Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՎՍՏԱՀ

Դեկտեմբեր 30,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ վաթսունհինգերորդ

ԻՆՔՆԱՎՍՏԱՀ

Հորս արած լուսանկարների մյուս պերսոնաժներն էլ պակաս մարդիկ չեն, եւ չնայած էս վերջիններս հանրահայտության իմաստով էականորեն են զիջում առաջիններին, իմ ու մերոնց համար էս վերջինները պակաս արժեք չեն ներկայացնում՝ էն պարզ ու հասկանալի  պատճառով, որ էս վերջիններս հիմնականում իմ հորական Շեկոյան եւ իմ մորական Փարվանյան գերդաստանների փառահեղ  ներկայացուցիչներն են՝ Օսանը, Մեսրոպը, հորեղբայրս ու հորաքույրս, մեծուփոքր քեռիներս ու մեծուփոքր մորաքույրներս, ինչպես  նաեւ՝ Օսան տատիս քույրերն իրենց ընտանիքներով, ինչպես նաեւ՝ հարեւաններից ամենահեղինակավորներն ու ամենաարժանավորները, ինչպես նաեւ՝ հորս  ընկերներից Մինասյան Գրիգորը, ով մեր սանիկն ու Երեւանի ամենահայտնի ատամնաբույժն էր, ինչպես նաեւ՝ հորս ընկերներից Ալբերտը, ով էդ հարսանիքի քավորն էր, ինչպես նաեւ՝ մորս համակուրսեցի  ու ընկերուհի Դեղձիկը, ում շնորհիվ  հետագայում Մանկավարժականի բանասիրական ընդունվեցի, եւ վերստին հորաքույրս, ով, հորս միակ քույրը լինելուց բացի, նաեւ մորս համադասարանցի ընկերուհին էր, եւ, փաստորեն, հիմնականում հորաքույրս էր պատճառ  դարձել, որ հայրս ու մայրս ամուսնանան, եւ որպես լրացում ասեմ, որ իմ հորական ու մորական գերդաստանները հարեւաններ էին եւ երկուսն էլ գաղթից հետո բնակություն էին հաստատել Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածում, որտեղ եւ տեղի էր ունեցել հորս ու մորս էդ հիշարժան հարսանիքը եւ որտեղ մի տարի անց ծնվել էր ձեր խոնարհ ծառան, եւ ահա Մետաքս կոչվող էդ թաղամասի Հակոբ Հակոբյան անվանյալ էդ հատվածում տեղի էր ունեցել հորս ու մորս էդ հարսանիքը, որի սազանդարների խմբի կլարնետահարը Լեւոն Մադոյանի բարի ավանդույթները գեղեցիկ ձեւով շարունակած Վաչե Հովսեփյանն էր, եւ հորս ձեռամբ արված Վաչե Հովսեփյանի երկու լուսանկարներում էլ տակավին երիտասարդ կլարնետահարը բավական ինքնավստահ կեցվածք ունի, եւ կլարնետահարի իր էդ ինքնավստահ կեցվածքը նշելով ու շեշտելով՝ ուզում եմ ասել, որ էդ ժամանակ ոչ միայն հայրս էր Վաչե Հովսեփյանի համար փայլուն ապագա կանխագուշակել, այլեւ տակավին երիտասարդ Վաչե Հովսեփյանն ինքն էլ էր հասկանում ու գիտակցում, որ իրեն մեծ ու փայլուն ապագա է սպասում, բայց, այսուհանդերձ, ինչքան էլ  հայրս Վաչե Հովսեփյանի համար երաժշտական փայլուն ապագա կանխագուշակեր, երիտասարդ կլարնետահարին պատկերող երկու լուսանկարներն անհամեմատ ավելի խոսուն էին, քան՝ հորս կանխագուշակությունը, եւ էդ երկու լուսանկարներից էլ աչքի էր զարնում հորս լուսանկարչական վարպետությունը, եւ հորս  արած էդ ու մի շարք այլ լուսանկարները մեր կյանքի ուղեկիցներն էին, եւ ով մեր տուն էր գալիս, հպարտությամբ էդ անվանի մարդկանց լուսանկարներն էինք ցույց տալիս, եւ հիմա, երբ էս բաները գրում եմ, մտքովս անցավ Վաչե Հովսեփյանի էդ լուսանկարները մի հատ էլ աչքի անցկացնել, եւ արդեն երկու օր է՝ մեր ալբոմներն ու հորս լուսանկարների տուփերը քչփորում ու հորս հարսանիքի որեւէ լուսանկար չեմ գտնում, եւ չնայած էդ քչփորելուս ընթացքում շատ ու շատ եւ նույնիսկ ավելի հետաքրքիր  այլ լուսանկարներ հայտնաբերեցի, հիմա տրամանդրությունս բավական ընկած է, որովհետեւ ոչ միայն Վաչե Հովսեփյանի լուսանկարը չեմ գտնում, այլեւ հորս հարսանիքի  այլ լուսանկարներն էլ, որոնք, ինչքան հիշում եմ, իրար հետ միշտ նույն տուփի մեջ են եղել:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել