Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է չժանգոտվող պողպատից թիթեղամանը (պատմվածք)

Հունվար 08,2017 22:27

Ցոլակը իր ավտոտնակին կից փոքրիկ հողակտորում տարբեր տեսակի ծառեր ու բազմամյա ծաղկատեսակներ էր խնամում, իսկ ամեն գարնան էլ՝ մի քանի տեսակի կանաչիներ (համեմ, ռեհան, անանուխ) էր աճեցնում:

Այդ տարի նրա այգու սալորենիները առատ բերք էին տվել և նա չգիտեր ինչ պիտի աներ այդքան մրգի հետ: Մեծ քանակի չիր պատրաստելը այնքան էլ նորմալ բան չէր, դրա համար անհրաժեշտ տարածք էր պետք, իսկ ավտոտնակի կտուրին չիր փռելը, նույնն էր, ինչ այն հանձնել թաղի չարաճճի տղաների հայեցողությանը, ովքեր հաջորդ օրն իսկ կսրբեին ու կտանեին այդ բոլորը: Վաճառել նույնպես չէր կարող, քանի որ այն իր բնավորությանը հակառակ բան էր, երևի գնորդ էլ չէր ճարվի այդպիսի մրգատեսակի համար:

Այս մտածմունքների մեջ՝ նա մի քանի օր անցկացրեց և վերջին օրը կարծես թե ելքը գտավ ու որոշեց սալորից օղի թորել, որը փչացող ապրանք չէր, երկար կպահպանվեր ու դրանով էլ գալիք Ամանորին կհյուրասիրեր իր տուն այցելող բազմաթիվ բարեկամներին ու հարազատներին, իսկ եթե մի մասն էլ մնար, ապա դա էլ Ամանորից հետո կօգտագործեին:

Բայց այս հրաշալի գաղափարը իրականացնելու համար նրան հարմար տարաներ էր պետք մրգի խմորման ընթացքը ապահովելու համար, իսկ վերջնական արդյունքը՝ բարձրորակ օղին ստանալու համար նաև՝ հատուկ այդ նպատակներին ծառայող թորման սարք:

Այս առիթներով էլ նա երկար մտորումների մեջ ընկավ և առաջինը փորձեց լուծել տարաների հարցը, որից հետ նոր միայն կմտածեր երկրորդ քայլի՝ օղու թորման մասին:

Մի քանի օր աշխատանքի գնալու ու տուն վերադառնալու ճանապարհին, նստած ավտոմեքենայի փափուկ նստարանին (մեքենան թոռնիկն էր վարում), քրքրելով իր հիշողության ծալքերը, նա վերջապես հիշեց, որ Զարուհի քրոջ տանը մի ժամանակ տեսել է չժանգոտվող պողպատից պատրաստված թիթեղաման (բիդոն), որի մեջ քույրը ամեն աշնան՝ զանազան բանջարեղեններից թթու էր պատրաստում:

Այդ օրը, տուն վերադառնալուն պես, անմիջապես զանգահարեց քրոջը:

-Բարև, քույրիկ ջան, ոնց ե՞ս, ի՞նչ կա-չկա, երեխաները, թոռները ինչպե՞ս են:

-Բարև, եղբայր ջան, ոչինչ, լավ եմ, բայց էս ճնշումը հոգիս հանում է:

-Դե՛, արդեն մեծացել ենք, սիրտներս ու գլուխներս մաշվել են, էլ բանի պետք չեն:

-Հա՛, էլ մի ասա, դու ինչպե՞ս ես:

-Ինձ մոտ էլ, դե գիտես, սրտի խնդիրն է անհանգստացնում:

Զրույցը երկար տևեց, ինչպես հաճախ էր լինում, երբ հեռախոսով քույր ու եղբայր հաղորդակցվում էին իրար հետ ու վերջում քիչ էր մնացել, որ Ցոլակը մոռանար, թե ինչի համար է, հատկապես, այս անգամ զանգահարել ու կտրուկ փոխելով զրույցի թեման քրոջը հարցրեց վերոհիշյալ թիթեղամանի մասին:

Բանից պարզվեց, որ նա դիպել էր քրոջ նրբագույն լարերին, որին էլ ստացավ չհուսադրող պատասխանը այն մասին, որ այդ թիթեղամանը, մի քանի տարի առաջ, մեղվապահ մեծ եղբոր խնդրանքով նրան է տվել իր հանգուցյալ ամուսինը՝ ամռանը մեղր լցնելու, իսկ աշնանը վերադարձնելու պայմանով, որ թթու դնեն, բայց այդպես էլ, մինչև օրս չի վերադարձրել:

-Ես եղբորս բառացիորեն ասացի՝ ամռանը քեզ, իսկ աշնանը ինձ, բայց նա ամեն անգամ խոստանալով, որ այն կվերադարձնի, այդպես էլ մինչև օրս չվերադարձրեց, իսկ անցյալ տարի էլ, որ նա հեռացավ կյանքից, անհարմար եմ զգում կնոջից ետ պահանջել իմ ապրանքը: Բայց այդ թիթեղամանը հանգուցյալ ամուսնուս նվերն էր ու ես ցավով եմ հիշում, որ այն արդեն քանի տարի է չեմ տեսնում մեր տանը և թթուն դնում եմ ապակյա տարաների մեջ՝ վախենալով, որ հանկարծ դրանք կգցեմ, կկոտրեմ: Եթե կարող ես, գնա վերցրու, բանեցրու, հետո կբերես, կտաս ինձ, որ թթու դնեմ:

Այսքանով էլ հեռախոսազրույցը ավարտվեց ու Ցոլակը որոշեց թիթեղամանի հարցով դիմել մեծ եղբոր առաջնեկին՝ Վարշամին, որն էլ տնօրինում էր ամառանոցի և միանձնյա սեփականաշնորհած հայրենական տանը և հոր թողած մնացած արժեքներին:

Մի տխուր առիթով հանդիպման ժամանակ, զրույցի ընթացքում, Ցոլակը այդ թիթեղամանի մասին ակնարկ արեց Վարշամին:

-Հա՛, հոպար ջան,-ասաց Վարշամը,-այս միջոցառումը վերջանա, կգնանք հայրիկի ամառանոց, երևի այնտեղ կլինի թիթեղամանը, կվերցնես:

-Էդ բիդոնը արդեն չկա,-կողքից լսելով այս խոսակցությունը, մեջ ընկավ Ցոլակի մեծ քրոջ որդին՝ Միհրանը, որը մեծ քեռու հետ մի քանի տարի մեղվապահություն էր արել:

-Ինչպե՞ս թե, չկա,-զարմացավ Վարշամը,-բա, ի՞նչ է եղել:

-Դե՛, որ ասում եմ չկա, ուրեմն, չկա, քեռի ջան,-դիմելով Ցոլակին, ասաց Միհրանը,-ես քեզ այդ գործի համար պլաստմասսայից գեղեցիկ ու հարմար բիդոն կտամ, շատ լավն է, կափարիչով, քառասուն լիտրանոց:

-Բայց դա իմ սալորի քանակի համար փոքր է,-նեղսրտեց քեռին:

-Երկուսը կտամ, եթե մեկը քիչ է, խնդիր չկա:

Այս խոսակցությունն էլ այսպիսի վերջաբան ունեցավ և կողմերը պայմանավորվեցին մի քանի օրից հետո հանդիպել և տարաների հարցը լուծել:

Անցավ մի որոշ ժամանակ և Ցոլակը հերթական անգամ զանգահարեց Զարուհի քրոջը, հարց ու փորձ արեց առողջականից, տնեցիներից, բայց զրույցի վերջում քույրը հանկարծ հիշեց և հարցրեց.

-Եղբայր ջան, էն թիթեղամանը վերցրեցի՞ր:

-Քույրիկ ջան, այն թիթեղամանը արդեն չկա, բայց ես Վարշամից երկու պլաստմասսայից տարաներ եմ վերցրել, եթե ուզում ես, մեկը կտամ քեզ:

-Պլաստմասսայե ամանը ինչիս է պետք, մեր տանը դրանից երկու հատ կա, ես իմ ամուսնու հիշատակ թողած թիթեղամանն էի ուզում:

-Քույրիկ ջան, էդ թիթեղամանը արդեն չկա,-նորից կրկնեց Ցոլակը:

-Ինչպե՞ս, թե չկա:

-Հենց այդպես, չը-կա:

-Բա, ի՞նչ է եղել:

-Չգիտեմ, արի այդ մասին մոռացիր:

-Բայց ո՞նց մոռանամ, այն ամուսնուս թանկարժեք նվերն էր: Դե՛, արի ու լավություն արա:

Զարուհի քույրիկը զայրացած անջատեց հեռախոսը և անմիջապես զանգահարեց մեծ եղբոր կնոջը և բարևելով ու չսպասելով պատասխանի ասաց:

-Բարև, Էմմա, դու հիշու՞մ ես, որ եղբայրս չժանգոտվող պողպատից թիթեղաման է վերցրել ինձանից ու մինչև հիմա չի վերադարձրել:

-Հա, հիշում եմ, Զարուհի ջան, երբ Վարշամը գա մեր տուն, կասեմ, որ գնա ամառանոց, թիթեղամանը գտնի, բերի, տա քեզ:

Եվս մի քանի նախադասություններ փոխանակելուց հետո հարս ու տալ հրաժեշտ տվեցին իրար և անջատեցին հեռախոսները: Իսկ մի քանի օր հետո, հարսը զանգահարեց ամուսնու քրոջը և ասաց.

-Բարև Զարուհի, Վարշամը եկավ, հարցրեցի այդ թիթեղամանի մասին, իսկ նա ինձ ասաց, որ ես գործ չունեմ դրա հետ:

-Ինչպե՜ս, թե գործ չունես, բա ո՞վ ունի:

-Չգիտեմ:

-Ա՜յ, քեզ բան,-ասաց Զարուհին ու զայրացած անջատեց հեռախոսը՝ ի նշան բողոքի:

Ու մինչ օրս, երբ Ցոլակը հերթական անգամ զանգահարում է քրոջը, երկար զրույց են անում, բայց խոսակցության ընթացքում Զարուհի քույրիկը անպայման ցավով հիշում է այդ թիթեղամանի մասին, իսկ Ցոլակն էլ՝ զգալով իր մեղքի բաժինը, որ իր սալորի պատճառով, անխոհեմաբար քրոջը հիշեցրել է այդ չարաբաստիկ թիթեղամանի չգոյության մասին, փորձում է արդարացումներ գտնել իր անզգույշ քայլի համար:

Զարուհի քույրիկն էլ, իր հերթին մեղադրում է հանգուցյալ ամուսնուն, որ իրեն չլսեց և այդ թիթեղամանը հանձնեց եղբորը, որի իրավահաջորդ ընտանիքը վերջին հեռախոսազանգից հետո այդ մասին պահպանում է քար լռություն, իր վրա չցանկանալով վերցնել ընտանիքի հոր բանավոր պարտավորությունը՝ թիթեղամանը իր իսկական տիրոջը ժամանակին վերադարձնելու խոստումով, նախապես պայմանավորված սխեմայով:

Բանը նրանում է, որ մեծ քրոջ որդի Միհրանն էլ՝ տեղյակ լինելով այդ թիթեղամանի անհետացման մանրամասներին, առանց լուսաբանելու իրական պատմությունը, ուղղակի անտարբեր ժպտալով ասում է՝ «էդ բիդոնը չկա ու վերջ»:

Բայց չժանգոտվող պողպատից պատրաստված անզուգական թիթեղամանի կորստի փաստին Զարուհի քույրիկը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել ու հարմար առիթի դեպքում, պատեհ, թե անպատեհ բողոքում է, որ իր թթու դնելու չժանգոտվող պողպատից պատրաստված թանկարժեք թիթեղամանը այդպես էլ անհետ կորել է:

Ու այստեղ ակամայից հիշում ես այն հայտնի պատմվածքի մասին, որտեղ ազգակցական ոչ մի կապ չունեցող գործող անձինք, որոնցից մեկը՝ հարուստ տղամարդը, ամեն առիթով հիշեցնում էր աղքատին նվիրաբերած յուղալի մսակտորի մասին և հրապարակայնորեն հպարտանում իր բարեգործությամբ, իսկ այս պատմության կողմերը արյունակից հարազատներ են, բայց ապրանքի տերը՝ նախաընտանիքի դուստրը, ապրանքը չի նվիրաբերել մեծ եղբորը, այլ այն տվել է՝ ամռանը որպես մեղրաման ժամանակավոր օգտագործելու համար, իսկ աշնանը ետ վերադարձնելու պայմանով, որ ինքը թթու դնի, բայց թիթեղամանը անհայտ կորել է…

ՍԻՄԱԿ   ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. samvel says:

    Այս դեղին երեք նշանը ի՞նչ են նշանակում, չեմ հասկանում:

Պատասխանել