ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ամփոփում է 2016 թվականը
– Ինչպե՞ս եք գնահատում 2016 թվականը: Ըստ Ձեզ, ի՞նչ լուրջ ցնցումներ կամ նաեւ դրական տեղաշարժեր եղան։
-Տարին բարդ էր, լարված եւ պայթունավտանգ, հունվարին՝ Երեւանում վնասազերծվեց ահաբեկիչների խումբը, ապա՝ ապրիլյան պատերազմ, լարվածություն սահմաններում, ապա՝ հերոսական հաղթանակ, ցավոք, կորցրինք մեր հերոս տղաներին, բանակցային գործընթացի բացակայություն, Ադրբեջանի ոչ համարժեք պահվածք, ապա, Հռոմի Պապի այց, մաքրվելու եւ լուսավորի հետ հաղորդակցվելու հնարավորություն, ապա, հուլիսյան դեպքերը մայրաքաղաքի կենտրոնում, զոհվեցին ոստիկաններ, ահ ու սարսափի մեջ օրեր շարունակ գտնվող երեւանցիներ, հարցի խելամիտ լուծում, պատանդների ազատագրում։ Կառավարության արմատական փոփոխություն, նոր վարչապետ` նոր ծրագրերով եւ նոր կերպարով, օլիմպիական չեմպիոններ, Հենրիխ Մխիթարյանի վիրտուոզ խաղ ու հպարտություն, սա է, մոտավորապես այն քարտեզը, որով անցանք բոլորս միասին, եւ հուսամ, գալիք տարին ավելի բարեհաճ կգտնվի մեր ժողովրդի եւ մեր պետության համար։
-Իսկ անձամբ Ձեր կյանքում ի՞նչ ձեռքբերումներ եւ կորուստներ եղան։
Կարդացեք նաև
– Տարվա ընթացքում կատարած աշխատանքի ամփոփումն այս տարի, թերեւս բացառիկ պիտի լինի, քանի որ մենք, պատգամավորներս ամփոփում ենք անցած հինգ տարիները, մեր ձեռքբերումներն ու սխալները։ Գիտեք, որ խորհրդարանում ինձ վստահված է Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պարտականությունը, եւ այս աշխատանքի ընթացքում ավելի տեսանելի դարձան խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունները, տարբեր երկրների գործընկերների հետ արդյունավետ աշխատանքը, բարեկամությունը եւ համախմբվածությունը համամարդկային արժեքներին։
Հարկ եմ համարում շեշտել, որ մեր երկրի արտաքին գործերի նախարարության, մեր բոլորի ջանքերով՝ ֆրանկոֆոն հարթությունում այսօր Հայաստանը դիտվում է որպես արժանի, վստահելի, ուժեղ եւ կարեւոր գործընկեր, նաեւ սա է պատճառներից մեկը, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցի գագաթնաժողովը 2018-ին տեղի կունենա Հայաստանում: Կառույցի ղեկավարները անդամ 84 երկրներից ընտրել են Հայաստանը, եւ սա հպարտանալու եւ ավելի զգոն եւ արդյունավետ աշխատելու մի նոր առիթ է:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարականներ է տվել ԱԳ նախարարին, այս պատասխանատու գործը հավուր պատշաճի կատարելու համար։ Անցնող 5 տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն անցկացրել է ընդհանուր հաշվով 20 նիստ, այդ թվում՝ վեհաժողովներ, տարածաշրջանային նիստեր, ինչպես նաեւ կանանց խորհրդի նիստեր։ Ինքս որպես ԽՎ անդամ երկրի սեկցիայի ղեկավար այդ 20-ից ընդամենը 9 նիստի եմ մասնակցել՝ չմասնակցությունը եղել է ոչ թե իմ անձնական որոշումը, այլ՝ «փող չկա», «հեռու է», «էստեղ էլ նիստ ունենք» եւ այլ պատճառաբանություններով։ Սա հատուկ նրանց համար, ովքեր շատ «անհանգիստ» էին իմ գործուղումների թեմայով։
Պիտի ասեմ, որ ելույթ եմ ունեցել մասնակցածս բոլոր այն նիստերում, խոսել եմ մշակութային, լեզվական եւ այլ հարցերի, հայոց ցեղասպանության թեմայի մասին, 100 ամյա տարելիցի առիթով հրավիրել եմ նիստն անցկացնել Երեւանում, հրավերս չմերժելով, եվրոպացի գործընկերներս (մեկ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ), 2015-ի մարտին Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստը անցկացրին Երեւանում, եղան ցեղասպանության զոհերի հուշարձան-թանգարանում, ընդունեցինք աննախադեպ հայտարարություն՝ դատապարտելով Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը, եվրոպական երկրների իմ գործընկերներին ընդունեց մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը։
Ապրիլյան պատերազմից հետո, Եվրոպայի տարածաշրջանային լիագումար նիստում, խոսելով Ադրբեջանի վայրագությունների եւ ագրեսորական կեցվածքի մասին, ներկաներին բաժանեցի գրքույկներ, այդ վայրագությունների պատկերներով եւ գրառումներով: Իմ այս ելույթը լսվեց նաեւ Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որը եւս աննախադեպ էր։
2016-ի մարտին խորհրդարանում ստեղծեցինք երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարան, որի կազմում են երկրի 4 բուհերի ֆրանսախոս 50 ուսանողներ, նախաձեռնել ենք նույնատիպ խորհրդարան ստեղծել նաեւ Արցախում, հրավերներ եմ ուղարկել, նաեւ՝ տետ ա տետ հանդիպումների ժամանակ հրավիրել եմ իմ գործընկերներին, սիրով ընդունելով հանդերձ, օբյեկտիվ պատճառներով չկարողացան նիստին ներկա լինել մեր նախատեսած ժամկետում՝ հոկտեմբերին, հուսամ, գարնանը կկարողանանք կատարել նաեւ այս խոստումը։
Եկող տարվա մարտին, Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի օրերին կանցկացնենք մեր հերթական նիստը։Վերջերս նամակ ստացա նաեւ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, հայտնի սենատոր պարոն Պիեռ Լեժանդղից, առաջարկում է քաղաքական հարցերի հանձնաժողովի առաջիկա նիստը անցկացնել Երեւանում, սիրով շնորհակալություն հայտնելով այդ մեծ վստահության համար, բացատրեցի իմ ավագ գործընկերոջը, որ մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ եւ ժամկետների մասին կարելի կլինի խոսել ավելի ուշ։
Մեր խորհրդարանում ինքս 11 օրենսդրական նախաձեռնության համահեղինակ եմ, որոնցից 9-ն արդեն ընդունված օրենքներ են, բազմաթիվ ելույթներ եմ ունեցել, հարցերով դիմել եմ կառավարությանը: Եղել եմ Արցախում, առաջնագծում եւ նվերներ ու դպրոցականների նամակներ եմ փոխանցել մեր երկրի սահմանները պահող հերոս զինվորներին, պարբերաբար այցելում եմ հերոս զինվորների ընտանիքներին, իհարկե, չեմ հասցնում բոլորին այցելել, բայց կարծում եմ, յուրաքանչյուրս թեկուզ մեկական ընտանիքի հետ բարեկամանալով,մարդկանց ինչ-որ չափով կփորձենք սփոփել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ