Օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում հանդիսավորությամբ շնորհակալագրեր ու մրցանակներ հանձնվեցին այն անհատներին, մշակութային օջախների և ուսումնական հաստատությունների սաներին, մանկավարժներին և տնօրեններին, ովքեր ամբողջ տարվա ընթացքում թանգարանի մշակութային կյանքի ակտիվացման գործում իրենց ներդրումն են ունեցել: Տուն-թանգարանի տնօրինության կողմից շնորհակալագիր հանձնվեց նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Կարոլինա Հարությունյանին: Ապագա իրավաբանը 2016 թվականին տուն-թանգարանում իրականացրել էր կամավոր աշխատանք և հընթացս ստեղծել նաև «Ստուգիր քեզ» վիրտուալ ծրագիրը:
«Առավոտի» հետ զրույցում Կարոլինա Հարությունյանը պատմեց կամավորական աշխատանքի և հեղինակած ծրագրի մասին. «Դպրոցում ուսանելու տարիներին մշտապես կամավորական աշխատանքներ եմ իրականացրել տարբեր մշակութային կազմակերպություններում: 2016 թվականի ամռանը, ավարտելով Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը և իմ հետաքրքրությունների շրջանակում ունենալով Ա. Սպենդիարյանի կյանքն ու գործունեությունը, որոշեցի գիտելիքներս հարստացնել կոմպոզիտորի տուն-թանգարանում կամավորական աշխատանքով: Եվ քանի որ 2016 թ. լրանում էր նաև մեծն կոմպոզիտորի ծննդյան 145-ամյակը որոշեցի նաև իմ փոքրիկ ներդրումն ունենալ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի մշակութային կյանքի ակտիվացման գործում: Այս խնդրանքով դիմեցի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանին, ով մեծ սիրով և ջերմությամբ ինձ ընդունեց իրենց հարկի ներքո: Գործին նվիրված և պրոֆեսիոնալ մարդկանց շրջանում էլ ուսումնասիրեցի Ա. Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործական գործունեության այն դրվագները, որոնք ինձ հայտնի չէին:
Մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո գիտելիքներով ցանկացա կիսվել նաև նրանց հետ, ում հետաքրքիր էր իմանալ հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադրի մասին մանրամասներ: Արդյունքում ստեղծեցի «Ստուգիր քեզ» վիրտուալ ծրագիրը` www.banktestov.ru/test/?id=43452: Արդի տեխնոլոգիաների դարաշրջանում վիրտուալ այս ծրագիրը հասանելի է բոլորին, և այն ոչ միայն ստուգում է գիտելիքների շրջանակը, այլև` հարստացնում այն»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, իրավաբանի մասնագիտությունը մշակույթի ոլորտում ինչ դրսևորումներ կարող է ունենալ, ապագա իրավաբանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր ոլորտ և նամանավանդ մշակույթի ոլորտն ունի իրավական պաշտպանվածության կարիք: Սովորելով, հարստացնելով մասնագիտական գիտելիքներս, հմտություններս, կարողություններս` հետագայում միգուցե հարկ լինի այն կիրառեմ ի նպաստ հայ մշակույթի պահպանման, ինչու չէ նաև պաշտպանման գործում»:
Մեր այն հարցին, թե առաջիկայում ինչ ծրագրեր ունի և ինչով է զբաղված` Կարոլինա Հարությունյանը պատասխանեց. «Հիմա ողջ ռեսուրսներս` ժամանակս, ուժերս, հնարավորություններս կենտրոնացրել եմ ուսումնական պրոցեսների վրա, որպեսզի առավելագույնս գիտելիքներ ամբարեմ` լավ մասնագետ դառնալու համար, որպեսզի կարողանամ իմ երկրին և ժողովրդին պիտանի մարդ դառնալ»:
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ