2016 թվականի դեկտեմբերի 15-ից (21 օր) «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ներսես Պողոսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ: Նրա բողոքն ուղղված է դատարանների կողմից իր կալանքի ժամկետի ապօրինի երկարացմանը: Ն. Պողոսյանի կալանքի ժամկետը առաջին ատյանի դատարանը երկարացրել է գրության հիման վրա, ինչը վերաքննիչ քրեական դատարանը (վերաքննիչ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը մինչ օրս չի տրամադրվել Ներսեսին կամ նրա պաշտպաններին) օրինական է համարել:
Իր բողոքի՝ ապօրինի կալանքի վերաբերյալ Ն. Պողոսյանը գրավոր հայտնել է ՀՀ Արդարադատության նախարարին, Գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին:
Արդարադատության նախարարն իր տարեվերջյան ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ինքն այդ դեպքին (Ն. Պողոսյանի հացադուլին, առողջական վիճակին և պահանջին) ծանոթ չէ, բայց «կուսումնասիրի և կպարզի» խնդիրը։ Ասուլիսից հետո նախարարը Ն. Պողոսյանին պատասխանել է, և պատասխանի մեջ Ներսեսի համար նշել է ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներ և հայտնել՝ «Ինչ վերաբերում է Ձեր կողմից հացադուլ հայտարարելուն, հայտնում ենք, որ Դուք ս/թ դեկտեմբերի 15-ին հայտարարել եք հացադուլ, կապված Ձեզ առաջադրված մեղադրանքին համաձայն չլինելու հետ» :
Նախարարության պատասխանից պարզվում է, որ նախարարն իրապես ծանոթ չէ դեպքին. Ն. Պողոսյանն իր դիմումի մեջ առաջադրված մեղադրանքի մասին ոչինչ չէր նշել, իսկ Արդարադատության նախարարությունից ոչ թե պատասխանել են Ներսեսի դիմում-պահանջին, այլ այդ գրությամբ ամրագրել է իր թվացյալ գործունակությունը:
Նախարարության պատասխանը ամփոփվել է հետևյալ «անզուգական» մտքով. «Հացադուլ հայտարարելու օրվանից առ այսօր … Ձեզ հետ տարվում են համապատասխան բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլը դադարեցնելու և Ձեր կողմից ներկայացված հարցերը օրինական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Դժվարությամբ, բայց ըմբռնմամբ փորձում ենք հասկանալ «բացատրական և խորհրդատվական աշխատանքներ» տանելու մասին միտքը, բայց չենք կարողանում հասկանալ, թե ինչու է նախարարի համար հացադուլը համարվում անօրինական գործողություն:
Հաշվի առնելով այն հանգամանքները, որ Ն. Պողոսյանի կալանքի ժամկետը երկարացվել է մեկ գրության հիման վրա (որի պատճենը դատարանը հրաժարվեց տրամադրել պաշտպաններին);
Վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի ապօրինի որոշումը որակեց որպես օրինական;
Մինչ օրս ո՛չ Ն. Պողոսյանը, և ոչ էլ նրա պաշտպանները չեն ստացել դեկտեմբերի 14-ի դատարանի որոշման օրինակը;
Արդարադատության համար պատասխանատու պաշտոնյան դեպքին փաստացի ծանոթ չէ և ծանոթանալու մտադրություն էլ չունի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ենք՝ հացադուլի հետևանքով Ներսես Պողոսյանի վիճակի վատացման կամ որևէ այլ կերպ նրա առողջության վատթարացման բոլոր հետևանքները կրելու են այն բոլոր իրավասու անձինք ու մարմինները, ովքեր առնչություն ունեն Ներսես Պողոսյանի ներկայիս վիճակի հետ:
Ներսես Պողոսյանի պաշտպաններ
Նինա Կարապետյանց
Արայիկ Պապիկյան
04.01.2017