Քաշաթաղի շրջանում, իրար հետ համագործակցելով, գործում են ՀՀ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) տարածքային բաժանմունքը և Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) շրջանային տարածքային խորհուրդը: Վերջերս կայացավ ԱԱՄ շրջանային խորհրդի կազմի և համայնքային միավորումների նախագահների ժողովը, որին ներկա էին շրջանի ուժային կառույցների ղեկավարներ և ԵԿՄ ու ԱԱՄ կողմից պարգևների արժանացած ազատամարտիկներ:
Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով գալիք տոների առթիվ, առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Արցախյան գոյամարտի ողջ ընթացքում նահատակված քաջորդիների հիշատակը:
Կարևորեց ազատամարտիկների դերը, անդրադարձավ ապրիլյան պատերազմական իրադարձություններին և ուրախությամբ նշեց, որ այդ օրերին քաշաթաղցիներն իրենց դրսևորեցին իսկական հայրենասերի պես, և շատերը՝ ահել ու երիտասարդ, նույնիսկ կանայք պատրաստ էին առաջնագիծ հասնել: 120-ից ավելի կամավորականներ այդ օրերին մարտական դիրքերում ժամկետային զինծառայողների հետ պաշտպանեցին Հայոց սահմանը: Շնորհավորեց պարգևատրվածներին՝ հավելելով, որ բոլոր մասնակիցներն են արժանի պարգևների:
Արցախի ազատամարտիկների միության կողմից ապրիլյան օրերին սահման մեկնած 7 կամավորական պարգևատրվեցին թանկարժեք նվերներով, որոնք հանձնեց ԱԱՄ Քաշաթաղի տեղամասային խորհրդի նախագահ Քերոբ Մովսեսյանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի հրամանով շրջանից 5 կամավորական՝ Րաֆֆի Ստեփանյան (գ. Հոչանց), Արման Ասատրյան (գ. Դրախտաձոր), Բաղունց Մուշեղ (գ. Աղավնո), Մհեր Աղաբեկյան (գ. Քարեգահ) և Էդվին Բայաթյան (գ. Հակ), արժանացել են ԵԿՄ հուշամեդալի: Պարգևները հանձնեց ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի նախագահ Սեյրան Պողոսյանը: Շրջանից 23 կամավորական էլ արժանացել են ՀՀ Պաշտպանության նախարարի շնորհակալական խոսքին:
Զոհրաբ Ըռքոյան. ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի ՏԲ փոխնախագահ