Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորակոչիկներին հարցուփորձ էին անում՝ դատվածություն ունե՞ն, ծնողազո՞ւրկ են, մարմնին դաջվածքներ ունե՞ն (Տեսանյութ)

Հունվար 08,2017 20:08

Այսօր կենտրոնական զինվորական հավաքակայանում, որտեղ պաշտպանության նախարարը հետեւում էր այս տարվա առաջին զորակոչի ընթացքին, լրագրողները նախարար Վիգեն Սարգսյանին հարցրին, թե նորակոչիկներին բանակ են զորակոչում առողջական խնդիրներով, այդ առումով ինչպիսի՞ փոփոխություններ կան:

Պաշտպանության նախարարն ասաց, որ հանրապետական հանձնաժողովի առջեւ խնդիր են դրել՝ ուսումնասիրել յուրաքանչյուր դեպքը. «Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ֆիքսում, որ շատ նորակոչիկներ գալիս են հիվանդությունների հաստ փաթեթով եւ յուրաքանչյուր դեպքում մինչեւ վերջ հասկանալու խնդիր կա դրա իսկությունը եւ հիմնավորվածությունը: Զինված ուժերի շահերից է բխում, որպեսզի զորակոչվեն եւ ծառայություն անցնեն այն մարդիկ, որոնք ֆիզիկապես ի վիճակ են դա անելու՝ առանց լրացուցիչ բարդություններ առաջացնելու առողջության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր նորակոչիկների զորակոչին ներկա ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հայտնեց, որ ՊՆ նոր նախարարի հրամանով բանակ զորակոչվածները մարտական հերթապահության կանցնեն վեց ամիս հետո, իսկ մինչ այդ նրանց ծառայությունը կանցնի ուսումնական զորամասերում: Հիշեցնենք, որ այդ ժամկետը զգալի կրճատվել էր եւ զինվորական ծառայության անցնելուց երկու ամիս անց զինվորները անցնում էին մարտական հերթապահության:

Նախքան կենտրոնական հավաքակայան գալը Նախարարը եւ Գլխավոր շտաբի պետը եղել են Սարդարապատում, որտեղ նորակոչիկների համար արարողություն է կազմակերպվել: Ինչպես պարոն Սարգսյանն ասաց, հերթական անգամ հիացել է «մեր տղաների մարտական ոգով, տրամադրվածությամբ ու վճռականությամբ»:

Նախարարի խոսքերով, ինքն էլ խոստացել է՝ ամեն ինչ անել, որ նրանք իրենց ծառայության ընթացքում զգան այն փոփոխությունները, նորամուծությունները որոնք ծառայություն ավելի հարմարավետ կդարձնեն:
Հավաքակայանում զինվորներին ընդունում, հարցուփորձ էին անում՝ դատվածություն ունե՞ն, ծնողազո՞ւրկ են, մարմնին դաջվածքներ ունե՞ն: Եթե նորակոչիկների մեջ կային, որոնք միակողմանի ծնողազուրկ էին, հանձնաժողովի անդամները հետաքրքրվում էին՝ ինչից է մահացել, երբ եւ այլն:

Գլխավոր շտաբի պետի խոսքերով, զինվորները հենց հավաքակայանում հանդերձավորվում են եւ արդեն զինվորական հագուստով մեկնում զորամասեր:

Մովսես Հակոբյանի խոսքերով, նախկինում քաղաքացիական հագուստով էին մեկնում զորամասեր եւ ինչ է թե գիտեին, որ այդ հագուստները դեն են նետելու, շատ թեթեւ հագնված էին գալիս:

Aravot.am-ի հարցին, թե պատվաստումները նույն օ՞րն են կատարում, նորակոչիկներին տանելիս, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ արդեն երրորդ զորակոչն է, ինչ պատվաստումները նախապես են կատարում, որպեսզի նորակոչիկները ճանապարհին չհիվանդանան, նրանց օրգանիզմը հարմարվի եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031