Քիչ առաջ Աշոցքի եկեղեցուց հուղարկավորեցին 2 օր առաջ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանին:
Աշոցքում ասեղ գցելու տեղ չկար, հերոսին հրաժեշտ տալու էին եկել կառավարության անդամներ, ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը, գեներալներ, նրա զինվորական ու մանկության ընկերները, Աշոցքի ողջ տարածաշրջանը՝ հեռավոր գյուղերի բնակիչները, նույնիսկ սառցակալված փողոցներում ձեռնափայտով քայլող ծերունիները, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու երկու փոխմարզպետները՝ Սեյրան Պետրոսյանն ու Հարություն Արշակյանը, մարզպետարանի բազմաթիվ աշխատակիցներ:
Տղամարդիկ հերթով հանում էին գլխարկները, մտնում եկեղեցի, գլուխ խոնարհում հերոսի առաջ, իսկ կանայք արտասվում, սգում էին անձայն՝ ջանալով զսպել ողբը, գիտակցելով նրա սխրանքի արժեքը:
Հերոսին հուղարկավորեցին Աշոցքի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Պետրոսյանի օրհնությամբ, որը փառք տվեց նրան, ասաց՝ Աստված օրհնի այն արգանդը, որ Շավարշի պես հայորդի է ծնել: Քահանան խնդրեց նրա մասին երբեք չխոսել անցյալ ժամանակով. հերոսները հավերժ են:
Կարդացեք նաև
Մահվան թափորը չէր երևում, մարդիկ ոտքով շարժվում էին դեպի գերեզմանոց, ու այդ ամբողջ ընթացքում լսվում էր ծեր տատիկի բարձր զրույցը թոռան հետ. «Շավո, ինչի՞, ինչի՞, մնայիր ու հավերժ ծառայեիր քո հայրենիքին, ի՞նչ անի հայրենիքն առանց քեզ… »:
26-ամյա սպային հողին հանձնեցին քրիստոնավայել, զինվորական կարգով՝ Հայաստանի հիմնի ներքո, կրակոցներով, կանանց չթույլատրեցին մտնել գերեզմանոց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ