստերը բոյկոտող ավագանուն միաբանվել գործող քաղաքապետի հետ և հավաքվել քաղաքապետարանում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը բացասաբար է վերաբերվում, իսկ Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը անբարոյականություն է համարում թիրախավորել սրբազանին ու քննադատել:
Հիշեցնենք, որ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբծննդյան պատարագի ժամանակ, որին ներկա են եղել ինչպես ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այնպես էլ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ավագանու կազմը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, Գուգարքի թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կոչ է արել ավագանու նիստերը բոյկոտող ավագանուն միաբանվել գործող քաղաքապետի հետ և հավաքվել քաղաքապետարանում:
Aravot.am-ը պարոն Ասլանյանին հարցրեց` մի՞թե սա չի նշանակում, որ ՀՀԿ-ն Վանաձորում չի կարողանում իր իշխանությունն իրացնել, ուստի ստիպված այդ հարցում ձեռք է մեկնում հոգևոր դասը, պարոն Ասլանյանը պատասխանեց. «Նա ընդամենը հայրական հովվապետական հորդոր է արել: Իսկ այդ հորդորը դարձնել պիտակավորման առարկա, ոչ մեկին իրավունք վերապահված չէ: Կարելի է համաձայնել կամ ոչ: Նման մարդուն, որը քսան տարի այս տարածքում ծավալում է իր ազգանվեր գործունեությունը, տասնյակ անօթևանների բնակարանի տեր է դարձրել, որը զինվորներին արցունքներով է ճանապարհում, այդ մարդուն պիտակավորելն ինքնին անբարոյականություն է»:
Կարդացեք նաև
Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց, որ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն իր պատարագի վերջում ուղղակի քայլ է արել, հորդոր: Դա ոչ ՀՀԿ-ին է եղել ուղղված, ոչ էլ ՀՀԿ-ի մասին, այլ ավագանուն է կոչ արել: Իսկ ավագանու կազմում հինգ խմբակցություն կա: Մամիկոն Ասլանյանը վրդովվեց. «Նա հանդուրժողականության կոչ է անում և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը: Սրբազանից ըմբոստ ու քննադատ Լոռու մարզում չեմ տեսել: Նա օբյեկտիվ մարդ է, իր քննադատության սլաքները միշտ իշխանությանն են ուղղված եղել: Մարդն ուղղակի իր հովվապետական հորդորն է արել»:
Մամիկոն Ասլանյանի կարծիքով` դա եղել է հորդոր, այն չի ունեցել որևէ քաղաքական ուղղվածություն. «Նա քաղաքը սիրող մարդ է և առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում: Ապրիլյան պատերազմի օրերին էլ նա հանդես է եկել հայտարարությամբ»:
Պարոն Ասլանյանին հիշեցրինք, որ վաղվանից` հունվարի 10-ից հետո, Քրիստ Մարուքյանը դիմելու է կառավարություն ավագանին լուծարելու պահանջով: Պարոն Ասլանյանն այս առիթով ասաց. «Դիմում ներկայացնելու փոխարեն բացում են ընդամենը ՏԻՄ օրենքը: Երկու հոդված կա: Եթե չկա, թող գան, սեփական միջոցներով տպեմ տամ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է Վանաձորի և Գյումրու նստաշրջանների ժամանակացույցը, որը սկսվել է սեպտեմբերին և ավարտվել է դեկտեմբերի վերջին չորեքշաբթի օրը: Հաջորդ նստաշրջանը փետրվարի 14-ին է սկսվելու և ավարտվելու հունիսի սկզբին: Մարդը դիմում գրելու փոխարեն ընդամենը բացում է օրենքը, եթե իրավաբանական անալիտիկան բավարարում է, հասկանում է և որևէ դիմում չի գրում»:
Քրիստ Մարուքյանը, ի տարբերություն Մամիկոն Ասլանյանի, անընդունելի է համարում սուրբծննդյան հարթակն օգտագործել քաղաքական կոչով հանդես գալու համար: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց. «Մենք ունենք աշխարհիկ պետություն, որտեղ եկեղեցին անջատ է պետությունից: Ամենայն հարգանքով սրբազանի նկատմամբ` որևէ մեկս չէինք սպասում ու կարծում ենք, որ երբ գնում ես Սուրբ ծնունդի պատարագի մասնակցելու, չես գնում քաղաքական գործընթացների վերաբերյալ հորդորներ լսելու: Չեմ կասկածում նրա սրտացավությանը, որ ցանկություն կա որևէ կերպ օգտակար լինել, բայց այս ամիսներին որևէ կերպ չենք տեսել որևէ միջամտություն մյուս կողմից իրականացվող քայլերի նկատմամբ, հետևաբար միակողմանի թիրախավորված կոչը դուրս է գալիս ՀՀԿ-ի համար որևէ հարց լուծելու քայլ, ինչը բացասական ընկալվեց»:
Քրիստ Մարուքյանի կարծիքով` սրբազանն այլևս չի դիտարկվում որպես անաչառ դիտորդ, նա արդեն հոգևոր դաշտից դուրս է եկել այդ կոչերի պատճառով: Մեր հարցին` հնարավո՞ր է հոգևորականի կոչին հետևեն ու ներկայանան ավագանու նիստերին, պարոն Մարուքյանը պատասխանեց. «Այդ կոչը պատճառ չի դառնա: Մենք որևէ կերպ չենք պատրաստվում այդ կոչով առաջնորդվելով` գնալ նիստերի: Երեք ամսվա ժամկետն է լրանում, որը ավագանու նիստերի գումարման ժամկետն է: Ավագանին որևէ գործունեություն չի իրականացրել: ՀՀԿ-ն, ունենալով մեծամասնություն` ի վիճակի չի եղել նիստեր գումարելու: Մեկ նստաշրջանը սեպտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածն է: Այստեղ գործ ունենք օրենքի տրամաբանության հետ: Եթե երեք ամիս շարունակ ավագանու բոլոր փորձերը ձախողվում են, հետևաբար պառլամենտարիզմի սկզբունքով, եթե չկա մեծամասնությունը, որը ի վիճակի է քաղաքը ղեկավարելու, ուրեմն չպետք է լինի քաղաքապետ»:
Ըստ Քրիստ Մարուքյանի` հենց այս հիմքով էլ դիմելու են կառավարությանը: Նա մեզ տեղեկացրեց, որ հունվարի 11-ին ձևակերպելու են դիմումը, դիմելու են նաև մյուս խմբակցություններին, որպեսզի նրանք էլ միանան, ու առանց ևս երեք ամիս սպասելու, որ ավտոմատ օրենքի ուժող լուծարվի ավագանին, դիմելու են կառավարությանն այդ պահանջով:
Մեր այն հիշեցմանը, թե Մամիկոն Ասլանյանը հորդորում է կարդալ օրենքը, պարոն Մարուքյանն արձագանքեց. «Լավ ընթերցել եմ օրենքը, խորհուրդների կարիք դեռ չեմ զգում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ