Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկո՞ւմ, թե՞ մահապատիժ. որքա՞ն նույնն են դրանք

Հունվար 02,2017 11:21
xuc

Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, մի քանի տարի առաջ Հայաստանում ևս վերացվեց մահապատիժը և առավելագույն պատիժ սահմանվեց ցմահ ազատազրկումը: Փորձենք տեսնել, թե ինչ ընդհանրություններ և ինչ տարբերություններ ունեն այս երկու պատժամիջոցները:

Երկու դեպքում էլ, այդ պատիժները կրող մարդկանց կյանքն ընդհատվում է անազատության մեջ և Տիրոջ կողմից նրանց կյանքի համար սահմանված ժամկետներից շուտ: Մահապատժի դեպքում՝ անմիջապես, ցմահ ազատազրկման դեպքում՝ այնքան ժամանակ հետո, որքան կարող է դիմակայել մարդը ցմահ անազատության պայմաններում:

Մարդու կյանքը ցմահ անազատության մեջ, նշանակում է, որ նա ընդամենը մահացած չէ, լիովին զրկված է ազատ տեղաշարժից և մեկուսացված պայմաններում կարող է օգտվել գրականությունից, ԶԼՄ-ների որոշ տեսակներից, թուղթ ու գրիչով կարող է ստեղծագործել, ոչինչ ավելին: Սակայն, տվյալ դատապարտյալին մշտապես ուղեկցող այն միտքը, որ ինքը դատապարտված է ցմահ, անընդհատ մթագնում է նրա հոգին ու միտքը և նա իր ներուժի մի փոքր մասով է ի վիճակի լինում օգտվել վերը նշված հնարավորություններից և բնականաբար, դրանց արդյունքներն էլ լինում են շատ չնչին՝ և բովանդակային, և ծավալային մակարդակով:

Իհարկե, մարդիկ տարբեր են և վերը նշված արդյունքները նրանց համար ևս տարբեր են, սակայն միևնույն է, միջինով վերցրած, բոլորի համար էլ հիմնականում արձանագրած արդյունքները լինում են անհամեմատ թերի՝ կիսատ ու նրանց շարունակաբար ուղեկցում է ջախջախված հոգեբանական վիճակը, որն ալեկոծում է նրանց հոգեկան աշխարհը, թուլացնում ու թևաթափ անում և էապես իմաստազրկում նրանց հետագա ապրելու իմաստը: Այդ պարագայում, նրանք դառնում են շատ ավելի խոցելի ու ընկճված, հայտնվում են անկարողության դաշտում և ակամայից պատրաստ են լինում ցանկացած ոչ կշռադատված քայլի, ընդհուպ՝ մինչև իրենց կյանքին վերջ տալը:

Այս իրավիճակի ամենածանր ու ամենավտանգավոր հանգամանքն այն է, որ նրանք միայնակ, դեմ առ դեմ կանգնած են դաժան կյանքի հետ, չունեն որևէ խորհուրդ տվող, քաջալերող, ամրացնող շունչ, ով իր խորհուրդներով կհուսադրի նրանց և որոշակիորեն կմեղմի ստեղծված ապատիայի ու անհուսության վիճակը, որն էլ իր հերթին՝ թեկուզ փոքրիկ չափով կուժեղացնի նրանց հոգեբանական դիրքերը ու որոշակիորեն կամրացնի նրանց կամքը, իմաստալից լիցքեր կհաղորդի նրանց հույսերին, որն էլ իր հերթին կնպաստի դրանց արագ չմարելուն: Իսկ, դա կբերի հոգեկան հավասարակշռության համեմատաբար կայուն վիճակի, որը նրանց ինչ-որ կերպ զերծ կպահի ծայրահեղ քայլերի դիմելու մտադրությունից: Նման իրավիճակներում, ամենակարևորը նրանց հոգեկան վիճակն է, քանզի դա է նրանց ապրելուն ուժ հաղորդող հույսերի շտեմարանը:

Ասվածը պարզորոշ խոսում է այն մասին, որ անհուսությունից նրանք պարզապես շարունակում են գոյատևել և այդ իրավիճակում նրանց հիմնականում մի միտք է հետապնդում. ավելի լա՞վ չէր մահապատժի դատապարտվեին և միանգամից վերջ տրվեր իրենց տանջանքներին, քան թե ցմահ ազատազրկման, որը երկարատև՝ դանդաղեցրած մահ է: Դա այն դեպքն է, երբ ամեն օր մի քիչ-մի քիչ ես մեռնում…:

Դաժանության տեսանկյունից, անմիջական մահը նորմալ է, իսկ ամենօրյա՝ մի քիչ մահ, գումարած անիմաստ գոյատևման վիճակ, գումարած անհուսություն, սա անտանելի է ու անհեթեթ: Իրականում, մարդն ապրում է նպատակների համար և եթե դրանք չկան, ապա մեռնելն ապրելուց արժեքավոր է: Նրանք շարունակում են ապրել, բայց չգիտեն, թե ինչի համար: Սա ավելի շատ մահ է, քան ապրել: Իսկ, սա նշանակում է, որ նրանք ապրում են մահանալով կամ մահանում են ապրելով…

Լույսի ընդմիշտ ավարտը և անվերջանալի խավարի սկիզբը ցմահ ազատազրկված մարդու կյանքի միակ տիրույթն է, հետևաբար պետք է հստակ պարզաբանվի, թե ով ինչ հանցագործության համար է արժանացել այդ դաժան պատժին, որպեսզի փորձ արվի, նախ անմեղներին արագ ազատել այդ մահաբեր տիրույթից, իսկ մեղավորների համար ստեղծել լույսի գոնե մեկ ճառագայթի ներթափանցման հնարավորություն, որը կիմաստավորի այդ մարդկանց հետագա ապրելու հույսը: Ամեն դեպքում, գթասրտությունը դա է պահանջում:

Բոլոր այն մարդիկ, ովքեր հայտնվել են ազատազրկման վայրերում՝ անկախ այնտեղ հայտնվելու դրդապատճառներից ու հանգամանքներից, արդեն բեկված են կյանքի նորմալ վեկտորից և եթե գիտակցում են իրենց գործած մեղքերը, ապա պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց ուղղվելու և ամուր պահելու՝ օրերից մի օր նրանց նորմալ կյանք վերադառնալու հույսը: Իսկ երկրի օրենսդրությունը և իրավապահ համակարգը պետք է կոչված լինեն օգնելու ու ամեն կերպ նպաստելու այդ մարդկանց, որպեսզի հրաշքով հաղթի արդարությունը և եթե Տերը գթառատ գտնվի նրանց գործած մեղքերի հանդեպ, ապա իրականություն դարձնի դեպի բնականոն կյանք վերադառնալու նրանց երազանքը: Չպետք է մոռանալ, որ խոսքը շատ նուրբ մի խավի մասին է, որը մերժված է հասարակության կողմից՝ կատարած հանցագործությունների համար: Սակայն, չպետք է մոռանալ, որ նրանց մի ստվար մասն էլ իրենց կամքից անկախ է հայտնվել այդ կարգավիճակում:

Եվ վերջում, շատ կցանկանայի, որ ցմահ ազատազրկվածների համար՝ որպես դատապարտյալների հատուկ խավի, ընդունվեր և գործեր հատուկ օրենսդրություն, որը փոքր-ինչ կսփոփեր այդ ամենախոցելի խավի ապրելու հույսը…

Ուժ և կորով դարձի եկածներին…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031