Լրահոս
Օրվա լրահոսը

Քրոջ հարսանիքից հետո պատրաստվում էին նշանել Շավարշին. Աշոցքի բնակիչները՝ Տավուշում նահատակված 26-ամյա սպայի մասին

Դեկտեմբեր 31,2016 17:55

Աշոցքի տարեց բնակիչներից մեկը՝ Սուրիկ Դանիելյանը, որի աչքի առաջ է մեծացել 2 օր առաջ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, նրան բնութագրեց որպես համեստության տիպարի: «Ում ուզում եք այստեղ կանգնածներից հարցրեք, բոլորը ձեզ նույնը կասեն՝ էդ տեսակ համեստ տղա երևի թե հազվադեպ է ծնվում: Եթե իր կյանքում գոնե մի անգամ բարձր խոսացած լիներ, քֆուր արած լիներ, մարդու սրտի էսպես դարդ չէր լինի…

Շատ խելոք, համեստ երեխա էր, դպրոցն ավարտեց ու գնաց Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտ… Ինքը գերադասեց զինվորական կյանքը, հայրը շատ լավ ձեռք ունի, լավ արհեստավոր է, արտագնա աշխատանքի է գնում, բայց գործերը հաջող չեն, տան միակ կերակրողը էլի մնաց Շավարշը: Գյուղացի մարդիկ են, խոտ հավաքել, էս էն, Շավարշը արձակուրդներին գալիս էր մորն ու հորը օգնում, գնում էր: Քրոջն էլ վերջերս էին նշանել, ինքն էլ փող էր հավաքում, որ քրոջ հարսանիքն անեին: Անասուն էին պահում, կաթի գինն էլ ջրի գնից էժան է, մի կերպ յոլա էին գնում… Լավ ընտանիք են՝ աշխատող, խելոք, համեստ, անչափ հարգված…

Մտաք եկեղեցի, տեսաք, մայրը լացում էր, բայց ոչ մի ավելորդ բան չէր ասում, մենակ ասում էր, թող այլևս ոչ մի մայր այս վիշտ չտեսնի: Հայրն էլ իր ձեռքով է սարքել իրենց տունը, Շավարշի մահվան գույժը իմանալով՝ մղկտում էր, թե ում համար սարքեցի: Աղջկա հարսանիքից հետո պիտի Շավարշին նշանեին»,- ասաց Սուրիկ Դանիելյանը:

gyumri-3

Մեր հարցին՝ սիրած աղջիկ ունե՞ր, մեր զրուցակիցն ասաց. «Անկեղծ ասած, չգիտեմ նա սիրած աղջիկ ունե՞ր, թե՞ չէ, ես 68 տարեկան մարդ եմ, իմ հետ հո չէր կիսվի նման հարցերով: Բայց, իհարկե, կունենա սիրած աղջիկ, ինքը սիրուն տղա է, չնայած շատ ամաչկոտ տղա է, շատ, վերին աստիճանի»:

Դասընկերը՝ Դավիթ Հարթանյանն էլ պատմեց, որ 4-5-րդ դասարան էին, երբ Շավարշն ասել է, որ պիտի զինվորական դառնա: «Էն որ ասում են մարդու համար ամենամեծ կոչումը մարդն է, Շավոյի համար է ասված: Հազար ափսոս, որ մեր լավ ընկերն արդեն մեզ հետ չէ, կյանքը նվիրեց հայրենիքին… Ժպիտը միշտ երեսին էր, էնքան հուզված եմ, որ չեմ կարող պատմել մեր մանկության հուշերից, անչափ բարի էր, երբեք մարդու վատություն չէր անի, բայց դե չէր էլ թույլ տա, որ իրեն անեին վատություն: Հաճախակի էր գյուղ գալիս, ամռանը, Նոր Տարուն, հենց գար, դասարանով հավաքվելու էինք: Վերջին անգամ ես Աշոցքում չէի, բոլորը հավաքվել էին, մեկ էլ իմ հետ սկսեցին տեսազանգով շփվել: Չեմ հավատում, թե ինքը չկա, ինձ թվում է, թե իր յուրահատուկ ժպիտով նայում է: Ես ինքս զինվորականի կյանքով երկու տարի ապրել եմ, իմ հետ Շավարշը չի կիսվել իր զինվորական կյանքից, չէր խոսում այս թեմայի մասին, բայց եթե ինքը ընտրել է այդ պատասխանատու, բարդ կյանքը, հաստատ գիտակցաբար է ընտրել: Այս պահին, երբ կյանքն է նվիրել հայրենիքին, հաստատ գիտակցաբար է գնացել այդ քայլին», -ասաց դասընկերը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031