ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ այսօր Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի դիվերսիոն գործողության առնչությամբ արած հայտարարությունը դրական է գնահատում: «Պարոն Բորդյուժան հստակ նշում է, որ Ադրբեջանի գործողությունները սադրանք են: Արդեն իսկ օպերատիվ-հասցեական հայտարարությունը դրական է: Խոսելով ԼՂՀ-ի մասին՝ նա նշում է «հանրապետություն» եզրույթը: Չեմ կարծում, որ դա վրիպակ է: ՀԱՊԿ-ի պես կառույցը նման վրիպակներ թույլ չի տալիս իր կայքում»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա կարծիքով՝ Բորդյուժայի խոսքը դիվանագիտական խիստ բառապաշարով արված հայտարարություն է եւ «պատժիչ քարտ»՝ Ադրբեջանին. «Դեղին է այն, թե կարմիր, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, ակնկալում ենք շատ խիստ, ՀԱՊԿ-ի հայտարարությունից էլ խիստ գնահատական նաեւ Մինսկի խմբի համանախագահներից: Ի վերջո, Ադրբեջանն այդպես է պատասխանում Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին»:
ՀՀԿ խոսնակի բնորոշմամբ՝ ժամանակն է, որ Մինսկի խմբի համանախագահությունն իրերը կոչի իրենց անուններով. «Ադրբեջանը խախտել է զինադադարի պայմանները, դիվերսիոն գործողություն իրականացրել: Մինսկի խմբի համանախագահությունից ակնկալում ենք հստակ՝ հասցեական գնահատական: Ընդհանուր գնահատականը կամ լռությունն ավելի լկտի են դարձնում Ադրբեջանին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ