«Վիգեն Սարգսյանը նիստի ընթացքում ներկայացրել է իրավիճակն առաջնագծում՝ Տավուշի մարզում: Ադրբեջանի այդ գործողությունն ապացուցում է, որ Ադրբեջանը շարունակում է մի քաղաքականություն, որը միտված է ոչ թե խաղաղության ամրապնդմանը, այլ ապակառուցողականությանը»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Չինարիի սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձին, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանի կատարած գործողությունը մարտահրավեր է տարածաշրջանի խաղաղության համար: «Դատապարտում ենք ու կարծում, որ միջազգային հանրությունը խստագույնս պետք է դատապարտի Ադրբեջանի այդ գործողությունը: Գտնում ենք, որ այսօրվա դիվերսիոն-ահաբեկչական գործողության ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հավելեց Էդուարդ Շարմազանովը:
Նա մատնանշեց այն փաստը, որ հայկական կողմում է գտնվում ադրբեջանական կողմի դիվերսանտի դին. «Ապացույցներն անհերքելի են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ Էդուարդ Շարմազանովը օրեր առաջ Արցախում առաջնագծում էր: