Վերջին օրերին քննարկման առիթ է դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարում հնչած ելույթը, որում ՀՀ առաջին նախագահն անդրադարձել է, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:
Ելույթի եւ դրա վերաբերյալ հրապարակված կարծիքների առնչությամբ մեկնաբանություն ենք խնդրել 1991-1997թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանից:
ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր Պետրոսյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության լուծման հնարավորություններին: Ելույթին վերաբերող արձագանքները հիմնականում բաժանվեցին երկու մասի՝ կողմ եւ դեմ, եղան նույնիսկ սուր քննադատություններ: Դուք ինչպե՞ս եք գնահատում առաջին նախագահի խոսքը:
-Ինձ մոտ կասկած չկա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս ելույթը նշանակալից էր ե՛ւ քաղաքական, ե՛ւ պատմական առումով: Այնքան կարեւոր էր, որքան իր՝ 1997-ի նոյեմբերի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը: Անկախ նրանից, թե այն ինչ ազդեցություն կունենա ԼՂ հարցի լուծման կամ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա, այդ ելույթը պետական գործչի ելույթ էր:
Կարդացեք նաև
Լիովին համաձայն եմ Տեր-Պետրոսյանի ներկայացրած փաստերի՝ հիմնական կարեւորության, օգտագործած տրամաբանության եւ եզրակացությունների հետ: Այստեղ մի քանի իրականություններ կան, որոնք չենք կարող անտեսել.
ա. Ներկա իրավիճակը անընդունելի է մեր հակառակորդի, մեր հարեւանների եւ միջազգային հանրության համար,
բ. Ներկա իրավիճակը վստահաբար տանում է դեպի նոր պատերազմ: Ինչպես անցյալում, ներառյալ՝ ապրիլյան պատերազմի պարագայում, միջազգային հանրությունը Ադրբեջանին չի դատապարտելու ռազմական գործողությունների վերսկսման համար,
գ. Ներկա իրավիճակը ավելի քան վտանգավոր է Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Պետական բյուջեն պայթում է: Զոհված զինվորների ընտանիքների համար արտաբյուջետային միջոցների ենք դիմում: Առողջապահության նոր նախարարն հայտարարում է՝ մաղարիչ ասվածն ընդունելի է, որովհետեւ պետությունը ի վիճակի չէ կարգին ռոճիկ տալ այդ ասպարեզի աշխատողներին: Պետական պարտքը, ներքին թե արտաքին, արդեն անցել է ընդունելի սահմանները: Արտագաղթը շարունակվում է, հարկային բազան նվազում է, զինվորական ծառայության ենթակա երիտասարդների թիվը՝ նույնպես:
Նման իրականությունների շարքը երկար է: Սրանք նաեւ պետական գաղտնիքներ չեն: Իր ելույթում Տեր-Պետրոսյանը հստակորեն ներկայացրել է այդ շարքից մեծ թվով խնդիրներ: Եվ չնայած այս ամենին, այդ ելույթի նկատմամբ երկու կարեւոր նկատառում ունեմ:
Առաջինը վերաբերում է Հայաստանի եւ Իսրայելի պարագաների համեմատությանը: Առաջին նախագահն իր ելույթում հանգամանորեն անդրադարձել է «ազգ-բանակ» հասկացության պատմական եւ ժամանակակից օգտագործմանը: Իսրայելի պարագայում այդ հասկացողության գործնականացումը ունի հաջողության տարբեր պատճառներ: Դրանից ամենակարեւորն այն էր, որ Իսրայելը կարողացավ ապահովել մի մեծ եւ ուժեղ պետության՝ ԱՄՆ-ի ամբողջական, գրեթե՝ անսակարկ, ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ դիվանագիտական օժանդակությունը: Մենք չունենք նման պետություն մեր կողքին: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը նման դեր չեն ստանձնել, որքան էլ շատերը փորձում են նման հույս փայփայել: Ռուսաստանը լուրջ պետություն է եւ արդեն ավելի քան երկու տասնամյակ մեզ ասում է, թե ինչն է իր համար ընդունելի: Ուրիշ բան հասկանալը կամ ուրիշ բանի հավատալը ցնորամտություն է:
Այն, որ Տեր-Պետրոսյանի առաջարկները մոտենում են Լավրովի առաջարկին, ինքն իր մեջ ոչ լավ է, ոչ վատ: Եվ վատ չպիտի որակել պարզապես միայն այն պատճառով, որ Լավրովն է դա առաջարկում: Լավրովից շատ առաջ Տեր-Պետրոսյանն այդ մասին խոսել է: Նրանցից յուրաքանչյուրն իր պատճառներով պայմանավորված խոսում է գոյություն ունեցող իրականությունների իրապաշտ կարելիությունների մասին: Իսկ այդ իրականությունները ստեղծողները նույն մարդիկ են, որոնք իրենց անհեռատեսությամբ ու անհիմն փաստարկներով ընդդիմացան 1997-ի լուծմանը եւ հետագայում վարեցին այնպիսի քաղաքականություն, որը խորացրեց ՀՀ կախվածությունը Ռուսաստանից եւ հանգեցրեց ներկա իրականություններին: Եւ վերջապես՝ այդ լուծումը միայն Լավրովի լուծումը չէ: ԱՄՆ-ը, Եվրոպան էլ Ռուսաստանի հետ են այս հարցում, անկախաբար՝ միասին կիրականացնեն այն, թե Ռուսաստանը դա կանի այլ ճանապարհով:
Նույնքան եւ ավելի կարեւոր է ԼՂ հարցի կարգավորման կապակցությամբ համեմատությունը՝ այսօր սեղանին դրված փաստաթղթերի, իրենց տարբերակներով՝ 1997-ի առաջարկի հետ: Բայց 1997-ի առաջարկով Լաչին գավառը մնում էր հայկական հակակշռի տակ, եւ նրա կարգավիճակը որոշվելու էր ԼՂ կարգավիճակի հետ՝ երկրորդ փուլում: Առկա փաստաթղթերով՝ Լաչինի կարգավիճակը կարծես առանձնանում է ԼՂ կարգավիճակից եւ անցնում է ինչ-որ «միջազգային» ուժի: ԼՂ անվտանգության տեսակետից այս կետը ավելի կարեւոր է, քան որեւէ սկզբունքային հայտարարություն որեւէ փաստաթղթի մեջ: Հուսով եմ՝ սխալվում եմ:
Տվյալ պայմաններում, սակայն, դա էլ, ի վերջո, երկրորդական է: Տեր-Պետրոսյանի հետ ավելի քան համաձայն եմ. որքան հետաձգենք հակամարտության լուծումը, այնքան ավելի վատ է լինելու մեզ համար: Եւ սա ամենակարեւոր գործոնն է, որը քննադատները չեն ուզում տեսնել եւ դրա փոխարեն հայրենասիրական հռետորության են դիմում: Ժամանակը արդեն շուրջ երկու տասնամյակ ցույց է տվել, որ արդարացված է ժամանակի ժխտական դերի վերաբերյալ այս վարկածը:
Առաջին նախագահի ելույթը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից: Կան գործիչներ, որոնք Լեւոն Տեր Պետրոսյանին համարում են դավաճան: Չե՞ք վախենում, որ Ձեզ էլ կմեղադրեն հայրենիքի դավաճանության մեջ:
-Կարծում եք՝ նման անվանարկումը նորությու՞ն է լինելու: Մարդիկ, որոնք հանրության անունից կամ հանրային սպառման համար նման անվանարկումների վրա են հենվում, իրենք իրենց վերագրում են «դավաճանին» դիմադրողի՝ հերոսի դերը: Նախընտրում եմ հարցի կապակցությամբ խոսել փաստարկներով եւ ոչ նման էժանագին որակումներով:
Իսկ եթե անհրաժեշտ է հարցը վիճարկել դավաճանի ու հերոսի կամ փրկչի եզրաբանությամբ, պիտի առաջարկեի հետեւյալը. դավաճանները նրանք են, որոնք անգիտակցաբար կամ գիտակցաբար անտեսելով կուրացնող իրականությունները, տակավին կառչում են վտանգավոր «տեսլականներից» եւ մեր ժողովրդին տարել-տանում են դեպի հերոսության ու մարտիրոսության «ռազմավարություն»: Հայ ժողովրդի գոյության նպատակը երկնքում որպես հերոս եւ մարտիրոս ընդունվելը չի կարող լինել: Մենք այդ «քվոտան» վաղուց սպառել ենք:
Անկախաբար, թե ով է պատասխանատու այսօրվա իրականությունների համար, թե ով է պատճառը, որ մենք կորցրինք ԼՂ հարցի լուծումներից նվազագույն վատը, որը կարող էր չարյաց փոքրագույնը լինել, այսօր ունենք իրականություններ, որոնք հնարավոր չէ մոռացության մատնել՝ օգտագործելով «գերհայրենասիրական» հռետորաբանություն:
-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչու՞ Սերժ Սարգսյանը որոշակի քայլ չի անում ԼՂ հարցում: Հնարավո՞ր է, որ այդ՝«գերհայրենասիրական» հռետորաբանությունից եւ «հայրենիքի դավաճան» որակումից է խուսափում:
-Նախագահ Սարգսյանը մեծ փորձ ունի այս բնագավառում: Իմ տպավորությունն այն է, որ նա փորձում է խուսանավել իր իրապաշտության եւ դրա հնարավոր քաղաքական հետեւանքների արանքում: Դա հասկանալի է: Սակայն ինքն այնպիսի պաշտոն է ստանձնել եւ այնպիսի պայմաններում է գործում, որ անկարելի է խուսանավել առհավետ: Երկրի վիճակն այնպիսին է, որ խուսանավությունը չի կարող երկար տեւել: Միջազգային կացությունն էլ, ներառյալ՝ Դոնալդ Թրամփի ընտրությունը, դա թույլ չի տալու:
Յուրաքանչյուր պետական գործչի եւ, ինչու չէ, յուրաքանչյուր պետության համար կգա որոշելու, պատասխանատվություն վերցնելու պահը: Մեզ նման փոքր պետությունների համար այդ պահերը ավելի արագ են գալիս եւ ավելի հաճախակի: Պետք է հիշել, սակայն, որ նման պահերին որոշում չկայացնելն էլ ունի նույնքան պատասխանատվություն, որքան՝ կայացնելը:
Ենթադրում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը այդ պահերից մեկի գիտակցման եւ նախազգուշացման հետ էր կապված: Առաջին նախագահն էլ, ի վերջո, նման պահերի իր փորձն ունի: Գործիչը պետք է որոշի՝ նա պետակա՞ն գործիչ է, թե՞ պարզապես քաղաքական: Կասկած չունեմ, որ պետականը հաջողացնելու համար պետք է նկատի ունենալ քաղաքական դաշտը, սակայն պատասխանատվություն ստանձնելը այլ մակարդակի վերաբերմունք է պահանջում:
Ի դեպ, ԼՂ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, ըստ որի Ղարաբաղի ժողովուրդը դեմ է ազատագրված տարածքները հանձնելուն: Այս տրամադրությունները կարո՞ղ են խանգարել հակամարտության հանգուցալուծմանը:
-Արտակ Բեգլարյանին ճանաչում եմ եւ հարգում եմ՝ որպես մտածող ու մտահոգ գործչի: Բեգլարյանի այդ հայտարարությունը վերաբերում է ԼՂ ժողովրդի այսօրյա տրամադրություններին: Անշուշտ, դա մտածելու տեղիք է տալիս: Միեւնույն ժամանակ, դժվար թե ուրիշ բան կարելի էր ակնկալել: Ավելի քան երկու տասնամյակ այդ ժողովուրդը իր անվտանգության հետ կապված վերլուծությունները ստացել է հակակշռի ենթակա տեղեկատվական համակարգից: Ղեկավարությունը չի ուզում պատասխանատվություն ստանձնել, ժողովրդին համոզում է ինչ որ բանի մեջ, հետո էլ ասում է՝ «տեսե՛ք, ժողովուրդը չի ուզում»։
Ես չգիտեմ նման «ուղերձը» որքան տարբեր կարող էր լինել, եթե ԼՂ ժողովրդին ներկայացված լինեին իսկապես առարկայնորեն ձեւակերպված անվտանգության հետ կապված այլ տարբերակներ:
Իսկ այդ ժողովրդին բացատրե՞լ են, թե առկա տրամադրություններով ապագան ինչ է հրամցնում: ԼՂ ղեկավարներն ու նրանց խրախուսողները իրենց առավելապաշտական պահանջներն ապահովագրում են՝ ասելով, որ այլ լուծումը, որը այդ պահանջներին չի համապատասխանում, վտանգում է ժողովրդի կենսական շահերը: Ուրեմն՝ ժողովուրդը ի՚՞նչ շանս ուներ այլ բան մտածելու: Կամ եթե մտածեր՝ արտահայտելու: Տակավին չեմ էլ խոսում այդ կարծիքների հավաքման մեթոդաբանության մասին:
Սակայն, Արտակ Բեգլարյանը միակը չէ, որ նման կերպ է արձագանքել Տեր Պետրոսյանի ելույթին:
-Բոլոր առարկություններն էլ պետք է ընդունել լրջորեն, բացի նրանցից, որոնք պարզապես հայհոյանքներ են: Չեմ զարմանում, որ որոշ նորելուկ «քաղաքագետներ» «դավաճան» եւ այլ բառեր են գործածում: Առաջին անգամը չէ, որ նման մարդիկ փորձում են քաղաքական դաշտի աստիճանները բարձրանալ Տեր-Պետրոսյանի կամ այլոց հասցեին նման բառեր գործածելով՝ առանց որեւէ իսկական մասնակցություն բերելու այս ամենակարեւոր հարցի եւ նրա լուծման մասին քննարկմանը: Ամաչում եմ նաեւ, որ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդը «պոռնկություն» բառն է օգտագործում:
Լեւոն Տեր Պետրոսյանի ելույթին արձագանքել է նաեւ Սեյրան Օհանյանը, որը դա արել է առանց ուղղակիորեն անդրադառնալու առաջին նախագահի խոսքին: Օհանյանի ֆեյսբուքյան գրառմանը ծանո՞թ եք:
– Սեյրան Օհանյանը խոսում է Բաքվի հետ բանակցության մասին: Ես միշտ էլ նախընտրել եմ ուղղակի բանակցությունները եւ դա արել եմ քանիցս՝ երբեմն հաջող արդյունքներով, երբեմն էլ՝ ոչ հաջող, սակայն առանց վնաս պատճառելու խաղաղության ձգտող գործընթացներին:
Ամփոփեմ Օհանյանի ասածը: Նա նշում է, որ.
ա. Ինքը համաձայն է Բաքվի հետ ուղղակի բանակցությունների,
բ. ԼՂ հարցի լուծումը, ի սկզբանե, ԼՂ անկախ պետականության միջազգային ճանաչումն է,
գ. Այդ պետականության համար անհրաժեշտ է պահել ԼՂ ներկա սահմանները՝ ներառյալ նախկին ԼՂԻՄ-ի շուրջ եւ այժմ՝ ԼՂՀ հակակշռի տակ գտնվող յոթ տարածքները,
դ. Մենք՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի, իբրեւ թե, 10 միլիոնանոց հայությունը տիրապետում ենք բոլոր միջոցներին՝ միայնակ պահելու համար այն, ինչ այսօր ունենք եւ դա պարտադրելու աշխարհին:
Չգիտեմ՝ այս իրավիճակում ի՞նչ է մնացել բանակցելու: Բաքու ենք գնում ասելու՝ ի՞նչ, որ Ադրբեջանն ընդունի՞ մեր ուզած տարբերակը: Նաեւ Բաքու գնալն ու բանակցելը նշանակում է Ալիեւին ընդունել որպես ռացիոնալ առաջնորդի: Մյուս կողմից՝ չէ՞ որ Օհանյանը նաեւ ասում է, թե Ադրբեջանը միայն ռազմական տրամաբանությամբ է առաջնորդվում: Ուրեմն՝ վերջնագի՞ր ենք տալու եւ հետո պատերա՞զմ հայտարարելու:
Այսինքն՝ Օհանյանն ասում է այն, ինչ մտածում են շատերը, թե իբր ԼՂ հարցը լուծված է: Մնում է, որ մյուսներն էլ ընդունեն մեր այդ որոշումը՝ անկախ առկա իրականություններից:
Օհանյանի եւ նրա նման խոսողների տրամաբանության մեջ ուշագրավ է նաեւ Սփյուռքին վերագրված դերը: Սա արդեն որերորդ անգամ է՝ որոշ քաղաքական գործիչներ եւ պետական պաշտոնյաներ Սփյուռքը պատկերացնում են որպես մեծ պետություն կամ դրան փոխարինող մի մեծ կառույց եւ նրան վերագրում կարողություններ ու առաքինություններ, որոնք պիտի լրացնեն Հայաստանի եւ Ղարաբաղի մոտ բաց մնացած կարողություները:
Մի քանի տարին մեկ անգամ «վերագտնում» ենք Սփյուռքը, ասում ենք՝ եթե այս կամ այն անենք, Սփյուռքը մեզ կփրկի։ Մոռացե՞լ ենք 1997-ը, երբ առաջին նախագահին ընդդիմանալով Ռ. Քոչարյանն ու իր գործակիցները փաստարկեցին, թե խուսափելու համար փոխզիջումների վրա հիմնված լուծումից եւ դիմադրելու համար բոլորին, անհրաժեշտ է միայն չեղյալ համարել ՀՅԴ գործունեության կասեցումը եւ խոսել ցեղասպանության մասին: Նրանց խոսքով՝ դա անելով Հայաստանում սփյուռքյան ներդրումները հավասարվելու էին Ադրբեջանում նավթի բերած արտասահմանյան ներդրումներին:
ՀՅԴ-ն վերադարձավ քաղաքական դաշտ, մաս կազմեց Քոչարյանի կառավարության ու արդեն մի քանի տարի է մաս է կազմում Սարգսյանի վարչակարգին: Ցեղասպանության հարցը բարձրացրինք-հասցրինք պետության արտաքին քաղաքականությունը ճշտող տեսության։ Ստեղծել ենք Սփյուռքի նախարարություն, մեդալներ ենք բաշխում։ Նույնիսկ 100 հազար դոլար, այո՛, 100 հազար դոլար ենք ծախսում «Նյու Յորք Թայմս»-ում մի էջ գովազդ գնելու համար, որպեսզի նոր ներդրումներ հրավիրենք ու երկիրը շենացնենք: Ե՞վ:
Այսպիսի քաղաքական մտածողության մեջ Սփյուռքը փոխարինում է ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին կամ էլ մտացածին այլ համապատասխան ուժի: Օհանյանը պիտի շատ լավ գիտենա Ռուսաստանի դերը այս բոլորի մեջ, մանավանդ Ռուսաստանի տրամադրությունները ԼՂ հարցի լուծման վերաբերյալ: Պիտի իմանա նաեւ մեր՝ աճող կախվածությունը, հաճելի թե ոչ, այդ պետությունից: Հատկապես՝ ռազմական, եւ, իհարկե, դրանով չսահմանափակված: Իսկ այդ կախվածությունը խորացավ վերջին երկու տասնամյակներին Օհանյանի առաջադրած նման սցենարներով: Որքա՞ն ժամանակ ենք մեր փափագն ու երազները շփոթելու իրական հնարավորությունների հետ:
Մի հավելյալ կարեւոր կետ եւս. Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած տրամաբանությանը հակադրվողները, երբ խոսում են քաղաքակիրթ լեզվով, վատագույն սցենարներն են ներկայացնում՝ իբրեւ հետեւանք այսօր սեղանին դրված լուծման: Նրանք պնդում են հետեւյալ թեզը. «Մենք միայնակ կարող ենք մեր առավելագույն պահանջները պարտադրել բոլորին, հայերս՝ բոլորի դեմ»։ Սակայն այդ հակաճառողներից ոչ մեկը չի ներկայացրել իրենց թեզին հետեւող հավանական սցենարները, չեմ էլ ասում՝ վատագույն սցենարները: Ա՛յ, դա կստեղծեր վիճարկման արդար դաշտ:
Այս հարցի մասին առայժմ այսքանը: Մանրամասն եւ հանգամանալից կանդրադառնամ ավելի ուշ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծայրից ծայր, պարզապէս պարտվողական մօտեցում է: Որ տանելու է ոչ թէ դէպի խաղաղություն, այլ՝ կապիտուլյացիա: Յանգելու է ոչ թէ փոխզիջումների, այլ հուսահատ, միակողմանի տեղատվութեան. հանձնվելու, հրաժարելու:
Սակայն այս տրամաբանությունը նաեւ, այս հարցազրոյցին մէջ,
հիմնված է երկու էական, լիովին սխալ հաստատումների վրայ՝
ա. թէ ժամանակի անցումը ի վնաս մեզի է.
բ. թէ Արցախի ժողովուրդի անզիջող կեցվածքը իշխանութեան քարոզչութեան արդիւնքն է.
ա. հաստատումը չի դիմանար աշխարհա-քաղաքական բարդ ու լպրծուն իրավիճակին, ոչ ել այն իրողութեան որ Ադրբեջանի քարյուղը անսպառ չի – եւ մինչեւ որ կիտրոնը չորանա, նաեւ ռազմականօրէն նրա – եւ բացառապէս անով շահագրգռված օտարների – ամենախոցելի… դիրքն է:
բ. կէտը, իրողապէս, ոչ միայն անճիշտ է, այլ նոյնիսկ կարող է ուղղակի հակադրվիլ իրականության… Արցախում իշխանությունները տեւապէս զսպում են ժողովուրդի զգացումները թշնամիի նկատմամբ, որպէսզի առաջքը առնեն անհամբերությունից բխած բախումների…
Այստեղ, ինչպէս որ Առաջին Նախագահի պարագային, ես չեմ տեսնում դաւաճանություն: Հիմնականօրէն, ծերության խնդիր է: Այդ իսկ վիրաւորական կերպով չեմ ասում, բոլորս ծերանալու ենք, ստոյգ բան է. ոչ միայն մարմնապէս, այլ նաեւ ու մանաւանդ միտքով – որ իսկական ծերությունն է արդէն. սակայն պէտք է գիտակցիլ որ երբ տարիքի բերումով անձնապէս կը մատնուինք անզօրութեան հոգեվիճակի, զայն պէտք չէ շփոթել համայն ազգի կացութեան հետ:
Դուք պայքարի ձեր բաժինը կատարել էք, շատ բարի, վարձքերնիդ կատար: Հիմա թողեցէք որ, անոնք որոնք տրամադիր են գործը շարունակելու, իրենց բաժինը կատարեն: Դուք հանգտացէք: Մեզ շնորհելով միայն մի բան՝ ձեր լռութիւնը: Ոչ թէ որովհետեւ նա մեզ խանգարում է, չէ, ոչ իսկ, սակայն թշնամին ալ կարդալ գիտէ, եւ ամէն անգամ որ այսպիսի բաներ լսէ մեր կողմից, ոգեվորվում է: Եւ բնականաբար հարձակում է գործում ռազմաճակատի մեր զինվորների – եւ նաեւ անզէն բնակիչների – վրայ:
Հ.Շ. վերջին արած զգուշաւորությունը ճիշտ ըլլալով յանդերձ, ասել պիտի որ հանրային քննարկումի ուրիշ տեսակ չկա: Լաւ էր թէ Լիպարիտեանի թէ Հ.Շ. վերլուծութիւնը: Պիտի շարունակել:
Հ.Շ.ի մտահոգութիւնները հասկնալի են։
Ինչպէս հարցազրոյցում խոստացել էի, , իմ եւ նման դիրքորոշում ունեցողների դէմ ներկայացուած գնահատակեններին ու փաստարկներին պատասխանելու եմ հանգամօրէն աւելի ուշ։ Սակայն որովհետեւ կարեւորագոյն հարցն է, որի մասին խօսում ենք, մտածեցի մտքերի փոխանակութեան համար օգտակար կը լինի ուշադրութիւն հրաւիրել Հ.Շ.ի եւ նրան հետեւող Սարգիսի մեկնաբանութիւնների երկու կէտի վրայ։
Երբ Հ.Շ.ն հարազրոյցից բխող մօտեցումը նկատում է «պարտուողական», նա եւ նրա նման յայտարարութիւն անողները չեն ասում, թէ ո՞րն է «յաղթողականը»։ Այսինքն, նրանք չեն ներկայացնում հաւաստի սցենարներ, թէ ինչպէ՞ս ենք մեր իրական պայմաններում գնալու բոլորի դէմ։ Որքան էլ սփոփիչ, յուսադրիչ կամ առաւելթագոյնին ձգտող լիմեն՝ հայրենասիրական ելոյթներն ու գեր-ազգային տարազները չեն կարող փոխարինել իսկական տուեալների վրայ հիմնուած ռազմավարութիւնը։Նման ռազմավարութիւն տակաւին չեմ կարդացել կամ լսել։ Եթէ կայ նման բան, լաւ կը լինի մէկն ու մէկը այդ բողոքողներից հրապարակի։
Երկրորդ, Հ.Շ.ի գրառման վերջին պարբերութիւնը, որը Սարգիսը գնահատում է դրական, շարունակուող պատերազմի պատասխասխանատուն է նկատում իմ կամ նման մտածողների հրապարակողների մօտեցումների արտայայտութիւնը։ Այսինքն, Ադրբեջանը ապրիլ ամսին չէր լայնացնի այդ շարունակուող գործողութիւններն ու չէր սկսե նոր պատերազմ, եթէ ոչ ես ոչ էլ այլք չխօսէինք այս մասին։ Եթէ անհրաժեշտ է բացատրել այս փաստարկի անիմաստութիւնը՝ էլ չեմ շարունակելու այս նախադասութիւնը։