Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել են, որ Վաշինգտոնից և Սան Ֆրանցիսկոյից արտաքսում են 35 ռուս դիվանագետների և նոր պատժամիջոցներ սահմանում Ռուսաստանի դեմ, հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում նշվում է, որ պատժամիջոցների տակ, մասնավորապես, հայտնվել են 6 անձ և 5 գերատեսչություն, այդ թվում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին կիբերհարձակումների միջոցով միջամտելու համար:
Բացի այդ, Վաշինգտոնը փակում է ռուս դիվանագետների պատկանող երկու այսպես կոչված դիվանագիտական ամառանոց՝ Մերիլենդում և Նյու Յորքում: Հանգստի այդ համալիրները, ըստ ԱՄՆ իշխանությունների, օգտագործվել են հետախուզական նպատակներով: Ռուս դիվանագետների մուտքն այդ ամառանոցների տարածք կարգելվի արդեն ուրբաթ օրվանից:
«Բոլոր ամերիկացիներին պետք է մտահոգի Ռուսասատանի գործողությունները,- ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ:- Նման գործողությունները հանգեցնում են որոշակի հետևանքների»:
Կարդացեք նաև
Օբաման նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը հետագա քայլեր կձեռնարկի: Վերջերս ԱՄՆ կառավարությունն ակնարկել էր, որ իրենք էլ ուսումնասիրում են պատասխան կիբերհարձակումների հնարավորությունը:
Ռուսաստանի իրականացրած կիբերհարձակումների ծավալները ցույց տալու նպատակով հրապարակվել է նաև զեկույց՝ ռուսական հաքերային ենթակառուցվածքի մասին: Վաշինգտոնը հայտարարում է, որ այդ զեկույցը կարող է օգնել համակարգչային մասնագետներին պայքարել հաքերների դեմ:
BBC-ն նշում է, որ եթե Ռուսաստանը հետևի ընդունված դիվանագիական փորձին, ապա շուտով ինքն էլ գրեթե նույն թվով ամերիկացի դիվանագետների կարտաքսի իր երկրից:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն հայտարարել է, որ Մոսկվան համապատասխան արձագանք կտա ԱՄՆ հակառուսական պատժամիջոցներին:
«Առայժմ ես չեմ կարող ասել՝ ինչպիսին կլինի պատասխանը, չնայած մենք գիտենք, այստեղ միանշանակ, առանց այլընտրանքի գործում է փոխադարձության սկզբունքը: Բնականաբար, համապատասխան պատասխան կտրվի»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ