Արցախի Հանրապետության բոլոր շրջաններից ու մայրաքաղաքից մոտ 400 աշակերտներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ գլխավոր տոնածառի մոտ, մասնակից եղան ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կազմակերպած Սուրբ Ծննդյան ամանորյա տոնական միջոցառմանը, որին ներկա էր նաև հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Աշակերտների, նրանց ուղեկցող ուսուցիչների ծնողների տոնն առավել գեղեցիկ դարձրեցին Ստեփանակերտի մշակույթի տան և մանկապատանեկան ստեղծագործությունների կենտրոնի սաներն ու արտիստները: Ներկաներին ողջունեց ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը՝ մաղթելով, որ խաղաղությունը տիրի հայոց աշխարհում: Ս. Ասրյանն անդրադարձավ 2016-ի գարնան պատերազմական իրադարձություններին՝ նշելով, որ դրանք բացասաբար չանդրադարձան երկրի կրթական բնագավառի վրա: Բեմում հայտնվեց տարվա խորհրդանիշ Կարմիր Աքլորը՝ հավաստիացնելով, որ տարին լինելու է մեր ժողովրդի համար խաղաղ ու առատաբեր, քանի որ սահմանում կանգնած է Հայոց բանակը, իսկ այգիներում ու արտերում աշխատելու են հայ շինականն ու այգեգործը: Աքլորին միացան նաև երեխաների սիրած մուլտֆիլմերի հերոսները:
Կարդացեք նաև
Այնուհետև երեխաների կանչով եկավ Ամանորի տեր Ձմեռ Պապը, և ուրախ երգն ու պարը տոնածառի շուրջ դարձավ հրապարակի տերը: Մոտ մեկ ժամ տևած ուրախ ելույթներից հետո աշակերտները խումբ-խումբ և առանձին լուսանկարվեցին երկրի Նախագահի հետ: Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, այլ պաշտոնատար անձինք:
Քաշաթաղի շրջանից տոնին մասնակից եղավ Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 և Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցների սաները՝ շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի, կրթության և սպորտի, մշակույթի բաժինների ներկայացուցիչների, դպրոցների ուսուցիչների ուղեկցությամբ: Ընթացքում զրուցեցի աշակերտների և նրանց ուսուցիչների հետ; Բոլորն էլ գոհ էին կազմակերպիչներից, երկրի Նախագահից, որ այդ օրը գեղեցիկ դարձրեցին հարյուրավոր մանուկների ու մեծերի համար: Տոնի մասնակիցները տուն վերադարձան՝ ստանալով նաև կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից հատկացված նվերները: Քաշաթաղցիները վերադարձին այցելեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, մոմեր վառեցին, «Տերունական աղոթք»-ով մեր երկրին խաղաղություն մաղթեցին, սահմանի զինվորին՝ անփորձանք ծառայություն: