Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը՝ Լիպարիտյանին. «Արդյոք այս կարգի հայտարարությունները օգուտ կտան բանակցային գործընթացին»

Դեկտեմբեր 31,2016 17:14

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է 1991-1997թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի՝ «Առավոտում» հրապարակված հարցազրույցում արտահայտած տեսակետները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։

«Եթե անդրադառնամ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն գործընթացի վերաբերյալ ասվածին, երբ առանձնացնում ես զգացմունքային, փիլիսոփայական մտավարժանքն էությունից, ապա տակը ընդամենը փուչ է մնում։ Հարցազրույցում վերլուծություններ են արվում ինչ-որ աղճատված տեղեկատվության, ինչ-ինչ վարկածների, այլ ոչ թե ընթացող բանակցությունների մասին ամբողջական, խորը պատկերացումների, իրական մանրամասների վրա, հետևապես արվող եզրակացությունները ոչ միայն չեն կարող օգտակար լինել, ավելին՝ պարզապես վնասակար են։

Որպես անցյալում բանակցությունների մասնակից, առնվազն պետք է ինքն իրեն հարցներ. արդյոք այս կարգի հայտարարությունները օգուտ կտան բանակցային գործընթացին կամ ում ջրաղացին են դրանք ջուր լցնում։

Ըստ ասվածի, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ 1997թ. ի վեր ոչ բանակցություններ են եղել, ոչ էլ հանդիպումներ։

Հիշեցնեմ, որ միայն նախագահների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումներ են կայացել։ Եթե այդ հանդիպումների արդյունքներն այդքան վնասակար էին մեզ համար, ապա ինչու էր ամեն անգամ հենց Ադրբեջանը հրաժարվում դրանց արդյունքներից։ Ինչպես դա եղավ Կազանում, Կազանից առաջ՝ Սոչում, Սոչիից առաջ՝ Մոսկվայում, Մոսկվայից առաջ՝ Աստրախանում, Աստրախանից առաջ՝ Սանկտ-Պետերբուրգում ու այսպես կարող ենք երկար շարունակել։

Արդյոք պատահականություն է, որ Ադրբեջանը մինչ այսօր հղումներ է կատարում այն հայտնի փաստաթղթերին, որոնք ընդունվել են 1997թ. առաջ։ Վստահ եմ, որ այդ փաստաթղթերը հարցազրույց տվողին քաջ հայտնի են։

Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության մոտեցումներին, այլ ոչ թե հակառակը, ինչպես պնդվում է հարցազրույցում։ Ավելին. ո՞վ է խրտնում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններից և բոլորովին վերջերս Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունից։ Հենց Ադրբեջանը։

Երեք օր առաջ Հանրապետության Նախագահը արտգործնախարարությունում ունեցած իր ելույթում հստակ, սպառիչ և շիտակ գնահատական տվեց այս կարգի մեկնաբանություններին»:

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ ԱԳՆ-ում Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Այստեղ տեղին է նշել, որ փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից պարբերաբար հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, այսպես կոչված, տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ՝ վարկածներ: Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք, և սա շատ հասկանալի ու ընկալելի է, բայց երբ նրանք փորձում են մտնել մանրամասների մեջ, ապա միանգամից սայթաքում են և սկսում են խոսել ցանկությունների մասին: Դիվանագիտությունը ցանկություն չէ՛: Բանակցությունները ցանկությունների կատարում չե՛ն: Բանակցությունը, ես փորձառու դիվանագետ չեմ, բայց ամենայն հավանականությամբ, փոխզիջում գտնելու ունակություն է: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031