Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում հունվարի 5-ի երեկոյան շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետը մատուցեց Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պատարագին ներկա հավատացյալները եկեղեցու վառվող մոմերից կրակ տարան տները:
Այսօր՝ հունվարի 6-ին՝ առավոտյան, եկեղեցու զանգերը հայտարարեցին Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սուրբ Ծննդյան տոնը: Հոգևոր առաջնորդ Աթանաս վարդապետը սարկավագի և օգնականի հետ մատուցեց Սուրբ Ծննդյան Պատարագ, որին ներկա էին բերձորցիներ, մոտակա համայնքների բնակիչներ, հյուրեր, շրջվարչակազմի և քաղաքապետարանի աշխատակիցներ:
Հոգևոր հոր օրհնությամբ և Տերունական աղոթքով սկսվեց տոնը: Եկեղեցու երգչախմբի ուղեկցությամբ հոգևորականները շարականներ ու աղոթքներ հնչեցրեցին; Հայր Աթանասն անդրադարձավ Քրիստոսի Հրաշափառ Ծննդի և Մկրտության խորհրդին՝ ասելով, որ Հիսուսն իր Ծնունդով Աստծո Լույսը բերեց ողջ մարդկությանը: Որ իր՝ երկիր գալով Փրկիչը մաքրեց աշխարհը հեթանոսությունից: Նրա ծնունդով փոխվեց նաև թվարկությունը:
Կարդացեք նաև
Խոսելով մեր ժողովրդի՝ որպես առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունողի մասին՝ Հայր Աթանասը կոչ արեց միասնության, չար մտքերից ու արարքներից մաքրվելու: Նշեց, որ դեռևս Քրիստոսի կենդանության օրոք Հայոց արքա Աբգարը դարձավ քրիստոնյա՝ իր վրա զգալով Քրիստոսի աստվածային էությունը: Այնուհետև անդրադարձավ Ջրօրհնեքի խորհրդին՝ ասելով, որ այն կապված է Քրիստոսի Մկրտության հետ, և ջուրը մաքրության խորհրդանիշ է:
Ավարտելով Սուրբ Պատարագը՝ Հայր Աթանասը միմյանց նկատմամբ բարի ու սիրալիր լինելու ցանկությամբ դիմեց ներկաներին՝ մաղթելով, որ 2017-ը լինի խաղաղության ու հաջողությունների տարի, աղոթք հղեց առ Աստված, որ Տերը բարեհաճ լինի մեր ժողովրդի հանդեպ, ուժ ու զորություն, առողջություն տա հայ զինվորին; Սուրբ Արարողությունից հետո եկեղեցում ներկաները տներ տարան օրհնված ջուրը, որը համարվում է բուժիչ և մարդկանց մաքրում է մեղքերից, չար խորհուրդներից:
Զոհրաբ Ըռքոյան