Աշոցքի բնակիչները, որոնք այսօր հուղարկավորում էին դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ նահատակված 26-ամյա ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանին, բավական զայրացած էին խոսում մեր երկրի արտաքին դիվանագիտության մասին:
Գյուղի տարեց տղամարդկանցից մեկը՝ 68-ամյա Սուրիկ Դանիելյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց.«Ես քաղաքական հարցերով չեմ զբաղվում, բայց քանի մեր դիվանագիտությունն այսքան թույլ վիճակում է, մենք հա զոհեր պիտի տանք: Կպել ենք ՀԱՊԿ-ին, կպել ենք Ռուսաստանին, պիտի ՆԱՏՕ մտնենք, որ մեզի տեր լինեն, թե չէ գնացել ենք Ղազախստանի հետ պայմանագիր ենք կնքում, Ղազախստանը մեզ տեր կեղնի՞…Մուսուլմանական երկիր են դրանք, ոչ մեկի չի ուզի մեր լավը, գիտեք ինչ կա, ասել չլինի Պարույր Սևակին՝ Մենք մեզ ոչ ոգից չենք գերադասում, բայց ախր որ մենք հայ ենք, լավն ենք, մարդամոտ ենք, մարդասեր ենք, խաղաղություն ենք ուզում, էդ մարդկանց աչքին փուշ ենք դարձել: Այսօր ոչ մի քրիստոնեական երկիր չի քննադատել այս ամենը. չէ՞ որ մարդ է զոհվում, իմ էրեխեն է, կողքի էրեխեն է, ի՞նչ տարբերություն…»:
Սուրիկ Դանիելյանը նաեւ նշեց, որ Աշոցքից մեծ թվով զինվորականներ ունեն: «Նախ ուրիշ աշխատանքի տեղ չկա, հետո Շիրակի բնակիչները, թող մեծ-մեծ խոսալ չստացվի, մի ուրիշ ձևով են սիրում իրենց հողն ու ջուրը, դրա համար էլ գնում, զինվորական են դառնում: Շիրակցիները մի ուրիշ տեսակի հայրենասեր են, Շիրակում ապրելն արդեն իսկ հայրենասիրություն է, որ մենք էս հողն ու ջուրը կպահենք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
68-ամյա Սուրիկ Դանիելյանը ճիշտ է անում, որ չի զբաղվում քաղաքականությամբ: