Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը խայտառակություն որակել Րաֆֆի Հովհաննիսյանի ընդունած որոշումը

Հունվար 02,2017 19:59

Ժառանգության հրապարակած իշխանափոխության մանիֆեստային առաջարկը «Ժառանգության» ներսում տարաձայնությունների տեղիք է տվել:

1in.am-ի հետ զրույցում Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այդ մանիֆեստային առաջարկի որոշ դրույթներ խայտառակություն էր որակել եւ խաբեություն: Նա ասել էր, որ Ժառանգությունը ես եմ, իսկ հրապարակվածը չի ներկայացնում Ժառանգության տեսակետը, դա միայն Հովսեփ Խուրշուդյանի անձնական նախաձեռնությունն է: Նա վստահեցրել էր, որ համապատասխան մարմնի նիստ չի հրավիրվել, վարչության անդամները միասնական դիրքորոշում չեն ունեցել եւ որոշում չի կայացվել:

Aravot.am-ը զրուցեց պարոն Խուրշուդյանի հետ: Նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է անգամ մասնակցել այդ մանիֆեստային առաջարկի ընդունմանը, բայց՝ օնլայն. «Չեմ ուզում անհատապես ասել, թե վարչության անդամներից ով ինչպես է քվեարկել, որովհետեւ դա ներքին որոշում է, բայց բոլորը մասնակցել են եւ մեծամասնությամբ որոշումն ընդունվել է»:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ Արմեն Մարտիրոսյանը, որպես կուսակցության փոխնախագահ, հաստատել է, որ դա կուսակցության կողմից ընդունված որոշում է. «Ես նույնիսկ վարչության անդամ չեմ, ընդամենը պետք է նորից հաստատեմ, որ դա վարչության կողմից ընդունված որոշում է»:

Մեր հարցին՝ այդ որոշման ընդունմանը Զարուհի Փոստանջյանը չի՞ մասնակցել, դրա համա՞ր են այդպիսի տարաձայնություններ առաջացել՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, որ չի ուզում մանրամասների մեջ մտնել եւ ասել, թե ինչու է Փոստանջյանը նման բան ասել. «Եղել է քննարկում եւ որոշում»:

Հարցին՝ Զարուհի Փոստանջյանն ասում է, որ Ժառանգությունը ես եմ, ինչպե՞ս հասկանանք, թե ով ավելի շատ իրավունք ունի Ժառանգության անունից խոսել՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ժառանգության կանոնադրությունը կայքում կա, Ժառանգության որոշումները կայացնում է վարչությունը, Ժառանգության նախագահը, իսկ նախագահի բացակայությամբ՝ նախագահի տեղակալը: Այդ մանիֆեստը վարչությունն է ընդունել»:

Զարուհի Փոստանջյանը մանիֆեստի մի շարք կետեր խայտառակություն է որակել, ասում է, որ լեգիտիմացնում եք Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը, դա ինչպե՞ս կմեկնաբանեք՝ նա պատասխանեց. «Ընդհանրապես որեւէ ցանկություն չունեմ իր որեւէ ասածը մեկնաբանելու: Այն, ինչ կուսակցությունը կարծում է, արտացոլված է այդ մանիֆեստի մեջ: Այդ մանիֆեստը բավական ընդունելի է, ունիվերսալ է բազմաթիվ ուժերի միավորման համար: Դա առաջարկ է, այլ ոչ թե բուն մանիֆեստ, դրույթները պետք է քննարկվեն: Դա լավ  հիմք է՝ առաջ շարժվելու դեպի ընդդիմության միավորվելը: Ժառանգության նպատակն է բոլոր ընդդիմադիր ուժերի միավորվելը, որպեսզի վերջապես հասնենք հաղթանակի եւ ազատենք երկիրը այս իշխանությունների տասնամյա իշխանավարությունից: Թե այլ անձինք, ինչ անհատներ ինչ նպատակներ ունեն, ես ոչ ուզում եմ, ոչ էլ դրա վրա ժամանակ ծախսելու իմաստ եմ տեսնում»:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ոչ թե Սերժ Սարգսյանի Սահմանադրությունն են լեգիտիմացնում, այլ ուզում են իրավական ընթացակարգերով շարժվել. «Եթե կա դե ֆակտո գործող Սահմանադրություն, որը նաեւ ընդունված է միջազգային հանրության կողմից, մենք չենք կարող այլ բան անել: Նույն տրամաբանությամբ մենք այս ընտրություններին էլ պետք է չմասնակցենք, որովհետեւ այն կազմակերպվում է եւ դրա մասին որոշումն ընդունել է դե ֆակտո նախագահը եւ այն կեղծված Սահմանադրության ներքո է լինելու, ուրեմն ի՞նչ անենք: Ճանապարհը միակն է՝ իրավական ընթացակարգերով փորձել հասնել հաջողության, հետո վերականգնել սահմանադրական կարգը:

Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ Սասնա ծռերի հետ կապված դրույթն էլ ընդունելի չէ, խայտառակություն է, որովհետեւ ի՞նչ է նշանակում, թե արդար դատավարությամբ պետք է անցնեն Սասնա ծռերը, նրանք հերոսներ են եւ նրանց նկատմամբ ընդհանրապես քրեական հետապնդում չպետք է իրականացվի, մեղադրանք չպետք է առաջադրվի: Այս առնչությամբ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Մենք էլի ենք հերոսացնում, ինչի՞ մասին է խոսքը, ոչ մի հակառակ բան դրան չկա գրված: Ասել ենք, որ արդար դատավարություն պետք է լինի եւ նրանք պետք է ազատ արձակվեն գրավի դիմաց»:

Մեր դիտարկմանը, որ դուք, փաստորեն, կողմ եք, որ մեղադրանք լինի ամեն դեպքում եւ դատավարություն՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Դատավարությունն անխուսափելի է, այն լինելու է: Բայց որ այդ դատավարությունը պետք է լինի արդար եւ որ այդ մարդկանց մեծ մասին պետք է ազատ արձակել մինչեւ դատավարությունը եւ նոր իշխանությունը պետք է դա անի, դա գրված է արդեն մանիֆեստում եւ չի հակասում այդ մարդկանց ավանդին, որ նրանք դրել են՝ երկրում իրավիճակ փոխելու առումով»:

Մենք նաեւ ճշտեցինք՝ երբ մանիֆեստային առաջարկում ասում եք, որ Ազգային համաձայնության կառավարության կազմում բացառում եք ՀՀԿ-ից որեւէ ներկայացուցչի ընդգրկումը, բացի ՀՀԿ-ից ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք, որովհետեւ մտավախություն կա, որ մյուսներն էլ այսպես ասած թաքնված ՀՀԿ-ականներ են, ինչպե՞ս եք որոշելու ում թողնել, ում ոչ՝ նա պատասխանեց. «Այն ուժերը, որոնք միավորվելու են, դա իրենք պետք է քննարկեն, թե ում են թողնելու, ում՝ ոչ: Բայց այդ տեղը մյուսների համար պետք է թողնվի, բացի ՀՀԿ-ից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031