«Բազում են կոչեցեալք,
Սակաւ են ընտրեալք»
Լուրը ասուպի տպաւորութիւն ունեցաւ։
Եղածը մեծ բան չէր։ Պաշտպանութեան նախարարութեան նախաձեռնութեամբ առաջարկում էին նոր հիմնադրամ ստեղծել, զօհուած ազատամարտիկների ու հաշմանդամ չքաւոր ընտանիքներին լրացուցիչ տնտեսական օգնութիւն հասցնելու նպատակով՝ անբաւարար համարելով եղած նպաստները։ Նշելով, որ խնդրոյ անմիջական լուծումը ձեռնարկելու համար, նախարարութիւնը անհրաժեշտ պահեստային գումարներ չունի, նա հարկ է համարում իւրաքանչիւր աշխատավարձից, հազար դրամ փոխանցել նորաստեղծ հիմնադրամին՝ կամաւոր-պարտադիր սկզբունքով։
Կարդացեք նաև
նկեղծօրէն չեմ հաւատում, թէ աշխարհի որեւէ անկիւնում գտնուի մի առողջ հայ, որ զլանայ ու չցանկանայ այդ քայլը անելու, նամանաավանդ, որ գումարը ըստ էութեան չնչին է, բայց այն շատ վատ ընդունելութիւն ունեցաւ հասարակութեան կողմից, քանի որ պետութիւն-բնակչութիւն հարաբերութիւնների շրջանակում վստահութիւն հասկացողութիւնը կատարելապէս բացակայ է։ Շատերը համարեցին, որ իշխանութիւնները, քողարկուած նոր հարկ ստեղծելու ճանապարհին են, միւսները անվստահութեան յանգամանքը շեշտեցին ու ընդգծեցին, վախենալով, որ մի շարք այլ հիմնադրամների օրինակով, այն կարող է ծառայել իշխանութիւնների հետ մտերմիկ կապեր ունեցող մի քանի ճարպիկ ու անբարեխիղճ գործարարների ճարպակալմանը, իսկ ոմանք էլ պնդում էին թէ իշխանութիւնը, ինչ որ նոր քաղաքական ծամածռութիւնների է պատրաստուում։
Մեր համեստ կարծիքով գաղափարը այնքան վատ չէր, որքան որ այն վատ էր ներկայացուել, առանց նախապատրաստութեան ու զգուշացումի։ Ենթադրում ենք, որ յետագայ բացատրութիւնները իրենց ազդեցութիւնը ունեցան ու կրքերը հանդարտուեցան։
Սկզբունքայնօրէն մենք կողմնակից ենք լայն հասարակութեան մասնակցութեանը, երբ երկրի համար ընդհանուր հարցերի լուծման կարիք է լինում։ Այդ մասնակցութիւնը ուժեղացնում է երկրի տէրը լինելու այն մեծ գաղափարն ու զգացումը, որ մի ձեւով թոյլ է զարգացած մեր հայրենակիցների մօտ, ինչը որ բերում է այն տհաճ արտայայտութիւններին, երբ ամէն, մեծ կամ փոքր մասնակցութեան պարագային հանդիպում ենք «Թող պետութիւնը զբաղուի» բանաձեւին, նոյնիսկ երբ խնդիրը սոսկ անհատական է։ Կարելի չէ՞ մտածել, թէ որքան ճիշտ կլիներ այդ շարժումին մասնակից դարձնել նաեւ սփիւռքի հայութեանը, բայց դժուար է ասել թէ ինչ ճանապարհով։
Այսույանդերձ, անհնար է հարց չտալ, թէ արդեօք ուրիշ միջոց ու ճամբայ չկա՞ր, այդպիսի մի կարեւոր, բայց նրբին խնդրոյ լուծման համար։ Մենք կարծում ենք, որ կարելի պիտի լիներ կրքերը չգռգռելով ինչ որ միջին լուծումներ գտնել, բայց այդ չի նշանակում, որ մենք իշխանութեան խորհդատուի պաշտօնն ենք յաւակնում։ Քաւ լիցի, բայց ահա աղբիւրների մի քանի տեսականի…
Գործող, շատ համակրելի արդարադատութեան նախարարուհին յայտնեց, որ պետական համակարգում եօթը հարիւր վաթսուն տարբեր մակնիշի մեքենաներ են գործում վարորդներով մէկտեղ եւ նրանց վաճառելու խնդիրը հասունացած է ու սեղանի վրայ, քանի որ նրանց ծախսը աւելի է՝ իրենց ունեցած օգտակարութիւնից։ Գաղափարը ճիշտ ու դրական է՝ եթէ նոյնիսկ ուշացած։ Հին կարգերից մնացած այն աւանդութիւնը, որ իւրաքանչիւր պաշտօնեայ՝ անխտիր իր ունեցած մակարդակից, պարտադիր կերպով վարորդով մեքենա պիտի ունենար ու որը պիտի ծառայէր նաեւ ընտանիքի անդամներին՝ կնոջը շուկայ առաջնորդելու, իսկ զաւակներին՝ դպրոց, եւ այդ չգրուած, բայց օրենքի ոյժ ստացած տգեղ աւանդոյթը մինչ այսօր, մեր տպաւորութեամբ, դեռ գործում է անխափան։ Չնայած, մեր հայրենակիցները արեւմուտքի, բոլոր տեսակի՝ մինչ իսկ այլանդակ բարքերը կապկելու հսկայական տաղանդն ունեն, երբէք չցանկացան գիտենալ ու ըմբռնել, որ արեւմտեան երկրներում աշխատաւորների ու պաշտօնեաների ճնշող մեծամասնութիւնը սեփհական փոխադրամիջոցով է տեղա-շարժուում, իսկ սկանդինաւեան երկրներում նոյնիսկ վարչա-պետները ապրում են սովորոկան բնակարաններում եւ ոչ, թէ ապարանքներում եւ աշխատանքի են գնում յաճախ՝ քայլելով կամ հանրային փոխադրամիջոցներով եւ երբեմն հեծանիւով։ Դարձեալ, սովորելու նոր բան կայ։ Այդ մեքենաների վաճառքով կարելի պիտի լինի որոշ դրամական հարցեր լուծել, եթէ գումարները ճիշտ հասցէին ուղղուեն։
Մէկ այլ ծանր բեռ է ժողովուրդի ուսերին մեր ազգային ժողովը։ Ամէն անգամ, երբ տեսնում ենք մեր «Պառլամենտի» կիսադատարկ սրահը իր կիսաննջող պատգամաւորներով ու երբ ընդամէնը մի քանի միեւնոյն անձերն են, որ խօսք են ունենում ասելու, անխուսափելի է դառնում հարցը թէ իրապէ՞ս Հայաստանը 131 պատգամաւորի կարիքն ունի։ Պատասխանը անխափանօրէն «Ոչ» է։ Մօտաւոր հաշիւներով ֆրանսական պատգամաւորներից իւրաքանչիւրը ընտրուում է մօտ 120 հազար բնակչի դիմաց, իսկ մեր երկրում այդ թիւը հասնում է ընդամէնը քսան հազարի։ Դա նշանակում է, որ մենք աւելի լայնախոհ ենք ու վեց անգամ աւելի պատգամաւոր կարող ենք կերակրել, ոչինչ կամ գրեթէ ոչինչ չանելու համար՝ միւս կողմից անապահով ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար հանգանակութիւն անելով։ Դարձեալ մտածելու տեղ կայ։
Ի՞նչ ասել երթեւեկութեան հետ կապուած տուգանքների հեքեաթային «յաջողութիւններ»ի մասին։ Բանից պարզուում է , որ այս տարի նրանց բերած գումարը եղել է 199 միլիարդ դրամ, որ համազօր է մօտ 200 միլիոն դոլարի, որի մի զգալի մասը, ըստ անստոյգ բայց չցամաքող աղբիւրներից եկած տուեալների, ուղղակիօրէն մտնում է, ինչ որ լաւ դիրքի ու լաւ կապեր ունեցող անհատների անհատակ գրպանները։ Եթէ, այս կարծիքը ճիշտ է ու հերքող չկայ, ապա ո՞ւմ են սպասում պատկան մարմինները եւ ո՞վ է այդ հոսքի հիմնական հեղինակը եթէ ոչ իշխանութիւնը։ Շատերը պատրաստ են մատնանշել, թէ ովքեր են այդ «մանանա»-ից օգտուղները։
Այս բնագաւառում կարելի է նաեւ մատնանշել երկու տասնեակի հասնող «Ներմուծող փոխարքաներ»-ին, որոնք իրենց բռան մէջ են պահում բոլոր տեսակի առաջին անհրաժեշտութեան ապրանքների հայթայթումն ու սպառման համակարգը, ճարպակալուելով անընդհատ։ Նրանք գրեթէ ստուերային են, բայց կատարելապէս անխոցելի ու հայտնի չէ թէ իշխանութիւնները քաղաքական կամք ու ցանկութիւն ունե՞ն այդ ասպարեզը մաքրելու, թէ իրենք են այդ գործի հեղինակները կամ նրանից ուղղակիօրէն օգտուողները։
Մենք բնաւ հակառակ չենք ձեռներեցների ներկայութեանը եւ կարելի է ասել որ նոյնիսկ ցանկալի ու ծափահարելի պիտի գնահատենք այդ ուղղութեան դպրոցների ստեղծմանը, միայն թէ ամէն ինչ պիտի լինի տրամաբանութեան ու ընդհանուրի շահերը հարգելու մթնոլորտում։ Երբ հասարակութիւնը բաղկացած է չափ չգիտցող հարուստներից ու ծայրայեղ չքաւորներից, ապա այդ անհավասարկշիռ վիճակը երբէք դէպի լաւը չի կարող տանել ու մենք այդպիսի Հայաստան չենք ցանկանայ ունենալ մեր եկող սերունդների համար։ Թող լինեն հարուստներ ու չքաւորներ, առողջներ ու հիւանդներ, տգեղներ ու վսեմ հասակով անձեր, թող լինեն ամէն տեսակի, միայն թէ նրանք լինեն բնական ծագումով, այլ ոչ ինչ որ ստուերային կամ անբարոյ խմբակի պարտադրանքով։ Այդ պարագային հնարաւոր կլինի հեշտութեամբ կլանել դժուարութիւնների լուծը ու յարմարուել նրանց։
Այսօր գործող մեր յարգելի նախագահը իր բոլոր ելոյթներում անխուսափելիօրէն գործածում է «Մենք պիտ կարողանանք» պարբերութիւնը, որին հետեւում են զանազան շտկումների ու ուղղումների ծրագրեր։ Այսույանդերձ՝ մինչ այսօր «Մենք պիտ կարողանանք»ները չդարձան «Կարողացանք», որին կցուած լինի շոշափելի արդիւնքների մի հսկայ ցանկ։ Մի՞թէ 10 տարին քիչ է,
Եթէ, մեր պատկան շրջանակներում (խուսափեցի երկիրը սիրող ու նրանով անհանգստացող բառը գործածել), առողջ մտածողների թիւը բաւարար լինէր, մենք եւս հեռու կը մնայինք այն մտքից, որ որոնելիները շատ աւելի շատ են քան որոնողնրը։
Ռուբէն Յովակիմեան
Էդ հազար դրամների մասին. երբ ժողովրդին ու նրա ապագա սերունդներին ամեն ամիս անօրինական գռփում են հազար դրամներից շատ ու շատ ավելի ու նրանց պարտքի տակ գցում՝ այդ գռփողները հո չեն հարցնում՝ համաձա՞յն եք ձեզ գռփենք, իսկ այդ հազար դրամների իմաստը նա է իմ կարծիքով, որ ժողովո՛ւրդը դառնա իր փողի ու պետության տերը, որ սովորի օրինական գումարները կամավոր ու մեծ հաճույքով վճարել, իսկ դրանից հետո նույն այդ կառավարությունից խստորեն ու հստակ պահանջի բոլոր էդ այլանդակ գռփողներին ջրի երես հանեն ու ցույց տան, որ ժամանակները փոխվել են եւ խաղի կանոնները հիմա ուրիշ են։ Միայն ժողովրդի ու կառավարության համատեղ խիզախ ու արդյունավետ գործողություններով միայն հնարավոր կլինի էդ գռփողներին գահընկեց անել։ Նրանք դրսի դրածոներ են, ես նրանց նույնիսկ չէի էլ դատի, ժողովուրդն է նրանց հանդուրժել, դե թող ժողովուրդն էլ իր սխալները ուղղի։ Մենք ենք տերը մեր երկրի, այդ թվում նաեւ հին ու նոր սփյուռքը, եթե մեր կառավարությունը էնքան պլոճիկ ունենար, որ դրսի հայերին երկակի քաղաքացիություն տար, այ դա հեղափոխություն կլիներ։