Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանն ամփոփել է 2016 թվականի գործունեությունը

Դեկտեմբեր 30,2016 19:48

Երևանի քաղաքապետարանը «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» կարգախոսով ամփոփել է անցնող տարում մայրաքաղաքում իրականացված ծրագրերն ու աշխատանքները, ձեռնարկված բարեփոխումները և ձեռքբերումները:

2016թ. քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերն ուղղված են եղել մայրաքաղաքի կայուն զարգացման ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների կյանքի որակի նոր չափանիշների ձևավորմանը՝ քաղաքի համաչափ զարգացման սկզբունքի պահպանմամբ:

2016թ. հագեցած է եղել մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման, քաղաքային տնտեսության տարբեր ճյուղերում կառավարման նոր համակարգերի և մոտեցումների ներդրման, ինչպես նաև Երևանում բնակության, գործունեության և հանգստի համար նպաստավոր պայմանների ստեղծման ու ապահովման տեսանկյունից:

Քաղաքաշինության, շինարարության և բարեկարգման, քաղաքային միջավայրի, մշակույթի և սպորտի, առողջապահության, սոցիալական ապահովության, արտաքին կապերի և զբոսաշրջության ոլորտներում իրագործված բոլոր ծրագրերի ու կատարված աշխատանքների հիմքում եղել է Երևանի բնակիչների համար հարմարավետ ու մատչելի կենսապայմանների ապահովումն ու մայրաքաղաքի հյուրերի համար Երևանի գրավչության բարձրացումը:

Քաղաքաշինության՝ մասնավորպես ճանապարհաշինության ոլորտում իրականացված լայնածավալ ծրագրերով հիմք է դրվել մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման խնդրի երկարաժամկետ լուծումներին: Այս տարի շահագործման է հանձնվել Երևանի 23 կմ երկարությամբ կառուցվող շրջանցիկ ճանապարհի Շիրակի փողոց-Արշակունյաց պողոտա հատվածը: Շրջանցիկ նոր ճանապարհն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը, կանցնի վարչական 4 շրջաններով և կբեռնաթափի կենտրոնը: Շահագործման հանձնված ճանապարհահատվածում կառուցված վերգետնյա անցումը վերելակով համալրված առաջին անցումն է Երևանում, որը կապահովի բնակչության բոլոր խմբերի ազատ և անվտանգ տեղաշարժը:

Մայրաքաղաքում հարմարավետ կենսագործունեության պայմաններ ապահովելու նպատակով վերանորոգվել, բարեկարգվել և լուսավորվել են տասնյակ փողոցներ, մայթեր, բակեր, այգիներ, ինչպես նաև վերանորոգման խոշորածավալ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում:

Բարեկարգ բակերի թիվը Երևանում 2016թ. ավելացել է 340-ով, մայրաքաղաքում ավելացել են նաև հանգստյան գոտիներն ու կանաչ տարածքները, իրականացվել են քաղաքային կահավորման և ձևավորման աշխատանքներ:

Անցնող տարում շարունակվել են մատչելիության և հարմարավետության ապահովմանն ուղղված ծրագրերը, որոնք հատկապես կարևոր են տեղաշարժման, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող բնակիչների և հյուրերի հարմարավետությունը քաղաքում ապահովելու համար: Երևանում ավելացել է թեքահարթակների, հարմարեցված ավտոբուսների, հետիոտնային անցումների թիվը:

2016թ. նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումների ուղղությամբ:

Կոմունալ տնտեսության ոլորտում իրականացված համալիր բարեփոխումների արդյունքում Երևանի ողջ տարածքում աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացվում է միջազգային օպերատորի կողմից, այս տարի գործնական փուլ է մտել նաև նոր աղբավայրի կառուցման ծրագիրը: Ջրամատակարարման ոլորտում իրականացված աշխատանքներն ապահովում են հուսալի և անվտանգ ջրամատակարարում մայրաքաղաքում՝ շուրջօրյա ջրամատակարարումը հասցնելով 83%-ի:

Կրթության ոլորտում քաղաքային իշխանությունների ծրագրերն ուղղված են եղել նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական կրթական կազմակերպություններում կրթական ծրագրերի իրականացմանը նպաստող պայմանների ապահովմանն ու բարելավմանը:

2016թ. Երևանի քաղաքային առօրյան լի էր մշակութային և մարզական իրադարձություններով, որոնք նախատեսված էին տարբեր նախասիրությունների և հետաքրքրությունների խմբերի մարդկանց համար:

Առողջապահության ոլորտում շարունակվել են առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների համալրման, շենքային պայմանների բարելավման ծրագրերը: Ամբողջությամբ լուծվել է պոլիկլինիկաների ջեռուցման խնդիրը:

Սոցիալական ոլորտում իրականացվել են հասցեական սոցիալական աջակցության ծրագրեր՝ հոգածության և ուշադրության կենտրոնում պահելով մայրաքաղաքի կարիքավոր ընտանիքներին և խոցելի սոցիալական խմբերին: Սոցիալական ծրագրերի առաջնային ուղղություններ են դիտարկվել զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին աջակցությունը, կարիքավոր սիրիահայերին օժանդակությունը:

2016թ. մի շարք ծրագրեր ուղղված են եղել Երևանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: Ավարտին է հասցվել «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը:

2016թ. Երևանը շարունակել է ակտիվ համագործակցությունը տարբեր քաղաքների և շրջանների, ինչպես նաև միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ:

Երևանի ավագանին ապահովել է իր լիազորությունների շրջանակներում բոլոր հիմնախնդիրների համակողմանի քննարկումը և որոշումների ընդունումը:

Երևանում գրանցվող զարգացումների արդյունքում Հայաստանի մայրաքաղաքը հայտնվել է աշխարհի տարբեր վարկանիշային աղյուսակներում՝ գրավելով միջազգային հանրության, զբոսաշրջիկների և ներդրողների ուշադրությունը:

2016 թվականին մայրաքաղաքում ձեռնարկված ծրագրերին, բարեփոխումներին և ձեռքբերումներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ամփոփ տեղեկագրի միջոցով, որը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքի հաշվետվություն բաժնում /www.yerevan.am/:

 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031