Լրահոս
Օրվա լրահոսը

2017 թվականի` Զարուհի Փոստանջյանի քաղաքական օրակարգի առաջարկ

Դեկտեմբեր 31,2016 12:29

ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

«Նախկին կոմունիստական և սոցիալիստական երկրների պատմությունը ցույց է տալիս, որ Բեռլինի պատի փլուզումից հետո բոլոր այն երկրներում, որտեղ հաստատվել է տոտալիտար կամ ավտորիտար կառավարում, դա տեղի է ունեցել, երբ ինչ-որ մեկը՝ Կոմկուսից, ԿԳԲ-ից կամ հատուկ ծառայություններից, դարձել է  պետության ղեկավար, որն իրեն բարեփոխիչ է անվանել»:

ԴԱՐՈՆ ԱՃԵՄՃՂԼՈՒ

«Ինչու՞ են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հանրահայտ աշխատության հիմնական թեզը ամրագրում է հետևյալը` պետությունների զարգացման համար ավելի կարևոր են ոչ թե աշխարհագրական, աշխարհաքաղաքական, կլիմայական և այլ գործոնները, այլ նախևառաջ քաղաքական ինստիտուտները: Ըստ այդ տեսության՝ քաղաքական ինստիտուտները լինում են ներառող (inclusive) և քամող/կեղեքող (extractive), և հաջողում են այն ազգերը, որոնք ունեն ներառող քաղաքական ինստիտուտներ և հակառակը՝ ձախողում են նրանք, որոնց ինստիտուտները քամող են:

25 տարի Հայաստանում գործել են քամող/կեղեքող քաղաքական ինստիտուտներ: Այս ինստիտուտները կշարունակեն գործել ևս տարիներ, եթե դրա վերացման ուղղությամբ չձևավորվի համընդհանուր կոնսոլիդացնող քաղաքական օրակարգ, որը  կունենա հստակ գործողությունների ծրագիր և սահմանափակ ժամանակացույց:

Legatum Institute-ի կողմից հրապարակված 2015 թվականի վերաբերյալ «Գլոբալ Բարգավաճման Ինդեքս»  (Global Prosperity Index) տարեկան զեկույցը ծավալուն հետազոտություն է երկրների բարգավաճման դասակարգման վերաբերյալ: Այդ հետազոտությունների հիմքը ներառում է այնպիսի գործոններ, ինչպիսիք են ազգային հարստություն, կրթական աստիճան և անվտանգություն: Մեկ առանցքային գործոն, որ դիտարկում է  հետազոտությունը, դա կառավարումն է, որը բաղկացած է երեք կատեգորիաներից` արդյունավետ կառավարում, ժողովրդավարություն ու քաղաքական մասնակցություն և օրենքի գերակայություն: Հետազոտության չափումների համար հաշվի  են առնվել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են`  ընտրողների մասնակցությունը, օրենսդրական անկախությունը և կանանց թիվը խորհրդարանում:

Հայաստանում, փաստորեն, շուրջ 25 տարի չի գործել քաղաքական ներառող այնպիսի ինստիտուտ, ինչպիսին է ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը:

Ժողովրդավարությունը կյանքի կոչելու համար նվազագույնը ընտրական իրավունքի իրացման համախումբն է` ազատ ընտրությունների անցկացումը և ազատ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը: Սա շատ կարեւոր է, եւ առավել կարեւոր պայման ժողովրդավարության համար: Հայաստանում շուրջ 25 տարի ազատ ընտրությունների միջոցով տեղի չի ունեցել իշխանության ձևավավորում, այլ տեղի է ունեցել միայն իշխանության փոխանցում Լևոն Տեր-Պետրոսյանից Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին: 2015 թվականին Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե» կեղծարարությունը Սերժ Սարգսյանի համար  վերացրեց  ժառանգորդ ունենալու հարցը: Այդ կեղծարարության հետևանքով նա ծրագրել է մնալ որպես անփոխարինելի ավտոկրատ:

Հայաստանը ինչպե՞ս կարող է ճեղքել քաղաքական, տնտեսակա և անվտագության ճգնաժամը, ո՞րն է լինելու հայ ժողովրդի և նրա քաղաքական վերնախավի առաջին քայլերը: Կարծում եմ, առաջին քայլը, որ պետք է կատարվի, հետևյալն է` ներդնել այնպիսի ներառող քաղաքական ինստիտուտ, ինչպիսին է ազատ, հավասար և թափանցիկ պայմաններում ընտրությունների անցկացումը:

Ընտրական իրավուքնի համախմբի ներդնումը կարող է դառնալ առաջին և հիմնական գործոնը, որը կաշխատի Հայաստանը դարձնել հարուստ կենսամակարդակով, բարձր կրթվածությամբ  անվտանգ երկիր:

2 ապրիլի 2017 թվականին  հայտարարված ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններ միջոցառումը պետք է դարձնել հնարավորություն տապալելու ավտոկրարտիան և նրա սպասարկուներին:

ժԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ և ՔԱՅԼԵՐ

-Առաջին քայլ` 2 ապրիլի 2017 թվական – ռեժիմի տապալում,

-երկրորդ քայլ` 2 ապրիլի 2017 թվականից առավելագույնը մինչև 2 հոկտեմբեր 2017 թվական – ժամանակավոր կառավարության և Ազգային ժողովի գործունեություն,

-երրորդ քայլ` առավելագույնը մինչև 31 դեկտեմբերի 2017 թվական – արտահերթ խորհրդարանական և նախագահական ըտրությունների անցկացում:

ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՆԴԱՏԸ

Ժամանակավոր կառավարության և Ազգային ժողովի առաքելությունը և մանդատը պետք է լինի սահմանափակված հետևյալ դրույթներով.

1. Ազատ է արձակում բոլոր քաղաքաքական բանտարկյալներին, ներառյալ «Սասնա Ծռերին»:

2. ՀՀ ԿԸՀ-ի կողմից ընդունված 6 դեկտեմբերի 2015 թվականի հանրաքվեի արդյունքները հայտարարում է անվավեր:

3. Մշակում և ընդունում է գաղտնազերցման մասին օրենք, որը վերաբերվում է 25 տարիների ընթացքում գործող ռեժիմի ներկայացուցիչներին, ովքեր ներգրավված են եղել մարդու իրավունքների ոտնահարման մեջ, ովքեր զավթել են իշխանությունը, ովքեր ապօրինի հարստացել են, ովքեր կապ են ունեցել օտար երկրների հատուկ ծառայությունների հետ:

4. Մշակում և ընդունում է սահմանադիր օրենքների համախումբ` ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների և պարտականությունների մասին օրենք, մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին օրենք և այլն:

5. Օրենքով ամրագրվում է, որ ընտրվելու և ընտրելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու` անկախ նրանից, թե նա որտեղ է գտնվում: Արցախի Հանրապետության քաղաքացիները պարզեցված կարգով 15 օրվա ընթացքում պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և պետք է ունենան հնարավորություն մասնակցելու Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններին: Արցախը նույնպես պետք է ունենա իր պատգամավորները հայոց խորհրդարանում: Արտասահմանի բոլոր հայաշատ քաղաքները պետք է ունենան իրենց պատգամավորները ապագա հայոց խորհրդարանում, նրանցից յուրաքանչյուր 100 հազար հայ պետք է ունենա իր պատգամավորը: Արտասահմանի բոլոր հայաշատ քաղաքներում պետք է գործեն ընտրական տեղամասեր, ամբողջ Հայաստանը պետք է լինի մեկ ընտրական տարածք, ընտրությունները պետք է տեղի ունենան պարզ համամասնական  ընտրական կարգով, ընտրություններում կուսակցության նվազագույն անցողիկ շեմը պետք սահմավի 2/5 %:

6. Ընդունում է օրենք ազգային անվտանգության հայեցակարգի վերաբերյալ:

7. Ընդունում է հարկային ազատականացման և պռոգրեսիվ հարկման մասին օրենքներ:

8. Ժամանակավոր կառավարությունը ամբողջությամբ կրում է գործադիր իշխանության լիազորությունները և պարտականությունները:

9. Կառավարության և Ազգային ժողովի անդամները համատեղ պետք է քննեն և եզրակացություն հրապարակեն Հայաստանի Հանրապետությունից ապօրինի 30 միլիարդ դոլար դուրս հանելու հարցի վերաբերյալ:

10. Կառավարությունը և Ազգային ժողովը պետք է քննեն և  եզրակացություն հրապարակեն  ապրիլյան քառօրյա պատերազմում ունեցած զոհերի, տարածքային և նյութական կորուստների  մեղավորների և պատասխանատուների վերաբերյալ:

11. Կառավարությունը և Ազգային ժողովը պետք է ճանաչեն Արցախի  Հանրապետությունը, նրա հետ  պետք է կնքեն համապատասխան իրավական փաստաթղթեր`  ռազմական փոխօգնության, միասնական անձնագրային,  դրամական դաշտի  և քաղաքացիության վերաբերյալ:

12. Օրենքով ամրագրում է Հայոց պետականության տարածքային ամբողջականության վերականգնում, Հայկական բարձրավանդակի ու հարակից տարածքների ազատագրում` որպես հայ ժողովրդի պարտականություն: Իսկ մինչ այդ` հիմք ընդունելով հայրենի բնօրրանի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը` Արցախի ու Հայաստանի հանրապետությունների հենքի վրա Հայկական միասնական պետականությունը, որի կառավարման համակարգը հիմնված պետք է լինի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատման, հակակշռման ու զսպումների կառուցակարգերի վրա:

13. Օրենքով ամրագրում է, որ Հայոց պետականության անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես հայկական Ազգային բանակի մենաշնորհն են: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների զորամիավորումների ներկայությունը Հայոց պետականության սահմանների ողջ երկայնքով արգելվում է:

Զարուհի Փոստանջյան

31.12.2016թ., Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031