Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեց տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության մոնիտորինգի տարեկան զեկույցը

Դեկտեմբեր 30,2016 13:40

2016 թ. նոյեմբերի 9-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը քննարկման ներկայացրեց Հայաստանի համայնքապետարանների թափանցիկության, հաշվետվողականության եւ հանրային մասնակցության մոնիտորինգի 2016թ. տարեկան զեկույցը: Մոնիտորինգն անցկացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  ֆինանսավորմամբ իրականացվող  «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում: 2015-2016 թթ. ընթացքում տեղեկությունների հարցումների եւ դրանց պատասխանների միջոցով դիտարկվել են Հայաստանի բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքներով նախատեսված թափանցիկության, հաշվետվողականության եւ հանրային մասնակցության գործիքների առկայության եւ գործածության չափերը:

Ուսումնասիրության համաձայն, հարցումներին ամենաակտիվ արձագանքած համայնքապետարանների խումբը Լոռու մարզի համայնքապետարաններն են. 107 համայնքապետերից 85-ը (79,4%) պատասխանել են տեղեկության հարցումներին: Այս մասով Լոռու մարզին բարեխղճությամբ հաջորդում է Վայոց Ձորի մարզը, ապա Տավուշի մարզը: Տեղեկության հարցումներին ամենապասիվն են արձագանքել Արագածոտնի մարզի համայնքապետարանները` ընդամենը 10-ը 114-ից, ապա Արմավիրի մարզի համայնքապետարաններն են` 97-ից միայն 16-ն են պատասխանել հարցումներին: ՀՀ ընդհանուր հաշվով, ներառյալ Երեւանը, հարցումներին լիարժեք պատասխան տվել են համայնքների 26,8%-ը եւ թերի պատասխան՝ 9,3 %-ը: Հարցումներին չեն պատասխանել Հայաստանի 896 համայնքներից 569-ը, կամ՝ 63,5 %-ը:

Ուսումնասիրության համաձայն, ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով հանրությանը տեղեկություններ հաղորդելու պրոակտիվ պարտականությունը կատարում են համայնքապետերից 74-ը (8,26%), 74-ը այս պահանջները կատարում են մասնակիորեն: 168 համայնքապետ պատասխանել է, որ չի կատարում այդ պահանջը (18,08%), մյուս համայնքապետերը չեն պատասխանել հարցմանը:

Հայաստանի համայնքապետերից 222-ը (24,78%) տեղեկացրել է, որ ավագանին ընդունել է տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության ապահովման համար անհրաժեշտ եւ օրենքով պահանջված կարգերը, 105 համայնքապետ (11,72%) տեղեկացրել է, որ չի ընդունել, մյուսները հարցմանը չեն պատասխանել:

Համայնքապետերից 177-ը (19,4%) տեղեկացրել է, որ համայնքապետերին կից ձեւավորվել են խորհրդակցական մարմիններ, 150-ը (16,74%) տեղեկացրել է, որ չեն ձեւավորվել այդպիսիք, մյուսները հարցմանը չեն պատասխանել:

Ըստ համայնքապետերի պատասխանների, 2014-2015 թվականների ընթացքում հանրային լսումներ անցկացվել են ՀՀ համայնքներից միայն 138-ում (15,4%): 189 համայնքում (21,09%) հանրային լսումներ չեն անցկացվել, մյուսները հարցմանը չեն պատասխանել: 138 համայնքներում համայնքապետարանի նախաձեռնությամբ 2014-2015 թվականների ընթացքում անցկացվել է ընդհանուր առմամբ 394 հանրային լսում:

Տեղեկատվության հարցումներին պատասխանելու, հարցված տեղեկությունները տրամադրելու, հանրային նշանակության տեղեկությունները հրապարակելու տեսանկյունից, ինչպես նաեւ հանրային մասնակցության գործիքների կիրառման համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունման ցուցանիշներով՝ հավաքականությամբ մյուսներին ակնհայտորեն գերազանցում են Լոռու մարզի համայնքները, իսկ ամենացածր կատարողական ցուցանիշներն ունեն Արագածոտնի եւ Արմավիրի մարզերը: Տարբեր բաղադրիչներով այս մարզերի համայնքների հավաքականությունը Լոռու մարզին զիջում է 6-7 անգամ:

Հատկանշական է, որ 2016 թ. նոյեմբերի 9-ին մոնիտորինգի զեկույցի նախնական տարբերակի քննարկումից հետո աննախադեպ ակտիվություն են դրսեւորել Շիրակի մարզի համայնքները եւ պատասխանել են տեղեկությունների հարցումներին:

Մանրամասները ներկայացվում են տարեկան զեկույցում, որը առցանց կարող եք գտնել այստեղ:

Ծրագրի մասին

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման եւ տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահարժան տեղեկատվություն եւ հզորացնում է քաղաքացիական հասարակությունը` արդյունավետ, հաշվետու եւ մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոնի, Երեւանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի հետ համատեղ եւ ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031