«Ազատություն». Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե համապատասխան կառույցները պարզել են Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում շուրջ 39 մարդու մահվան հանգեցրած հարձակման հեղինակի ինքնությունը: Չավուշօղլուն, սակայն, այլ մանրամասներ չի հաղորդել:
Միջադեպը տեղի էր ունեցել Ստամբուլի Օրթաքյոյ շրջանում գտնվող «Ռեյնա» ակումբում, որտեղ 500-700 մարդ էր հավաքվել Ամանորը տոնականորեն դիմավորելու համար: Նախնական տեղեկություններով, անհայտ զինյալը կրակ է բացել ակումբի այցելուների ուղղությամբ: Ահաբկիչն այնուհետև փախուստի է դիմել, նրան դեռևս չեն հայտնաբերել:
«Անադոլու» գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ միջադեպին առնչություն ունենալու կասկածանքով 14 մարդ է ձերբակալվել: