Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին, ծնողներին ու զավակներին, բոլորին. ձեր հավատի ու հավատարմության շնորհիվ կայացավ մեր Առաքելության իրագործման ևս մեկ տարին:
Տարին ծանրագույն էր: Ի լրումն ամենօրյա Ծառայության՝ ոստիկանությունը դիմակայեց այլ մարտահրավերների ևս՝ ապրիլյան ռազմական գործողություններ՝ երկրի սահմաններին և հուլիսյան դրամատիկ իրադարձություններ՝ երկրի սրտում: Եվ թե առաջին դեպքում՝ բանակին զորավիգ, թե երկրորդ դեպքում՝ իրավապահ մյուս գերատեսչությունների հետ, ոստիկանությունը պատվով հաղթահարեց բարդագույն իրավիճակը:
Ավա՜ղ, տվեցինք զոհեր, թա՛նկ զոհեր:
Փառք, պատիվ ու հավերժ հիշատակ հանուն երկրի և մարդու զոհված մեր պայծառ զինակիցներին:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը պատվով բռնեց ժամանակի ու պատմության քննությունը՝ հավաստելով, որ ճշմարիտ էր վերջին տարիների մեր ընթացքը՝ բարեփոխում, ինքնակատարելագործում, նոր ոստիկանության ու նոր ոստիկանի ձևավորում: Չգնայինք ժամանակին համընթաց, չձգտեինք արդիականացման՝ չէինք դիմակայի ամենափոքր մարտահրավերին անգամ:
Դիմակայեցի՛նք:
Հաղթահարեցի՛նք:
Եվ այսօր վստահությամբ կարող ենք փաստել. ոստիկանության բարեփոխումը, հատկապես հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների նոր կերպն ու գործելաոճը, հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման արդյունքները, համակարգի կատարելագործման ընթացքը և բազմաթիվ այլ գործոններ գլխավոր երաշխիքն են ոչ միայն ոստիկանության կայացման, այլև համակարգի հանդեպ հանրային վստահության, որ մեր բոլոր ձեռքբերումների հիմքում է:
Եվ այս ամենը դո՛ւք եք արել, մե՛նք ենք արել, միասի՛ն ենք արել ու շարունակելու ենք, քանզի թեկուզ մեկ ակնթարթ կանգ առնելը կնշանակի հետ մնալ ժամանակից և անհուսալիորեն հետաձգել ապագան:
Անցնող տարին հաստատեց, որ կարո՛ղ ենք, երբ հավատում ենք ու միասնական է մեր կամքը, ուրեմն նույնպիսի և առավել նվիրումով ծառայենք մեր Առաքելությանը, Օրենքին ու Ժողովրդին:
Շնորհավոր Նոր տարի, որ Տիրոջ Սուրբ Ծնունդով է պայծառանում:
Աստված մեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ