Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրբ Ծննդյան տոնի խորհուրդը

Հունվար 03,2017 15:59

Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի. – Քրիստոնյայի կյանքում Սուրբ Ծնունդն ունի մեծ խորհուրդ, բայց արդյոք բոլո՞րն են կամ գոնե մեծամասնությունը կարողանում ընկալել դրա իրական խորհուրդը: Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մարդկանց մի մասը սահմանափակվում է միայն տոնը նշելու արտաքին դրսևորումներով:

– Այո՛, կան մարդիկ, որոնց համար ոչ միայն Սուրբ Ծնունդը տոնելն է լոկ արտաքին բնույթ կրում, այլև, ցավոք սրտի, «քրիստոնյա» հասկացությունն ընդհանրապես: Այս խնդիրը շտկելու համար օգնության է գալիս գիտակցումը, այսինքն, ինչպես նշեցիք, Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի ընկալումը: Նախ պիտի հասկանանք, թե Ում ծնունդն ենք նշում և ինչ բերեց այդ ծնունդը մեզ:

Այսպիսով, Սուրբ Ծնունդը Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի մարդեղացման՝ Սուրբ Մարիամ Աստվածածնից ծնվելու տոնն է: Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ, որպեսզի Ամենակարող Աստված ցած իջնի Իր երկնային գահից, մարդկային մարմին առնի երկրի վրա ու Իր սրբագույն արյունը հեղի խաչի վրա: Որովհետև դա այն միակ փրկագինն էր, որ ի զորու էր ադամական մեղքից սրբել դրա պատճառով մահկանացու դարձած մարդկանց և Աստծո Արքայության դռները կրկին բաց անել նրանց առջև: Միայն Աստվածորդու զոհագործությունը կարող էր մեզ ազատել մեղքի ստրկությունից և Աստծո որդիգիրներ լինելու մեծագույն պատվին արժանացնել: Եվ Փրկչի Ծննդյամբ և Սուրբ Հարությամբ է, որ հնարավորություն ունենք միավորվելու Տիրոջ հետ և ստացել ենք հավիտենական կյանքի հույսը, որ իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր մարդու կյանքի գլխավոր նպատակակետը պիտի լինի:

– Ինչպե՞ս պիտի այս մեծագույն տոնի խորհուրդը իր ներսում և հարաբերություններում դրսևորի քրիստոնյան:

– «Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են։ Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»,- ասում է Հիսուս Քրիստոս: Ուստի քրիստոնյան պիտի գիտակցի, որ մեծ պատասխանատվություն է իր վրա վերցրել՝ իր խոսքով, գործով և ապրած կյանքով Երկնավոր Հորը փառավորելու: Եվ իր հոգում Քրիստոսի Ծննդյան կենսատու լույսը կրելով, Նրա անսահման սերն ունենալով, սիրահոժար կերպով պատրաստ լինի զոհաբերության՝ հանուն Աստծո և իր մերձավորի, այդ զոհաբերության մեջ ընդգրկելով իր էության բոլոր բնագավառները՝ իր «Ես»-ը, ժամանակը, հոգեկան, ֆիզիկական և նյութական միջոցները:

 

– Ինչո՞ւ են մեզ մոտ Սուրբ ծնունդը նշում հունվարի վեցին, իսկ այլ երկրներում դեկտեմբերի 25-ին:

– Ի սկզբանե Ընդհանրական Եկեղեցին, այսինքն` բոլոր երկրների քրիստոնյա եկեղեցիները, Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էր տոնում՝ հունվարի 6-ին, բայց ինչպես գիտենք հետագայում դա փոխվեց՝ Բեթղեհեմի և Հորդանանի միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ ուխտավորաբար գնում էին Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն նրանցից շատերի համար անհնար էր լինում իրենց ուխտն ի կատար ածել, քանի որ չէին կարողանում երկու վայրերը նույն օրն այցելել: Այդ պատճառով էլ երուսաղեմացիները Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխեցին դեկտեմբերի 25-ին: Այս ամսաթվի հետ կապված մի հին սովորություն էլ կար, որ սկիզբ էր առել հեթանոսական ժամանակներում: Մարդիկ դեկտեմբերի 25-ին նշում էին արևին նվիրված տոնը և այս հեթանոսական տոնախմբությունը մարդկանց սովորույթից հանելու և այն քրիստոնեականով փոխարինելու համար Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխվեց դեկտեմբերի 25-ին: Սակայն հայ քրիստոնյաներն անմասն մնացին այս փոփոխությունից և շարունակեցին Աստվածորդու Ծննդյան և Աստվածահայտնության տոները նշել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին:

-Չնայած այն բանին, որ մենք՝ հայերս առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց Նոր տարին նշում ենք ավելի մեծ շուքով կրկին՝ ի տարբերություն այլ երկրների: Սա հետխորհրդային սովորությո՞ւն է, որը մինչ այժմ պահպանվել է մեր ժողովրդի մոտ:

– Այո՛: Ցավոք սրտի սովետական կարգերի հաստատումը տարածվեց նաև Հայաստանի և հայ ժողովրդի վրա՝ անաստվածության իր յոթանասուն տարիների դրոշմը թողնելով առաջին քրիստոնյա ազգի գիտակցության և հոգու վրա ևս:

Ինչպես գիտենք, նոր տարվա գալուստը միշտ նշվել է տարբեր ազգերի կողմից՝ տարբեր ամսաթվերի: Օրինակ՝ մենք՝ հայերս այն նշել ենք հայկական տոմարի առաջին ամսվա՝ նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին): Իսկ ներկայումս հետխորհրդային երկրներում նշվող Նոր Տարվա տոնի պատմությունը հետևյալն է: Մինչ Պետրոս Մեծը, Ռուսաստանի եկեղեցական և քաղաքացիական օրացույցը սկսվում էր սեպտեմբերի 1-ին: Սակայն Պետրոս Մեծը, հետևելով արևմտյան երկրներին, տարվա սկիզբը տեղափոխեց հուլյան տոմարով հունվարի 1-ին, որը համապատասխանում է այժմյան հունվարի 14-ին: Սա աշխարհիկ տոն էր, բայց քանի որ տոնվում էր Սուրբ Ծնունդից հետո, ապա բոլոր մարդիկ կարողանում էին մասնակից լինել տոնական ուտեստներին և խմիչքին: Սակայն 1917թ.-ի բոլշևիկյան հեղափոխությունից հետո հուլյան տոմարի փոխարեն ընդունվեց Գրիգորյան օրացույցը, ըստ որի Նոր Տարվա տոնը հայտնվեց Սուրբ Ծննդյան պահոց շրջանում՝ բուն տոնից առաջ: Եվ սովետական իշխանության կողմից այս աշխարհիկ տոնն սկսվեց ավելի մեծ շուքով նշվել՝ նպատակ ունենալով ստվերել քրիստոնեական մեծագույն տոներից մեկը և մոռացության մատնել այն:

Հարցազրույցը վարեց Էլմիրա Ղազարյանը

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031