ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր կուսակցության ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ Սփյուռքի հայտնիների նախաձեռնությանը, որով վերջիններս ցանկանում են ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին ներկա լինել որպես դիտորդ:
«Ակնկալում ենք ժողովրդավարացման գործընթացի օժանդակություն, ոչ թե վերահսկողություն: Ոչ թե «կոնտրոլյորների» կարիք ունենք, այլ օժանդակողների»,-նախաձեռնությունն այսպես բնորոշեց Շարմազանովը:
«Չգիտեմ՝ ի՞նչ խմբով եւ կարգավիճակով են գալու, բայց դրական ենք վերաբերվում եւ ընդունում որպես հյուրի»,-ասաց նա, ապա հավելեց,-«մինչեւ ապրիլյան ընտրությունները ԼՂՀ-ում լինելու է սահմանադրական հանրաքվե: Եթե մեր սփյուռքահայ բարեկամները շահագրգռված են, որ Արցախի միջազգային ճանաչումն ավելի շուտ լինի, առաջակ ունեմ՝ ինչո՞ւ չեք գնում Արցախ եւ այնտեղ դիտարկում հանրաքվեն, որ Արեւմուտքի մեր բարեկամներին ներկայացնենք Արցախի ժողովրդավարության արդյունքները»:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Արցախը եւ Ադրբեջանը համեմատելն առնվազն բարոյական չէ. «Ադրբեջանը կառուցում է սուլթանական երկիր, իսկ Արցախը՝ ժողովրդավարական»: Կրկին դիմելով Սփյուռքի հայտնիներին՝ ՀՀԿ խոսնակն ասաց. «Եկեք, հայեր ջան, տիկին Հրանուշի ասած՝ «Արի տուն» ծրագիրն է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ