Միացյալ Նահանգների Կոնգրեսում այսօր լսումներ են անցկացվում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների վերաբերյալ, ինչը ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածելի է համարում:
Լսումներն անցկացվում են Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովում, որի ղեկավար հանրապետական Ջոն ՄըքՔեյնը համոզված է, որ ԱՄՆ-ի վրա հաքերային հարձակումներ են կատարվել և դրանց հետևում կանգնած է Մոսկվան:
Լսումներին մասնակցում են ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ղեկավարները՝ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփերը, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը և Պենտագոնի ղեկավարի հետախուզության գծով տեղակալ Մարսել Լեթերը:
Մինչ լսումները ամերիկյան հատուկ ծառայությունների պաշտոնյաները պնդել էին, որ ընտրարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև առանձին անհատների կայքերը, հաքերային հարձակումների են ենթարկվել, և որ այդ հարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը: Ամերիկյան հետախուզության պաշտոնյաները նաև նշել էին, որ հաքերային հարձակումների նպատակը Թրամփին օգնելն էր՝ հաղթելու իր մրցակից դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Կարդացեք նաև
Դեմոկրատների ազգային կոմիտեի և Հիլարի Քլինթոնի քարոզարշավի պատասխանատուներից Ջոն Պոդեստայի համակարգչից գողացված տվյալները հայտնվել են մամուլում՝ վնաս հասցնելով Հիլարի Քլինթոնի քարոզարշավին:
Մոսկվան բազմիցս հերքել է այս պնդումները: Բացի դեմոկրատներից, մի շարք հանրապետականներ ևս գտնում են, որ նախընտրական շրջանում ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների է ենթարկվել, սակայն դա չեն կապում Թրամփի հաղթանակին օգնելու հետ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: