Միացյալ Նահանգների Սենատում կազմակերպված լսումների ընթացքում երկրի առաջատար հետախուզական ծառայությունների ղեկավարները օրենսդիրներին ներկայացրել են մանրամասներ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի դեմ կազմակերպված կիբերհարձակման վերաբերյալ:
Բացելով լսումները հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն ընդգծեց, որ Ռուսաստանի կառավարության կողմից հրահանգված կիբերհարձակումը Միացյալ Նահանգների դեմ, որի մեջ համոզված են ԱՄՆ-ի բոլոր հատուկ ծառայությունները, չպետք է մնա անպատասխան:
Լսումներին ներկա Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Ջեյմս Քլափերը խոստացավ սենատորներին հաջորդ շաբաթ փակ նիստում ներկայացնել կիբերհարձակումներում Ռուսաստանի իշխանությունների դերի բոլոր ապացույցները: Գնահատելով դրանց լրջությունը, Քլափերն ասաց.
«Արդյոք դա պատերազմական գործողությո՞ւն է ԱՄՆ-ի նկատմամբ. դա մենք չէ, որ պիտի որոշենք, սակայն, իմ համոզմամբ, դա ծայրաստիճան ծանր արարք է»:
Կարդացեք նաև
Քլափերն ավելացրեց, որ Մոսկվան չի սահմանափակվում կիբերհարձակումներով, այլ նաեւ ԱՄՆ-ի դեմ կեղծ տեղեկատվություններ է տարածում սոցցանցերում:
Լսումներին ներկա դեմոկրատական սենատոր Ջեք Ռիդն ընդգծեց, որ Մոսկվան անհայտ պատճառներով ընկալում է ժողովրդավարության տարածումը որպես ագրեսիվ քայլ իր նկատմամբ.
«Ռուսական կառավարությունը այդ ամենից բացի նաեւ ստեղծում եւ տարածում է կեղծ լուրեր սոցցանցերում: Ռուսական իշխանությունների նպատակն է տատանել մարդկանց վստահությունը դեմոկրատական հաստատությունների նկատմամբ»:
Եզրափակելով լսումները, ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Մարսել Լեթրեն ընդգծեց, որ Վաշինգտոնում լրջորեն մտահոգված են Մոսկվայի ագրեսիվ գործողություններով.
«Ռազմական տեսանկյունից, մենք մտահոգված ենք ոչ միայն Ռուսաստանի կողմից կիբերհարձակումներով, այլ՝ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններով: Այնպես որ, Ռուսաստանը պատասխանատվության է կանչվելու մի շարք դրվագներով, որպեսզի նրանք զերծ մնան նման գործողություններից ապագայում»:
Վերլուծաբանները հիշեցնում են սակայն, որ Ռուսաստանի նկատմամբ ապագա քաղաքականությունը հիմնականում որոշելու է Դոնալդ Թրամփի վարչակազմը, որի երդման արարողությունը կայանալու է հունվարի 20-ին:
Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում