Լրահոս
Օրվա լրահոսը

Jane’s Intelligence . Հնարավոր է՝ ԼՂ հարցի լուծումը պարտադրվի արագ և առավել արյունալի հարձակմամբ. «Առաջին լրատվական»

Հունվար 09,2017 13:25

2016 թվականը ճգնաժամային տարի էր Հայաստանի համար, թեև ներքին ու արտաքին ձախողումների շարքն անակնկալ չէր: Իսկ 2017-ին Հայաստանի անկախ պետական ֆունկցիաներն էլ ավելի կթուլանան, և կմեծանա Ռուսաստանի ազդեցությունը երկրում, ինչը նշանակում է, որ Հայաստանը ավելի խոցելի է դառնալու տնտեսական և ազգային անվտանգության առումով, քանի որ Հայաստանը 2013-ին արդեն կատարել է իր արտաքին քաղաքական ընտրությունը՝ միանալով Եվրասիական միությանը և արտաքին ու ռազմաքաղաքական որոշումների կայացման մենաշնորհը զիջելով Մոսկվային:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ ամփոփելով 2016-ին Հայաստանում և երկրի շուրջը տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:
Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին՝ հեղինակավոր կենտրոնի փորձագետը նշեց, որ պատերազմի հավանականությունը մեծ է՝ ավելացնելով. «Եթե Մոսկվան և Բաքուն համաձայնության գան, իսկ հայ հասարակությունը ընդդիմանա նման որոշմանը, ապա հնարավոր է, որ հարցի լուծումը պարտադրվի արագ և առավել արյունալի հարձակմամբ, ինչն, իհարկե, Բաքուն կանի Մոսկվայի գիտությամբ: Սա կարող է հիմք ծառայել լուծման ներկայիս փաթեթի ՀՀ կողմնակիցներին՝ համոզելու հանրությանը, որ Հայաստանը ի վիճակի չէ ԼՂ-ն ներկայիս սահմաններով պահել:»

Հայկական կողմը, Լիլիթ Գևորգյանի խոսքով, Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում նոր տեսլականի և ազատ ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունների կարիք ունի, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում ընդդիմանալ իրենց ռազմավարական դաշնակից Ռուսաստանին այն դեպքում, երբ երկուսի շահերը բախվում են:

– Լիլիթ, անցնող տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Հայաստանը որքանո՞վ կարողացավ դիմագրավել ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ ապրիլյան պատերազմ, բարդ բանակցային գործընթաց Ղարաբաղյան հարցի շուրջը, հասարակական աճող դժգոհություն համակարգի հանդեպ, ներքին աննախադեպ անկայունություն հուլիսին, կառավարության փոփոխություն և այլն: Այս իրադարձությունները ի՞նչ թերություններ ի հայտ բերեցին կամ սխալներ բացահայտեցին, Ձեր գնահատմամբ՝ ճիշտ հետևություններ արվե՞լ են իշխանությունների կամ կառավարության կողմից անվտանգության տարատեսակ սպառնալիքների, համակարգային խնդիրների կապակցությամբ, որոնք ակներև դարձան հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո՝ լինեն դրանք պաշտպանության ոլորտի թերացումները, թե կոռուպցիան:

– 2016-ը ճգնաժամային տարի էր, բայց ներքին և արտաքին ձախողումների շարքը անակնկալ չէր: Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավը ընտրել է կառավարման մի համակարգ, որը շատ արդյունավետ է իշխանության պահպանման առումով: Բայց սա արվում է տնտեսության, երկրի անվտանգության և անկախության հաշվին: Ըստ էության, Հայաստանում միակուսակցական համակարգ է գործում, որի մասն են նաև գրեթե լիովին կառավարելի ընդդիմադիրները, ինչպես ԱՊՀ երկրների մեծ մասում: Այն տարիների ընթացքում է ստեղծվել և արդեն տալիս է իր վատ հետևանքները, ինչպես 2016-ը ցույց տվեց:

Պետք է նշել, որ սա շատ արդյունավետ, լավ ձևավորված համակարգ է իշխանության պահպանման առումով: Այն հենվում է լայնածավալ նեպոտիզմի, բնակչության թվի համեմատ մեծ ոստիկանական ուժի, տնտեսական գործունեության մոնոպոլիզացիայի և ակտիվ մեդիա պրոպագանդայի վրա: Չնայած լրջագույն տնտեսական և անվտանգության ձախողումներին՝ ՀՀ իշխանական բուրգը լիովին հսկում է քաղաքական դաշտը, ուստի վերնախավի համար այս համակարգը փոխելու հիմք չկա:

Ինչպես ԵՏՄ այլ երկրներում, ՀՀ իշխանությունները ևս անցկացնում են կոսմետիկ փոփոխություններ, ինչը հասարակական դժգոհությունների կառավարման ձև է: Լուրջ համակարգային փոփոխություններ, այսինքն՝ արդար ընտրություններ, խորքային պայքար կաշառակերության դեմ և անկախ իրավական համակարգ, չեն լինելու: Բացի, այսպես կոչված, «հմայքային արշավներից», ինչպիսիք են, օրինակ, նոր կառավարության ստեղծումը, նոր ոճով հանրության հետ խոսելը, կաշառակերության համար մի խումբ պաշտոնյաների ձերբակալումը և բարեփոխումների խոստումները, ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կխստացնեն հսկողությունը իրական ընդդիմադիր մամուլի և անհատների վրա: Պատճառը ահագնացող աղքատության մակարդակն է: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների և չափանիշների՝ ՀՀ բնակչության 76 տոկոսը աղքատության գծից ցածր է 2015-ի տվյալներով: Սա լրջագույն վտանգ է համակարգի համար: Շարունակվող արտագաղթը որոշ չափով այս խնդիրը կթեթևացնի: Բայց ներկայիս իշխանական բուրգը կշարունակի հենվել իր ավանդական լծակների վրա՝ լուրջ ընդվզումները վերացնելու համար:

Արտաքին քաղաքական առումով ՀՀ իշխանությունները և քաղաքացիների մեծամասնությունը արդեն կատարել են իրենց ընտրությունը՝ 2013-ին միանալով Ռուսաստանի ազդեցության գոտուն՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Ինչպես և սպասվում էր, ՀՀ-ն աստիճանաբար զիջում է իր արտաքին և ռազմական քաղաքական որոշումների կայացման մենաշնորհը Մոսկվային: Ռուսաստանի հետ սերտ ինտեգրացիան օգտակար է ՀՀ վերնախավի համար: Այն նվազեցնում է լուրջ հասարակական ապստամբությունների ռիսկը՝ հաշվի առնելով, որ Մոսկվան բացահայտ հակակրանք ունի դեմոկրատական համակարգային փոփոխությունների նկատմամբ, հատկապես ԵՏՄ երկրներում: 2017-ին ՀՀ անկախ պետական ֆունկցիաներն էլ ավելի կթուլանան, Մոսկվայի ազդեցությունը կմեծանա, ինչը նշանակում է, որ տնտեսական, ազգային անվտանգության առումով ՀՀ-ն ավելի խոցելի է դառնալու:

Արամ Սարգսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Առաջին լրատվական»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031