Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանո՞ր, թե՞ Սուրբ Ծնունդ. Իրականում հակադրությունը արհեստական է

Հունվար 04,2017 11:29

Վերջին տարիներին, այս տոնական օրերին, կյանքի լավն ու վատն իմացող տարբեր այրեր, հաճախ՝ հոգևորականներ, ազգիս բացատրում են, որ Ամանորն ամենևին էլ կարևոր չէ, այն «օրացուցային սովորական օր է», «պսևդոտոն է» և այլն, և այլն, բայց հայերը նույն անբեկանելի համառությամբ նշում են հենց Նոր Տարին, երբեմն, իրոք, վերջին միջոցներով լցնելով սեղանները, բայց չեն մոռանում նշել նաև Քրիստոսի ծնունդը՝ հիմնականում ձուկ ուտելով, որոշ հայեր էլ անգամ «Քրիսմըս են» անում։

Այնինչ, ըստ իս, այս ամենի հակադրումը արհեստածին է, դրանց բոլորի իմաստը նույնն է՝ մարդու հոգում նորացման աստվածային ծագում ունեցող մղումը, որի հիմքում ընկած է, այսպես կոչված, Նորածնի արքետիպը՝ ամենահզոր արքետիպերից մեկը։ «Նորածինը» սկիզբ է դնում դեգերմանը, նա ամեն նորի ու զարգացման ավետիսն է, հնի ու միակողմանիության ոչնչացնողը։ Աստված-Երեխան մասշտաբայնության մեծացման խորհրդանիշն է՝ արժեքային համակարգի փոփոխման հետևանքով։

Հայկական էպոսի յուրաքանչյուր ճյուղ սկսվում է հենց Աստված-Երեխային անձնավորող Սասնա Ծռի ծննդով, որն իր հերոսական դեգերման շնորհիվ մեծ նորացում է բերում իր ազգակիցներին, ընդ որում, ոչ թե հնի ոչնչացում, այլ՝ միայն նորի հաղթարշավ։

Ընդհանրապես, հոգևոր նորացումը փառաբանելու մարդկային անգիտակցականի մղումը շատ ավելի խորն արքետիպիկ հիմքեր ունի, քան Ամանորը կամ նույնիսկ Քրիստոսի ծնունդը։ Ընդ որում, տիրող իրականության մշտական նորացումը ևս մարդկային հոգու ամենազորեղ պահանջներից է («հին աշխարհը մեռած աշխարհ է»)։ Քանի որ մարդկանց բացարձակ մեծամասնությունը խուսափում է կամ վախենում սեփական կյանքի նորացումից կամ, այլ կերպ՝ անհատական զարգացումից («ծուլությունը մարդու ամենաուժեղ բնազդն է»), նորացման այդ ներքին պահանջն ուղղվում է ազգի անգիտակցականում իրականության գլխավոր խորհրդանիշին՝ թագավորին։ Որոշ ցեղերում նույնիսկ սպանում էին ծերացած թագավորին։ Ավելի զարգացած հասարակություններում ծիսակարգի ժամանակ թագավորի փոխարեն «սպանում էին» խրտվիլակի կամ էլ մահապատժի ենթարկված հանցագործի, որին թույլատրվում էր, օրինակ, երեք օր ապրել իրական թագավորի պես՝ կատարվում էին նրա բոլոր քմահաճույքները։ Հիմա էլ, կարծես, վարչապետ են փոխում։

Իսկ այս կամ այն տոնի նախընտրումը կախված է նրանից, թե ինչ առասպելի շրջանակներում է տվյալ հանրույթն ապրում։ Ներկայումս հայերի մեծամասնությանը դեռ հոգեհարազատ է խորհրդային առասպելը, այդ պատճառով նրանց հոգին նորացումը կապում է Նոր Տարվա հետ`իրոք, արդեն ծիծաղելի դարձող ու աստիճանաբար պատմության գիրկն անցնող սովետահայ խորհրդանիշներով, իսկ քրիստոնեական առասպելի շրջանակներում այդ նորացումը Քրիստոսի ծնունդն է։

Որոշ հայեր էլ նշում են Վահագնի ծնունդն ու Նոր տարին գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, կամ էլ օգոստոսի 11-ին նշում Նավասարդի 1-ը (թարգմանաբար՝ Նոր Տարին)։ Նրանք, սակայն, եզակի են, որովհետև առասպելական հին աստվածները կորցրել են իրենց իշխանությունը հայերի հոգիների նկատմամբ։ Մեր հոգևորականները, բնականաբար, խուսափում են հիշել, որ ժամանակին հենց քրիստոնեական տոներն են հարմարեցվել հեթանոսականին, որպեսզի ժողովուրդը հեշտությամբ հարմարվի նորամուծություններին։ Այսպես զոհին փոխարինեց մատաղը, բայց էությունը նունն է՝ մի բան պիտի տաս՝ որ ուզածդ ստանաս։ Զոհաբերությունը, ընդհանրապես, ևս մարդկային հոգու արքետիպային ամենահիմնարար մղումներից է, որը կարևորագույն նշանակություն մեր համար։ Աստվածուհին, քանի որ արտացոլում է ողջ կյանքը, ստիպված է կյանքի նորացման նպատակով զոհաբերել իր երեխաներին։ Արևմտյան մշակույթում գլխավոր և բազմիցս կրկնվող մոտիվ է աստվածային Նորածնի զոհաբերումը։ Աֆրոդիտեն զոհաբերում է Ատտիսին, Սիբելլան՝ Ադոնիսին, Իզիդան՝ Գոռին, իսկ Մարիամը կանգնած է Գողգոթայի վրա կյանքի ու մահվան ծառի ստորոտում և այլն։

Իրականում, փոխվել են անունները, բառային պատիճը, բայց այն էներգիան, որը հին հայերն ընկալել են որպես աստվածային, շարունակում է դրսևորվել այլ կերպ։ Հայերիս մոտ Նոր Տարվա առատ սեղանի ձգտումը նույն խորքային հոգեբանական իմաստն ունի, ինչ մարդու մահվանը հաջորդող հոգեհացը։ Մահվան-Ծննդյան ու առատության երկակի վերապրումը խորհրդանշում են Հավերժ Վերադարձին մեր մասնակցությունը, որը բոլոր ազգերի նախնիները նշել են սննդային կամ սեքսուալ խրախճանքներով։ Բանայնական տեսանկյունից դա անհեթեթություն է, սակայն նույն կերպ անհեթեթ է նաև եվրոպացիների կողմից միլիարդներ ծախսելը ֆուտբոլի վրա։ Անգլիացիներն օրինակ այս տոնական օրերին շատ ուտել-խմելու փոխարեն հորինել են Boxing day-ը, որը 10-12 օր ուղեկցվում է ֆուտբոլային անվերջ «խրախճանքով»։

Իսկ թե ինչու՞ ենք մենք նախընտրում սեղանը, անգլիացիները՝ մարզադաշտը, այլ խոսակցության թեմա է։ Ասեմ միայն, որ մեր ու նրանց հավաքական անգիտակցական մղումները կարելի է էականորեն հասկանալ մեր «Սասունցի Դավիթ» ու նրանց «Արթուր Թագավոր» էպոսների խորքային վերլուծությամբ։

Սիրելի հայ, իմ ու Քո խնդիրն է փորձել անկեղծ զրուցել սեփական հոգու հետ, իրականացնել մեր մեջ նախասահմանված աստվածային մտահղացումը և նորացում ու զարգացում բերել մեր ազգին, տուրք չտալ տարբեր գաղափարախոսական ու կրոնական դոգմատներին, զերծ մնալով կռապաշտությունից ու մեր ստորին բնազդներին հագուրդ տալուց։

Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոգեբույժ, «Հայերի հոգին» գրքի հեղինակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ինչպե՞ս կարելի է ՝իրականացնել մեր մեջ նախասահմանված աստվածային մտահղացումը և նորացում ու զարգացում բերել մեր ազգին՝ ՝զերծ մնալով կռապաշտությունից ու մեր ստորին բնազդներին հագուրդ տալուց՝։
    Եթե ուզում ենք ՝փորձել անկեղծ զրուցել սեփական հոգու հետ, իրականացնել մեր մեջ նախասահմանված աստվածային մտահղացումը և նորացում ու զարգացում բերել մեր ազգին՝, մենք պետք է վերադառնանք մեր արմատներին՝ նույն այդ կռապաշտությանը ու ստորին բնազդներին՝։ Թող բոլոր քաղաքակիրթ ազգերն ասեն դա սխալ է, բայց եթե դա հայերեն է, ինձ համար դա՛ է ճիշտը։ Ներեցեք շատախոսությանս համար։

  2. Մենք ոչ մի ազգից էլ պակաս քաղաքակիրթ չենք, առավել ևս ոչ մի օտար իրավունք չունի ասել, թե մենք ինչ անենք։ Առեղծվածի կամ աստվածայինի հետ շփման միջոցը մեր հոգին է և, իրոք, ժամանակին հին հայերի հոգին լցրել են Վահագն ու Անահիտը, բայց վերջիններս դադարել են ՙՙխոսել մեր հոգիների հետՙՙ, ուրեմն հիմա նրանց երկրպագելն իրոք կռապաշտություն է, այսինքն` աստվածայինին դատարկ կաղապարին երկրպագելը մեզ ոչինչ չի տա… Ծառն առանց արմատ կչորանա, բայց այն պետք է պտուղ տա, իմաստը դա է։

  3. Լավատես says:

    Շատ ճիշտ եք, ՝ժամանակին հին հայերի հոգին լցրել են Վահագն ու Անահիտը, բայց վերջիններս դադարել են ՙՙխոսել մեր հոգիների հետՙՙ, մյուս գաղափարարի հետ էլ եմ համաձայն ՝աստվածայինին դատարկ կաղապարին երկրպագելը մեզ ոչինչ չի տա՝, դրա համար, ես մեր բարձր մտավորականությունից շատ ավելի բարդ խնդիրների լուծում եմ ակնկալում՝ մենք կորցրել ենք հոգեւոր կապը՝ այսինքն՝ ընդհանուր հոգեւոոր արժեքները մեր հարազատ նախնիների հետ, զգայինք այդ կորուստը նույնքան ցավագին ու լուրջ, որքան որ եթե ասենք կորցնեինք ասենք մեր նախնիների այլ արժեքներ՝ օրինակ գրերը, որոնցով մենք այսօր գրում ենք: Եւ գլխավորը՝ հոգին դաստիարակության կարիք է զգում, նա վատ է կողմնորոշվում առեղծվածային ու աստվածային հարցերում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031